Հասարակություն

Գեներալ- գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի վերջին հանգրվանը՝ Եռաբլուրում

alisagevorgyan

«Եռաբլուր» պանթեոնում զինվորական արարողակարգով այսօր կայացել է նշանավոր պետական և ռազմական գործիչ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի  հուղարկավորությունը։ Գուրգեն Դալիբալթայանը ծնվել էր 1926 թվականի հունիսի 5-ին, Վրաստանում` Բոգդանովկայի՝ այժմ Նինոծմինդայի  շրջանի Մեծ Արագյալ գյուղում: Սովորել է Գորելովկայի միջն. դպրոցում: 1947-ին ավարտել է Թբիլիսիի հետեւակային ուսումնարանը:  1958-61 թթ. սովորել է Մոսկվայի Մ. Ֆրունզեի անվան զինվորական համազորային ակադեմիայում: 1947-1991թթ. ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում: 1971թ.-ին Գուրգեն Դալիբալթայանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: Հայաստանի համար բախտորոշ ժամանակաշրջանում` 1991 թ.-ին, Գուրգեն Դալիբալթայանը հայրենիքի կանչով եկավ  Հայաստան եւ զինվորագրվեց Հայաստանի Հանրապետության ազգային բանակի կազմավորման բարդ ու դժվարին գործին:

 

Խորհրդային զինվորականի հսկայական փորձը թիկունքում արդեն պահեստային ծառայության անցած Գուրգեն Դալիբալթայանը  հայերնիքի համար ճակատագրական պահին որոշեց վերադառնալ Հայաստան՝ իր փորձն ու գիտելիքները  փոխանցելու հայկական նորաստեղծ բանակի սպաներին: Արցախյան պատերազմում նա անձամբ ղեկավարել է մի շարք մարտական գործողությունների պլանների մշակման աշխատանքները: Եղել է ՀՀ Պաշտպանության կոմիտեի շտաբի պետ, 1991-92 թթ. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, 1992-93 թթ. պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, 1993-2006 թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական, իսկ 2000-2006 թթ. գլխավոր ռազմական տեսուչ:

Նրա զինվորական վաստակի գնահատականն են այն բազմաթիվ պետական և գերատեսչական պարգևները, որոնց արժանացել է գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանը: «Պատերազմի տարիներին նա անձնուրաց էր և խիզախ: Այդ ընթացքում տարածված կարծիք կար՝ որտեղ հայտնվում է Գուրգեն Դարբալթայանը, հաղթանակն այնտեղ անխուսափելի է»,- «Եռաբլուրում»՝ գեներալի հուղարկավորության սգո արարողության ժամանակ այսօր նշեց պաշտպանության  նախախար Սեյրան Օհանյանը։

Հայկական հանրագիտարանի տնօրեն Հովհաննես Այվազյանի խոսքով՝ տխրությանն ու հպարտությանը զուգահեռ գեներալի հայրենակից  ջավախցիներն այսօր նաև որբության զգացողություն են ապրում։ «Մեծ խորհուրդ կա նրանում, որ գեներալի աճյունն ամփոփվում է վաղուց սրբատեղի դարձած Եռաբլուրում՝ Զորավար Անդրանիկի  և մյուս հերոսների կողքին: Ուզում եմ հավատալ,  որ գեներալ-գնդապետի հայտնությունն այս պանթեոնում   մի քիչ ավելի կամրապնդի նրա դարերին պահ տված խաղաղությունն ու զորությունը»,- ասաց Հովհաննես Այվազյանը։

Back to top button