Տնտեսական

Տնտեսագետ.«ԱՊՀ տարածքում դոլարով առեւտրից հրաժարվելը տարիների աշխատանք կպահանջի»

hasmikdilanyan
Ուղիղ երկու տարի առաջ այս օրը ՀՀ նախագահը հայտարարեց մեր երկրի՝  քաղաքական ու տնտեսական վեկտորի փոփոխությունների մասին: ԵՄ-ին անդամակցելու փոխարեն Հայաստանը շարժվեց դեպի ԵՏՄ: Երկու տարի անց էլ  ճիշտ կամ սխալ ընտրության շուրջ  քննարկումները չեն դադարում: Քննարկումներին վերջին երկու օրերին ավելացավ նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝  ԱՊՀ տարածքում դոլարից հրաժարվելու առաջարկը:  Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը կարծում է, որ առաջարկը մի բան է, այն իրագործելը բոլորովին՝ այլ: Ի դեպ, տնտեսագետի հետ բանավեճին պետք է  մասնակցեր ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը, սակայն, նա բանավեճին չի մասնակցել՝ հիվանդ լինելու պատճառով:


Արժութային շուկայում տեղի ունեցող վայրիվերումները ուղղակի, թե անուղղակի ազդում են  հատկապես նախկին ԽՍՀՄ երկրների ազգային արժույթների վրա:  Աշխարհի շատ երկրներում է գերիշխում դոլարը:  Դոլարիզացիայի բարձր մակարդակ ունեցող Հայաստանն էլ չշրջանցեց  վայրիվերումներն  ու հայկական դրամի ժամ առ ժամ արժեզրկումը շարունակում է տնտեսագետների շրջանում անհանգստություն առաջացնել:  2,1 տրիլիոն վարկային պորտֆելի  60 տոկոսը  դոլարային  վարկեր են, ուստի և  տնտեսագետ  Վարդան Բոստանջյանը հայկական դրամի    արժեզրկումը  բնական է համարում ու պարզաբանում՝ դա միայն դոլարիզացվիայով չէ պայմանավորված, այլ նաև՝ այն մեծ ազդեցությամբ, որ մեր երկրի տնտեսության վրա ունի ՌԴ տնտեսությունը: Ուստի և որքան ՌԴ-ում  տնտեսության վիճակը վատանում է, ռուբլին գահավիճում է, այնքան էլ բացասական ազդեցությունը  մեր երկրում նկատելի է դառնում:

Մինչ ռուսական ռուբլին էլ հայկական դրամին զուգահեռ գահավիժում է,  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով առաջարկում է հրաժարվել դոլարից և եվրոյից որպես ԱՊՀ միջանկյալ արժույթ: Ռուսական լրատվամիջոցները փոխանցում են, որ Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության համաձայն կստեղծվի  մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել որպես միջանկյալ արժույթ օգտագործվող դոլարից ու եվրոյից փոխադարձ հաշվարկներում: «Համաձայնագրով նախատեսվում է կողմերի ռեզիդենտ բանկերի անմիջական մուտքը միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որ առաջարկում են ազգային առևտրային բանկերը»,-ասված է հաղորդագրության մեջ:

ՌԴ կառավարությունում գտնում են, որ դա կնպաստի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանն արտաքին առևտրի ոլորտում վճարումների և ֆինանսական ծառայությունների տրամադրման ժամանակ և այդպիսով նախադրյալներ կստեղծի ազգային արժույթների շուկայի լիկվիդայնության բարձրացման համար:

«Դոլարից հրաժարվելը մի հրովարտակով չի կարող  լինել», -ասում է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը ու պարզաբանում՝  «ԵՏՄ տարածքում միասնական արժույթին անցնելն էլ հեշտ չի լինելու»:

«Դա ասելով չի լինում, այլ  պահանջում է հետևողական  ու երկար աշխատանք՝ մինչև անգամ տարիների: Հասկանալի է, որ հիմնական սեփականությունը, հարստությունը դրսևորված է դոլարով կամ եվրոյով, բնականաբար  ղեկավարի մի հրովարտակը, որ հրաժարվում ենք  դոլարից կամ եվրոյից, ըստ էության հասարակ ձևով չի կարող տեղի ունենալ»:

Մեր երկրի տնտեսական  աճի մասին պաշտոնական հայտարարություններին  տնտեսագետը հակադարձում է շատ պարզ վիճակագրական  տվյալներով.

«Մինչև անգամ մատչելի ու էժանագին դպորցական պիտույքներ վաճառող տեղամասերում ընդհանրապես գնորդ չկա: Մեր քաղաքացին ըստ էության հիմա դժվարություն ունի մինչև անգամ հասարակ տետր գնելու: Եթե ես չեմ կարողանում երեխային կարգին դպրոց ուղարկել, և այդ պարագայում  ինձ ասում են, որ տնտեսական աճ կա, եթե դուք ուզում եք հավատալ, հավատացեք: Ոնց կարող է այդպիսի բան լինել»:

Այս  տարվա առաջին եռամսյակում  արձանագրված ներդրումների՝ երեք անգամ,  իսկ նախորդ տարի շուրջ 30 տոկոսով  նվազելը  տնտեսագետ Վարդան  Բոսատանջյանը հոռետեսական կանխատեսումներով է  մեկնաբանում ՝ «սա նշանակում է, որ ճգնաժամային երևույթներն ըստ էության  թակում են  մեր դուռը»:

Back to top button