Հասարակություն

Իմ անձնական կյանք եւ իմ կենցաղ տեսախցիկներով մի մտեք.Արմեն Աշոտյան

lenabadeyan
Հայաստանյան դպրոցներն այսօր դռները բացեցին շուրջ 400 հազար աշակերտի առջեւ եւ շուրջ քառասուն հազար առաջին դասարանցի մտավ դասարան:Ի դեպ՝ նախորդ տարվա համեմատ առաջին դասարանցիների թվի աճ կա. 2014 թվականին առաջին դասարան է ընդունվել 38 հազար աշակերտ: Բայց այս տարի գիտելիքի տոնը նշում ենք դեռեւս ոչ բոլոր խնդիրները հաղթահարած, խոստովանել է կրթության եւ գիտության նախարարը:  Դրանցից մեկն առնչվում է սոցիալական խնդիրներին, ինչի պատճառով ոչ բոլոր երեխաները հնարավորություն ունեն հաճախել դպրոց:

 

 

Այսօր տարբեր պաշտոնյաներ իրենց օրը սկսեցին դպրոցներում՝ շնորհավորանքի եւ խորհուրդների խոսքեր ուղղելով աշակերտներին: Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը առաջինն այցելեց իր հարազատ՝ Նոր Արեշի թիվ 45 հիմնական դպրոցը, որն ավարտել է տասնյակ տարիներ առաջ: Խոստովանում է, որ լավ հիշողություններ արթնացան:

«Վաղուց չեմ եղել իմ դպրոցում, վաղուց չեմ շփվել իմ որոշ ուսուցիչների հետ: Ցավոք, մի մասն արդեն չկա: Առաջին հայացքից, երբ մտա բակ հիշեսի այն պատուհանը, որից փախել էինք կենսաբանության դասից»:

Դպրոցական հիշողություններից վերադառնալով իրականություն՝ կրթության եւ գիտության նախարարը խոստովանեց, որ գիտելիքի տոնը նշում ենք դեռեւս ոչ բոլոր խնդիրները հաղթահարած: Դրանցից մեկն առնչվում է սոցիալական խնդիրներին, ինչի պատճառով ոչ բոլոր երեխաները հնարավորություն ունեն հաճախել դպրոց: Նախարարն՝ ինքը հստակ թիվ չի կարող նշել, ասում է՝ մարզերից մի թիվ են ներկայացնում, հասարակական կազմակերպությունները՝ մեկ այլ թիվ: Այս խնդիրը դեռ լուծման ճանապարհին է, ասում է նախարարը՝ խոստանալով, որ մինչեւ հոկտեմբերի 1-ը կփորձեն ճշգրտել իրական թվերը եւ դեպի դպրոց կուղղեն սոցիալական ծանր վիճակում գտնվող երեխաներին:

«Հիմնականում պատճառները սոցիալական են, այս ընթացքում բազմաթիվ դիմումներ ստացել ենք, փորձել ենք օգնել: Եվ իմ ընկերները, եւ նախարարության աշխատակազմը այս ընթացքում տասնյակ երեխաների է օգնել: Մի օրինակ, երեկ 50 կոմպլեկտ դպրոցական պայուսակ՝ գրենական պիտուքներով Հրայր Թովմասյանի եւ իմ անունից ուղարկել ենք Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր»:

Ի դեպ՝ վաղուց հայտնի է, որ կրթության եւ գիտության նախարարի երեխաները հաճախում են ոչ թե հանրակրթական, այլ՝ մասնավոր «Այբ» դպրոցը: Նախարարն այսօր էլ ստիպված եղավ պատասխանել, թե ինչու չի վստահում պետական դպրոցներին եւ ինչով է պայմանավորված մասնավոր դպրոց ընտրելու որոշումը:

«Այսօր չեմ ուզում դրան անդրադառնալ: Կարծում եմ, որ ամեն մի ծնող իր երեխայով կուրախանա: Պետական, ինչպես նաեւ ոչ պետական դպրոցներում ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ ամեն ընտանիքի երեխայի համար հնարավոր է գտնել կրթական ծառայություն: Իմ կենցաղային, ընտանեկան խնդիրների մեջ տեսախցիկներով, խնդրում եմ, մի մտեք»:

450 առաջին դասարանցի այսօր մուտք գործեց թիվ 45 հիմնական դպրոցը: Մի կրթօջախ, որը 79 տարվա ընթացքում հանրապետությանը տվել է ազգային հերոսներ, գիտնականներ, օլիմպիական չեմպիոններ, քաղաքապետ եւ, իհարկե, նախարար: Հոգ չէ, որ այսօրվա 6 տարեկանները դեռ կաշկանդվում էին խոսափողից, վաղը անկասկած դառնալու են պետությանը պիտանի քաղաքացիներ, թեեւ չեն պատկերացնում, թե ինչ են հիմա անելու դպրոցում, բայց հարցվածների մեծամասնությունը գիտի՝ հետագայում անպայման դառնալու են կամ բժիշկներ, կամ զինվորներ:

Իսկ դպրոցի ուսումնական տարին սկսվեց երդման արարողությամբ: Ուսուցիչները երդվեցին պատվով կրել ուսուցչի բարձր կոչումը՝ ամբողջությամբ նվիրվելով երեխաների կրթության ու դաստիարակության գործին: Դե իսկ առաջին դասարանցիների խոստումները շատ էին:

Back to top button