
Ընտրություններից հետո նորընտիր խորհրդարանը ձևավորվում է օրենսդրական հստակ պահանջներով և «Դոնթի բանաձև»-ով։ Թեև վերջինս բարդ հաշվարկ է ենթադրում, բայց նաև խորհրդարանում ապահովում է իշխանության և ընդդիմության հավասարակշռությունը։ Բանաձևը կոչվել է բելգիացի իրավաբան, մաթեմատիկոս Վիկտոր Դոնթի անունով։ Այս սկզբունքը դեռ 1792 թվականին առաջարկել է նաև ԱՄՆ ապագա նախագահ Թոմաս Ջեֆերսոնը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տեղերի բաշխման համար։ Այդ պատճառով Ամերիկայում այդ նույն մեթոդը հաճախ անվանում են նաև «Ջեֆերսոնի մեթոդ»։
Հայաստանի նորընտիր խորհրդարանում հենց սկզբից կարգ ու կանոն կփորձի հաստատել բելգիացի Դոնթը։ Սա՝ կեսկատակ։ «Դոնթի բանաձևն» ապահովում է, որ խորհրդարանական պաշտոններն ու տեղերը բաշխվեն քաղաքական ուժերի ստացած մանդատների քանակին խիստ համապատասխան և բացառում է մեծամասնության կողմից բոլոր ղեկավար պաշտոնների միանձնյա զբաղեցումը։
Ոչ Հայաստանի օրենսդրությունը, ոչ էլ «Դոնթի բանաձևը» չեն ենթադրում խորհրդարանից ընդդիմության բացակայություն։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը պարզաբանում է, որ ընդդիմության՝ մանդատներից հրաժարվելը կարող է տեղավորվել բացառապես քաղաքական դիրքորոշման տրամաբանության մեջ, այսինքն՝ եթե անգամ ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, ԱԺ-ն, միևնույն է, ձևավորվելու է։
«Ընդդիմությունը ինչ ուզի, կանի։ Հայաստանի Հանրապետությունը ազատ պետություն է, ուղղակի Սահմանադրությունը նման դեպքեր չի նախատեսում։ ԱԺ կանոնակարգով էլ քաղաքական բոյկոտի համար, որքան ես հիշում եմ, ունենք հստակ կարգավորումներ։ Այսինքն` քաղաքական հայտարարություն և այլն, և այլն, դա ԱԺ կանոնակարգով կա։ Այստեղ միակ խնդիրը կարող է լինել խորհրդարանի արդյունավետ գործունեությունը։ Այլ ուժ չի կարող գալ, վերջ։ Այսինքն՝ այն, ինչ ունենք, ունենք»։
Դոնթի բանաձևը Հայաստանում առաջին անգամ կիրառվել է 2007-ին, երբ խորհրդարանում այս բանաձևով առաջին անգամ պաշտոններ ստացան ոչ միայն իշխանական ուժերը, այլև ընդդիմադիր խմբակցությունները։
Ժամանակի ընթացքում, սակայն, անգամ Դոնթը չփրկեց Հայաստանի խորհրդարանը քաղաքական անկայությունից։ Ընդդիմությունը, միևնույնն է, ընտրեց բոյկոտի ճանապարհը և հրաժարվեց ղեկավար պաշտոններից։ Խորհրդարանական մեծամասնության հետ առճատման պայմաններում պայքարում էին այլ իրավունքների համար, ժամանակին բացատրում էր ընդդիմադիր Արամ Վարդևանյանը իշխանության ներկայացուցիչ Անդրանիկ Քոչարյանին։
Արամ Վարդևանյան․ – Եթե օրենքը նախատեսում է, որ ընդդիմությունը կարող է ներկայացնել կոնկրետ առաջադրում, դա ինքնին արդեն հակառակ դաշտում գործողին պետք է հենց Դոնթի բանաձևով, որը օրինականության սկզբունքի երաշխավորն է, սահմանափակի։
Անդրանիկ Քոչարյան -Ճիշտ եք ասում, բայց Դոնթի բանաձևը շանտաժի բանաձև չէ։ Դոնթի բանաձևը երկխոսություն գտնելու և պ արտադրանքից դուրս գալու բանաձև է։ Այնպես որ այստեղ և՛ ընդդիմությունը անելիք ունի, և՛ բնականաբար, իշխանությունը։ Շուտ թե ուշ կգտնենք այդ փակուղուց դուրս գալու ձևը, և այդտեղ պետք է նաև քայլ անի ընդդիմությունը»։
Հեռացող խորհրդարանում «Դոնթի բանաձևը» լիարժեք չգործեց։ Ինչպես կկարգավորի այն նոր խորհրդարանը, դեռ պարզ չէ թե՛ ընդդիմության դեռ անհայտ ռազմավարության, թե՛ ձայների վերահաշվարկի պատճառով։ Իրավագետ Նորայր Նորիկյանի կարծիքով՝ իրավիճակն էականորեն չի փոխվելու նոր խորհրդարանում, տեսնելու ենք այն, ինչ տեսել ենք 2021–26 թվականներին։
«Եկեք պարզ խոսենք․ որակական առումով մեր քաղաքական դաշտը չի առողջացել, ռազմավարական հարցերի քննարկման տեսանկյունից ոչ մի ռացիոնալ գաղափար չի քննարկվել»։
ԿԸՀ նախագահն էլ շեշտում է՝ ունենք այն, ինչ ունենք, և ոչինչ փոխել հնարավոր չէ։
«Մինչև ուրբաթ օրը մենք, ըստ էության, կիրականացնենք վերահաշվարկներ, ճշգրտման փուլերը։ Արդեն դրանից հետո կսկսենք վերջնական դիմում-բողոքների գնահատում, և արդեն ամսի 14-ին վերջնական արդյունքները կամփոփենք։ Հաջորդը․ ըստ էության, 5 օր դադար, որովհետև Ընտրական օրենսգիրքը արձանագրում է, որ քվեարկության արդյունքների ամփոփման վերջնաժամկետից հետո 5-րդ օրը, տվյալ դեպքում հունիսի 19 բողոքարկման օրն է Սահմանադրական դատարանում։ Այն օրն է, երբ ընտրության մասնակից քաղաքական ուժերը կարող են դիմել Սահմանադրական դատարան։ Եթե դիմեն ՍԴ, ուրեմն կգնանք Սահմանադրական դատարանում քննարկման և հաջորդ ճանապարհը արդեն ցույց կտա Սահմանադրական դատարանի որոշումը»։
Քաղաքական ուժերից «Հայաստան» դաշինքը արդեն հաստատել է, որ մտադիր է դիմել Սահմանադրական դատարան։ Կառույցի որոշման համար օրենքով տրված է 15-օրյա ժամկետ։ Եթե դատարանը ընդունում է բողոքը, ապա ասում է հետագա քայլերը, եթե չի ընդունում՝ ԿԸՀ-ն շարունակում է իր քայլերի բնականոն ընթացքը։
Ըստ ԿԸՀ նախագահի՝ օրենսդրությունը հստակ սահմանում է նաև մանդատների բաշխումը։
«Մենք քաղաքական ուժերին մի քանի օր ժամանակ ենք տալիս։ Ժամկետ կա կողմնորոշվելու, որպեսզի իրենք հնարավորություն ունենան ինքնաբացարկի։ Եթե որևէ մեկի, օրինակ, աշխատանքը անհամատեղելի է պատգամավորական գործունեության հետ և ինքը ցանկանում է մնալ իր այն աշխատանքին, որը այս պահին ունի, չի ցանկանում գնալ, ասենք, պատգամավորական գործունեության, կամ տվյալ դեպքում մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի դեպքում դա կարող է լինել, օրինակ, կառավարության անդամների, գործադիրի, ապագա պաշտոնյաների դեպքում։ Ժամկետը տրվում է, որ միանգամից ասեն, որպեսզի չգնան խորհրդարան, հետո Աժ նախագահին հրաժարական ներկայացնեն, այլ ինքնաբացարկ ներկայացնեն և վայր դնեն իրենց մանդատը»։
Ապագա կառավարությունը միանձնյա ձևավորելու իրավունքը կրկին «Քաղաքացիական պայմանագրինն» է։ Այսպես ասած ստվերային կաբինետ այս պահին ձևավորված չէ՝ վստահեցնում է կուսակցության անդամ, դեռ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
«Այդ հարցը ինձ չէ ուղղված, նմանատիպ քննարկում չենք ունեցել»։
Մանդատները ստանալուց հետո պատգամավորները սպասելու են օգոստոսի 2-ին։ ԿԸՀ նախագահի փոխանցմամբ՝ այդ օրն է ընկնում ԱԺ առաջին նիստը՝ կիրակի։
Խորհրդարանի կազմավորումից անմիջապես հետո երկրի նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին։ Իսկ վարչապետը նշանակումից հետո 5-օրյա ժամկետում ձևավորում է նախարարների կաբինետը՝ կառավարության ծրագիրը ներկայացնելով խորհրդարանի հաստատմանը։
Ընտրություններից հետո երկրորդ օրը գործադիրում հրավիրված խորհրդակցության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է․
«Նոր կառավարության ձևավորմանը դեռ ժամանակ ունենք` 2 ամիս։ Սա լավ է, որովհետև նախկինում երբեք այդքան ժամանակ չենք ունեցել կառավարություն ձևավորելու համար և աշխատանքները կազմակերպելու համար։ Ես կարծում եմ, որ լավ փուլ է, որպեսզի մենք ամփոփենք նախորդող շրջանում արվածը և պլանավորենք առաջիկա անելիքները»։
Մինչև նոր կառավարության ձևավորումը շատ աշխատանք կա՝ ասում է վարչապետը, մեծ մասը սկսվածի շարունակությունն է։




