
Ռուսաստանից ընտանիքով միայն քվեարկության նպատակով Հայաստան ժամանած և նույն օրը հետ վերադառնալու մասին հայտարարած ՀՀ քաղաքացի Հովհաննես Սահակյանի հրապարակած տեսանյութը սոցցանցերում մեծ քննարկումների տեղիք է տվել։ Սրան զուգահեռ հայտնի դարձավ, որ ռազմական ոստիկանությունը վարժական հավաքների ծանուցագրեր է հանձնել ՌԴ-ից ժամանած մի շարք քաղաքացիների։
Մի քանի օր շարունակ համացանցում ակտիվորեն մի տեսանյութ է տարածվում, որում ոմն Հովհաննես Սահակյան պատմում է, որ Մոսկվայից ընտանիքով Երևան է ժամանել հատուկ խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցելու համար։ Այնուհետև այդ քաղաքացին հայտարարում է, որ հենց նույն օրը վերադառնալու է, որպեսզի խուսափեն երկրում հնարավոր հետընտրական լարվածությունից․
«Եկել եմ ընտրությունների համար։ Մենակ չեմ եկել, ընտանիքով, բոլորով ենք եկել, որ ընտրենք։ Երեկոյան 7-ին անպայման վերադառնալու ենք. հենց նույն օրն էլ գնում ենք։ Քանի որ երեխաների հետ ենք, մտածում ենք՝ կարող է այստեղ իրավիճակը լարվի, դրա համար չենք մնա»։
Տեսանյութի շուրջ հանրային բուռն քննարկումներին զուգահեռ՝ տեղեկություններ հայտնվեցին, որ ռազմական ոստիկանությունը ծանուցագրեր է հանձնել վերջին օրերին Ռուսաստանից ժամանած մի շարք քաղաքացիների։ Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ այս գործընթացը տեղի է ունենում բացառապես օրենքի շրջանակում, քանի որ յուրաքանչյուր զինապարտ քաղաքացի, անկախ բնակության վայրից, օրենսդրական պարտավորություններ ունի պետության հանդեպ։
Թեմային ավելի վաղ անդրադարձել էր նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը։ Տարոն Չախոյանն ասել էր, որ արտերկրից ենթադրյալ ընտրակաշառքով քվեարկության եկած անձինք նույնպես պարտավոր են մասնակցելու զորահավաքներին․
«Երեկվանից ինչ-որ անհասկանալի քննարկումներ են սկսվել, թե այդ մարդիկ արդյո՞ք պետք է ներգրավվեն 25-օրյա վարժական հավաքներին, թե՞ ոչ։ Այո՛, պարտադիր պետք է ներգրավվեն»։
Հանրային այս քննարկումներին արձագանքելով՝ լրագրողները Զինված ուժերի գլխավոր շտաբի պետից հետաքրքրվեցին՝ արդյո՛ք Ռուսաստանից ժամանած քաղաքացիներին հավաքների տանելը չի ընկալվում որպես պատիժ, և ինչո՛ւ է բանակը թույլ տալիս նման ընկալման ձևավորումը։ Ի պատասխան՝ Էդվարդ Ասրյանը պարզաբանեց․
«Բանակը երբեք պատժիչ միջոց չի եղել, պետք է հպարտանանք ՀՀ բանակով, որտեղ մեր բոլորի զավակներն են։ Բանակի վարժական հավաքներին պետք է ընդգրկվի ՀՀ քաղաքացի հանդիսացող մարդը, պահեստազորայինը, ով մտնում է համապատասխան տարիքային շեմի մեջ, հաշվառված է ՀՀ տարածքում՝ Երևանի կամ մարզերի այս կամ այն զինկոմիսարիատներում։ Նրանք պետք է հերթականությամբ կանչվեն վարժական հավաքների։ Այդ վարժական հավաքներն անցկացվում են 2023 թվականից սկսած՝ ընդգրկելով ՀՀ տասնյակ հազարավոր քաղաքացիների, որոնք կատարել են իրենց պարտքը հայրենիքի հանդեպ։
Անդրադառնալով Ռուսաստանից հունիսի 7-ի ընտրությունների համար Հայաստան ՀՀ քաղաքացիներին վարժական հավաքների զորակոչելու մասին լուրերին ՝ ԶՈՒ ԳՇ պետն ընդգծեց․
«Անկախ նրանից, թե որ երկրից են ժամանում, զինվորական հաշվառում ունեցող ցանկացած ՀՀ քաղաքացու ժամանման դեպքում, որը ֆիքսվում է համապատասխան համակարգերով, զինկոմիսարիատն իրավունք ունի էլեկտրոնային տարբերակով նրանց ուղարկել ծանուցագիր վարժական հավաքների զորակոչվելու վերաբերյալ»։
Հարցին, թե ինչո՛ւ են վարժանքները մեկնարկել հենց ընտրությունների նախաշեմին, և ինչո՛ւ է դրանց մասին հայտարարվում հիմա, Էդվարդ Ասրյանը այսպես պատասխանեց․
«25-օրյա վարժական հավաքների անցկացման և դրանց ժամանակացույցի մասին բարձրաձայնվել է դեռևս 2026 թվականի հունվարի 1-ին, և ողջ գործընթացն իրականացվում է տարեսկզբից հաստատված պլանի համաձայն՝ մինչև օրս»։
Ըստ ԳՇ պետի՝ վարժանքները համատարած են և չունեն կոնկրետ թիրախավորում.
«Դրսից եկած ցանկացած անձ, անկախ նրանից՝ Ռուսաստանից է, թե այլ երկրից, ՀՀ տարածք մուտք գործելիս օպերատիվ կերպով ստանում է համապատասխան ծանուցագրերը, եթե ունի զինապարտության պարտավորություն։ Երբ հերթական վարժանքները անցկացվեն և ծանուցումեր տրվեն, դուք այդ մասին կիմանաք»։
ԶՈՒ գլխավոր շտաբի պետի կարծիքով՝ միայն մեկօրյա միջոցառման համար երկիր ժամանելն ու հեռանալը սխալ մոտեցում է, ուստի նման քայլի դիմող անձը չի կարող համարվել ՀՀ քաղաքացի։




