Ընտրություններ 2026ԿարևորՀասարակություն

Վերահաշվարկ 555 տեղամասային հանձնաժողովներում․ ընդդիմադիր ուժերը սպասում են արդյունքներին

Ընտրատարածքային 38 հանձնաժողովներից 17-ում ընտրության արդյունքների վերահաշվարկ է ընթանում։  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը  հայտնում է, որ դիմումների ընդունման ժամկետը լրացել է հունիսի 9-ին՝ ժամը 11-ին, և նույն օրը ժամը 12-ից սկսվել է վերահաշվարկը։ Ընդհանուր առմամբ  30 դիմում է ստացվել, որոնց հիման վրա վերահաշվարկ կիրականացվի  555 տեղամասային ընտրական հանձնաժողովում։  Ընտրական օրենսգիրքն այս գործընթացն ավարտելու համար 5 օր է նախատեսում։

Հանրապետության ընտրատարածքային 38 հանձնաժողովներից 17-ում  վերահաշվարկ է արվում։ Դիմումներ ներկայացրել են ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը, «Հայաստան»-ը և «Ուժեղ Հայաստան»-ը։ ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ ընդհանուր առմամբ 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ է ստացել։

Քվերակության հաջորդ օրը վերահաշվարկի համար դիմելու մասին հայտարարել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը նախնական արդյունքներով շուրջ 0,03 տոկոսային կետով չի հաղթահարել 4 % անցողիկ շեմը։

ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը  ֆեյսբուքյան գրառմամբ մի շարք ընտրատեղամասեր էր նշել, որտեղ հանձնաժողովի արձանագրության մեջ նշված տվյալը չի համապատասխանում ԿԸՀ կայքում հրապարակված թվին։ Ըստ ԲՀԿ խոսնակի, օրինակ, 27/7 ընտրատեղամասում հանձնաժողովի արձանագրության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 77 ձայն, մինչդեռ ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն։ Տոնոյանը գրառմամբ հետևյալ ամրագրումն էր արել․

«Նույնիսկ միայն մեկ ընտրատարածքում արձանագրված այս բացթողումը բավարար էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստանար այն լրացուցիչ քվեները, որոնք անհրաժեշտ էին 4 տոկոս ընտրական շեմը հաղթահարելու համար։ Սակայն մեր բացահայտած խնդիրները չեն սահմանափակվում միայն այդ մեկ դեպքով։ Բազմաթիվ այլ ընտրատարածքներում ևս արձանագրվել են տարբեր բնույթի բացթողումներ և խախտումներ, որոնց վերաբերյալ փաստերը ուսումնասիրվում են»։

«Միասնության թևերն»-ն էլ արձանագրել  է, որ իրենց ձայները գողացվել են Սյունիքում։

«Սյունիքի թիվ 35/24 ընտրատեղամասում «Միասնության թևերը» ստացել է 33 ձայն, իսկ ԿԸՀ կայքում հրապարակված է 5 ձայն»։

Քաղաքական ուժերի կողմից վերահաշվարկի պահանջի պայմաններում մինչև շաբաթավերջ հանրապետության մի շարք ընտրատեղամասերում կուսակցությունների ստացած ձայները վերահաշվարկվելու են՝ լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը։ Նա հայտարարել է, որ տարբեր տեղամասերում արձանագրված արդյունքների և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների միջև կան անհամապատասխանություններ։

«Ակնհայտ է, որ կան տեղամասերում արձանագրված արձանագրությունների և կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում տեղադրված տվյալների մեջ անհամապատասխանություններ։ Այսինքն՝ մենք տեղամասերից ունենք ստորագրված կնքված արձանագրություն, որտեղ արտացոլված են այլ տվյալներ, իսկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում այլ տվյալներ, օրինակ 27/26 տեղամասում սա Չարենցավանում է՝ «Հայաստան դաշինքը» ստացել է 112 ձայն, որ արձանագության մեջ ֆիքսված է, իսկ ԿԸՀ կայքում մեր դաշինքի դիմաց գրվում է 8 ձայն։ 29/39 տեղամասում 117 քվե արձանագրությունում ֆիքսված է, ԿԸՀ կայքում գրված է 80 քվե։ ԿԸՀ-ն սա համարում է տեխնիկական վրիպում»։

Վերահաշվարկից և ԿԸՀ-ի կողմից արդյունքների վերջնական հայտարարումից հետո «Հայաստան» դաշինքը դիմելու Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ընտրությունների արդյունքները։ Դրանք, ընդդիմադիր գործչի պնդմամբ, անցել են ոչ ազատ ու ոչ արդար պայմաններում։

«Այս հարցերի պատասխաններ ունենալուց հետո համապատասխան խորհրդակցություններ անցկացնելով նաև ընդդիմադիր քաղաքական գործընկեր ուժերի հետ, որովհետև կարծում ենք այդ որոշում պետք է լինի միասնական, հետո նաև մեր դիրքորոշումը վերջնական կհայտնվենք։ Մի բան ընդամենը այս պահին կարող եմ մեր հայրենակիցներին շատ հստակ ասել, որ մեր ցանկացած որոշում բխելու է ընդհանուր պայքարի տրամաբանությունից։  Մենք կիսում ենք և մտահոգությունները, որ հնչեցվում են, բայց ամեն ինչ սառը դատելով, իրավիճակը գնահատելով և պայքարի հաջողության և շարունակության տեսանկյունից է այդ որոշումը ընդունվելու։ Այստեղ շատ կարևոր է միասնական ընդդիմադիր որոշումը»։

Կվերցնի «Հայաստան» դաշինքը մանդատները, թե ոչ՝ կորոշեն ընդդիմադիր մյուս ուժերի հետ խորհրդակցություններից հետո։ Սաղաթելյանը, իր ձևակերպմամբ, «մի քանի ձայն ստացած քաղաքական ուժերին հորդորում է իրենց չթելադրեն, թե ինչ անեն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն էլ ֆեյսբուքյան եթերում է պարզաբանել, որ սպասում են վերահաշվարկի արդյունքին և ըստ դրա այն հարցի պատասխանին, թե արդյոք ԲՀԿ-ն կհաղթահարի անցողիկ շեմը։ Սա էական հարց է որոշ խնդիրներ խորհրդարանում լուծելու համար՝ ասում է Նարեկ Կարապետյան․

«Եթե ընդդիմությունը, եթե մենք կարողացանք այնպես անել, որ դատարանի նախագահները նշանակվեն ընդդիմության ձայնը հաշվի առնելով, դա հավասարակշռություն կապահովի և  քաղբանտարկյալների հարցը այդ կերպ կփորձենք լուծել։ Եթե տեսնենք, որ արդյունք չի լինելու, հանդես կգանք հայտարարությամբ»։ Իշխանության փոփոխության համար երկու տարբերակ կա, մեկը ընտրությունն է, մյուսը փողոցային սահմանադրական ճանապարհով պայքարը։ Փողոցային պայքարի արդյունքում պետք է ԱԺ պատգամավորների մեծամասնությունը  քվեարկի փոփոխության օգտին։ Ընդամենը 8 պատգամավոր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից եթե փոխիր դիրքորոշումը՝ Փաշինյանը կորցնում է աթոռը»։

Ընտրությունների նախնական արդյունքներով՝ խորհրդարան է անցնում երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ընտրողների ձայների  49,8 տոկոսով, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 23,3 տոկոսով, և «Հայաստան» դաշինքը՝ 9,9 տոկոսով։ Անցողիկ՝ 4 տոկոս շեմը հաղթահարելուն մոտ է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ Կհաղթահարի, թե ոչ՝ պարզ կլինի ձայների վերահաշվարկից հետո։ Ընտրական օրենսգիրքն այս գործընթացն ավարտելու համար 5 օր է նախատեսում։ Վերահաշվարկի արդյունքների ներկայացման վերջնաժամկետը հունիսի 12-ն է։

Back to top button