ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Երբ երգում է դահլիճը. Լարա Ֆաբիանը Սիմֆոնիկ նվագախմբի հետ մեկ բեմում

15 տարի անց ֆրանսիացի լեգենդար երգչուհի Լարա Ֆաբիանը վերադարձավ Երևան։ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել աշխարհահռչակ երգչուհի Լարա Ֆաբիանի մենահամերգը։ Ֆրանսիական երգարվեստի լեգենդը հանդիսատեսին ներկայացել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։

Սիրո մասին նա երգում է բազմաթիվ լեզուներով, իսկ նրա կատարմամբ յուրաքանչյուր ստեղծագործություն անմիջապես արձագանք է ունենում հանդիսատեսի սրտում։ Նա երգում է՝ պատմելով սեփական կյանքի մասին։

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ բեմում աշխարհահռչակ Լարա Ֆաբիանն է՝ դիզայներ Արմինե Օհանյանի ստեղծած բեմական հագուստով, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարում է դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։  

Այս երեկոն պարզապես միայն երաժշտական չէր։ Հանդիպում էր, որը ժամանակ առ ժամանակ վերածվում էր անկեղծ ու մտերմիկ զրույցի՝ հանդիսատեսի հետ։ Երգչուհին խոսեց իր երգերի մասին, պատմեց 17 տարեկանում կոտրված իր սրտի պատմությունը․

«Ես 17 տարեկան էի, նոր էի սկսում երգեր գրել, և ինձ խնդրեցին մասնակցել մի մրցույթի… Ներկայացնում էի Իռլանդիան։ Դա իմ առաջին մեծ փորձառությունն էր հսկայական լսարանի առջև, իսկ ես դեռ երեխա էի։ Բայց ես այնտեղից վերադարձա կոտրված սրտով։ Իսկ կոտրված սիրտը հրաշալի ներշնչանք է»։

Հետո արդեն խոսեց իր մեծ ներշնչանքի մասին։ Ասաց, որ ճանաչել է Շառլ Ազնավուրին, որին համարում էր իր դատապաշտպանը։

Ֆաբիանի կողքին էր նրա երկարամյա գործընկերը՝ դաշնակահար Էմանուել Փիթուանին։ Երգչուհին և նա գործակցում են արդեն 20 տարի։ Ասաց, որ դաշնակահարն իր կողքին է եղել թե՛ վերելքների ժամանակ, թե՛ բարդ և ծանր օրերին, և այժմ դարձել են բարեկամներ։

Սակայն երաժշտական այս կտավն ամբողջական չէր լինի առանց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի․ «Իսկական հաճույք է, երբ հնարավորություն ունես նման մակարդակի նվագախմբի հետ հայտնվելու նույն բեմում։ Դու ուղղակի սավառնում ես նրանց հետ»։

Համերգային ծրագրի յուրաքանչյուր կատարում անցած ճանապարհի, սիրո և անսահման հույսի մասին էր․ «Ուր էլ լինես, որքան էլ թվա, թե մութ է, չպետք է հանձնվես, այլ պետք է փնտրես լույսը»։

Հետո արդեն հանդիսատեսին փոխանցեց իր կյանքի գլխավոր գաղտնիքներից մեկը՝ երեք օրհնությունների կանոնը․ «Կա մի շատ պարզ կանոն։ Երբ զգում եք, որ ինչ-որ բան պակասում է ձեր կյանքում, հաշվեք երեք բան, որոնք դուք արդեն ունեք։ Եվ կտեսնեք, որ այդ պակաս թվացող բանը Ձեր ունեցածի շնորհիվ կանհետանա։ Դուք իմ օրհնությունն եք։ Դուք այն երեք բաների մի մասն եք, որոնք ես միշտ փայփայում եմ»։

Իսկ երեկոյի ամենատպավորիչ հատվածն այն էր, երբ հնչեցին Je t’aime երգի առաջին ակորդները։ Դահլիճն ասես պայթեց ծափահարություններից։

Իսկ Malade երգի ժամանակ Ֆաբիանը դադար տվեց՝ առաջարկելով երգել իր փոխարեն, ու հետո ընթացքում միացավ հազարավոր ձայներին։

Լեցուն դահլիճը երգչուհուն ճանապարհեց երկարատև ու հոտնկայս ծափահարություններով։

Համերգը կազմակերպել էին Mezzo Production-ը և Eventpro ընկերությունը:

Կարդացեք նաև

Back to top button