
Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Ալեքսանդրուպոլիի քաղաքապետ Յաննիս Զամբուկիսի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության զարգացման, քաղաքային գործընկերությունների հաստատման և տնտեսական կապերի ընդլայնման հարցեր։ Դեսպան Մկրտչյանը կարևորել է Ալեքսանդրուպոլիի և Հայաստանի քաղաքների միջև համագործակցության հաստատման հնարավորությունը՝ ներկայացնելով նաև Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը և «ԹՐԻՓՓ» նախագիծը։
Քննարկվել են կրթական, մշակութային և նորարարական ոլորտներում համագործակցության հեռանկարները։ Այս համատեքստում դեսպան Մկրտչյանը ներկայացրել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեությունը և առաջարկել է շարունակել քննարկումը Ալեքսանդրուպոլիում նման կենտրոնի ստեղծման վերաբերյալ։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև քաղաքների միջև կրթական և մշակութային կապերի խորացման, համատեղ միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման հնարավորությունների շուրջ։
Քաղաքապետ Յաննիս Զամբուկիսը պատրաստակամություն է հայտնել զարգացնելու համագործակցությունը Հայաստանի գործընկեր քաղաքների հետ և աջակցելու համատեղ նախաձեռնությունների իրականացմանը։ Նա նաև կարևորել է քաղաքում հայերի երկարամյա և նշանակալի դերակատարությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև Սալոնիկում ՀՀ պատվավոր հյուպատոս Ակիս Դանգազյանը և Ալեքսանդրուպոլիի քաղաքապետարանի գլխավոր քարտուղար Յաննիս Բոգդիսը։




