
«Գեղարդ» վերլուծական հիմնադրամի և Լեհաստանի Սելդցեի համալսարանի գործակցությամբ Երևանում տեղի է ունեցել միջազգային աշխատաժողով։ Քննարկումների առանցքում երկու հիմնական թեմաներ են եղել՝ «Ինքնություն, պետականաշինություն, միֆաստեղծում․ էթնոքաղաքական գործընթացների վայրիվերումները Հարավային Կովկասում 20-րդ դարում» և «Պետականությունը և նրա ձևերը Հայաստանում ու հարակից երկրներում»։
Հայ, լեհ ու վրացի մի խումբ գիտաշխատողներ քննարկում են 20-րդ դարում Հարավային Կովկասում ժողովուրդների ինքնությանը, պետականաշինությանը, միֆաստեղծմանը վերաբերող պատմագիտական հարցեր։ «Գեղարդ» հիմնադրամի գիտաշխատող Գոռ Մարգարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝ թեև աշխատաժողովը նվիրված է 20-րդ դարի իրադարձություններին, քննարկվող թեմաները ավելի քան արդիական են այսօր, երբ պատմական իրադարձություններն ու փաստերը պարբերաբար աղավաղվում են միջազգային հարթակներում․

«Երբեմն մեզ թվում է, հատկապես գիտական շրջանակներին թվում է, որ հակահայկական, հակագիտական այդ թեզերը կարող են ծիծաղելի թվալ, դրանք ուշադրության պետք չէ արժանացնել, բայց հանուն արդարության պետք է ասել, որ մեր հարևանները արդեն արևմտյան գիտական շրջանակներում խոշոր հրատարակչությունների կողմից հրատարակում են, ընդ որում՝ լրջագույն հրատարակչությունների կողմից՝ Քեմբրիջի հրատարակություն, Օքսվորդյան հրատարակություն, անգլալեզու ինդեքսավորվող շտեմարաններում շարունակում են իրենց կեղծ ու հակագիտական պնդումները, առ այն, որ Երևան չէ, այլ «Իրևան», և որ հայերը պետականություն չեն ունեցել և այստեղի տեղաբնակներ չեն, որ սա իրենց հայրենիքն է»։
Պատմագիտությունը չի կարող որևէ ժողովրդի սեփականությունը լինել՝ ասում է Գոռ Մարգարյանը։ Նա կարծում է, որ Հարավային Կովկասի նման բարդ տարածաշրջանի պատմության հարցերը պետք է քննարկվեն ազգային մոտեցումներից ու քաղաքական հայացքներից դուրս։
Աշխատաժողովի բաց հրավերը տեսել են նաև ադրբեջանցի գիտնականները, սակայն չեն մասնակցում ոչ միայն Հայաստանում, այլև ուրիշ երկրներում, օրինակ, Վրաստանում կազմակերպվող նման աշխատաժողովներին՝ ասում է Մարգարյանը․
«Եթե ադրբեջանցի գիտնականները վստահ լինեն իրենց ուժերին, իրենց առաջ քաշած թեզերի իսկությանը կամ վստահ են իրենց անաչառությանը կամ վստահ են, որ կարող են հա հանդես գալ գիտության և ոչ թե հակագիտության տեսանկյունից, վստահ եմ, որ կարող են մասնակցել քննարկումներին»։
Ուշագրավ է, սակայն, որ թեև այդ երկրի գիտնականները հրաժարվում են դեմ առ դեմ քննարկումներից, պարբերաբար բողոքում են «Գեղարդ» հիմնադրամի վերլուծություններից ու հրապարակումներից․
«Ըստ երևույթին, հեշտ է իրենց համար, որովհետև պատասխանող կողմը անմիջապես չի արձագանքում, բայց հեռավար իրենց արձագանքները արդեն վերածվել են նրան, որ Գիտությունների ադրբեջանական ակադեմիան բողոքում էր, թե «Գեղարդ» հիմնադրամը ինչո՞ւ է օտարերկրյա հրատարակչություններին բողոքի նամակներ հղում և փորձում կասեցնել ադրբեջանցի հեղինակների հակագիտական հրապարակումները։ Ըստ երևույթին, դժվարությունների են արդեն հանդիպում հիմնադրամի գործունեության արդյունքում և չեն կարողանում ուղղակի հեշտությամբ տարատեսակ զարտուղի ճանապարհներով տպագրություններ անել և ռուսալեզու, անգլալեզու, չինարեն, արաբերեն հրապարակումներում աշխարհին պնդել իրենց հորինված թեզերը»։
«Գեղարդ» հիմնադրամի վերլուծաբան Անուշ Հարությունյանը նկատում է՝ թյուր կարծիք կա, որ 20-րդ դարի Հարավային Կովկասի բոլոր իրադարձությունները ուսումնասիրված են, որոշ թեմաներ՝ սպառված։ Սակայն, ըստ նրա, դա փակուղային մոտեցում է, որովհետև բազմաթիվ հարցեր դեռևս չունեն իրենց ճշգրիտ պատասխանները․
«Այսօր Ադրբեջանը 1918 թ․-ին ստեղծված Ադրբեջան ժողովրդական Հանրապետությունը բնորոշում է որպես Արևելքի մուսուլմանական աշխարհի առաջին ժողովրդավարական պետություն, մինչդեռ մենք հստակ հակափաստարկներ ունենք, որ այդ պետությունը, իր անվանումից սկսած, ոչ թե ժողովրդավարական էր, այլ ժողովրդական, քանի որ Խադ Ջումրիթին Ադրբեջանից թարգմանվում է ոչ թե ժողովրդավարական, այլ ժողովրդական։ Դրանք ամենևին հոմանիշներ չեն։ Եվ մյուս կողմից՝ սա Արևելքի առաջին պետությունը չէր, 1917 թ․-ին դեռևս Ղրիմի թաթարները հռչակել էին դարձյալ ժողովրդական պետություն, հանրապետություն, որը թեև կարճ կյանք ունեցավ, սակայն իր էությամբ մուսուլմանական աշխարհում առաջինն էր»։
Լեհաստանի Սելդցեի համալսարանի գետաշխատող Կատարժինա Մակսիմիուկի ուսումնասիրության հիմնական առարկան հնագույն պատմությունն է։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նա ընդգծում է, որ վերջերս սկսել է հետաքրքրվել Կովկասի ու հատկապես Հայաստանի անցյալով․
«Քրիստոնեությունն այստեղ 304 թվականին է ընդունվել, իսկ Հռոմում՝ 10 տարի անց։ Լեհաստանում՝ ավելի ուշ։ Ձեր մշակույթն ու կրոնը շատ հետաքրքիր են պատմագիտության տեսանկյունից։ Ահա թե ինչու եմ ուսումնասիրում Հայաստանը»։
Աշխատաժողովի կազմակերպիչները վստահ են, որ դա գործակցության նոր հնարավորություններ է բացելու ոչ միայն տարածաշրջանի, այլև ուրիշ երկրների գիտնականների համար, որոնք հետաքրքրված են քննարկվող թեմաներով։ Այս տարվա սեպտեմբերին «Գեղարդ» հիմնադրամն ու Թբիլիսիի պետական համալսարանը Երևանում նաև հայ-վրացական գիտաժողով են հրավիրելու։




