ԿարևորՔաղաքական

Ու՞մ կարիքներն է գնահատելու ՄԱԿ-ի առաքելությունը հայաթափված Արցախում

ՄԱԿ-ի առաքելության այցն Արցախ հիմնականում անիմաստ են համարում հայ փորձագետները։ Նրանց համար անհասկանալի է, թե ինչպես պետք է առաքելությունը գնահատի հումանիտար վիճակը Արցախում, եթե այնտեղ այլևս հայ չի մնացել։ Աակայն ոմանք այլ հաշվարկներ են տեսնում այդ քայլի մեջ, մասնավորապես, ռուս խաղաղապահների՝ տեղում գտնվելու անիմաստությունը ցույց տալու առումով։

«Արցախյան խնդրի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսեսուս: Դրա մաս են ոչ միայն ՌԴ-ն, այլև հենց Արևմուտքը»,– համոզված է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը: Որպես ասվածի հիմնավորում, Հայրապետյանը շեշտում է ՄԱԿ առաքելության ժամանումը Արցախ։ Փորձագետի կարծիքով միջազգային այդ կառույցում փաստորեն սպասել են, որ ողջ բնակչությունը հեռանա, Ադրբեջանը մի «մարդասիրական» բեմականացումներ անի ու հետո միայն մեկնեն Արցախ։

«Չէ՞ր կարող այդ առաքելությունը մեկ ամիս առաջ մտներ՝ դրանով իսկ բազմաթիվ մարդկային զոհեր ու աղետներ կանխելով, չէ՞ որ արդեն տևական ժամանակ է կոչեր էին անում, որ դրա կարիքը կա»,–գրում է Հայրապետյանը սոցցանցում։

Նույն կերպ են բացատրում ՄԱԿ առաքելության ուշացած այցը նաև «Ռադիոլուրի» զրուցակիցները։ Արցախցի փորձագետ Հրաչյա Արզումանյանը անիմաստ է համարում առաքելության ժամանումը, երբ տեղում արդեն արցախցիներ չկան․

«ՄԱԿ իր լռությամբ նպաստել է այս իրավիճակին, և հենց այդ լռությունն ու անգործությունն է եղել պատճառը, որ այսօր Արցախում որևէ բնակչություն այս պահին չկա, նույնիսկ ադրբեջանական բնաչկություն ԼՂ այս պահին չկա, և այդ առաքելությունը իմաստազուրկ է այդ առումով»։

ՄԱԿ–ի պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ առաքելությունը ժամանել է Լեռնային Ղարաբաղ, նպատակ ունենալով տեղում ծանոթանալու իրավիճակին և որոշելու մարդկանց հումանիտար կարիքները:

Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը զավեշտալի է համարում այդ ձևակերպումը․

«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ առաքելությունը նոր մուտք է գործում Արցախ՝ գնահատելու բնակիչների հումանիտար կարիքները, կներեք ո՞ր բնակիչների։ Եթե գրեթե ամբողջությամբ հայաթափված է Արցախը, և այնտեղ մի քանի հարյուր քաղաքական գործիչներ ու սպաներ են մնացել, խոսքը նրա՞նց մասին է, նրա՞նց կարիքներն է գնահատելու ՄԱԿ-ը։ Ասվում է, որ իրենց շուրջ 30 տարի չի հաջողվել մուտք գործել ԼՂ ու այդ առումով իրենց այցը շատ կարևոր է, այսինքն՝ հիմա նոր կարևո՞ր է։ Այն որ ՄԱԿ–ը 30 տարի չի կարողացել այցելել ԼՂ աբսուրդ է, նոնսենս է, որովհետև ոչ ոք երբևէ արգելք չի հանդիսացել, չի սահմանափակել նման վերպետական կառույցի մուտքն Արցախ ու ոչ ոք առիթ չի ստեղծել, որ ՄԱԿ-ը ինքնակամ ուզենա գալ տարածաշրջան ու մասնավորապես Արցախ ու նրա առաջ խոչընդոտներ ստեղծեն ու ներս չթողնեն»։

Առաքելության կազմում ընդգրկված են ՄԱԿ-ի տարբեր ներկայացուցիչներ: Կազմակերպության խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտնում է, որ առաքելությունը գլխավորում է Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Վլադանկա Անդրեևան և ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակի տնօրեն Ռամեշա Ռաջասինգհամամը, առաքելության կազմում են նաև ՄԱԿ-ի այլ գործակալությունների ներկայացուցիչներ ևս։

Ֆրանսիական «La Figaro» պարբերականի փոխտնօրեն Ժան-Քրիստոֆ Բյուսոնը «X»-ի իր միկրոբլոգում կոշտ քննադատության է ենթարկել առաքելության ուշացած այցը ԼՂ․

«ՄԱԿ-ի շատ, շատ, շատ օգտակար առաքելություն՝ Արցախի անապատու՞մ, այժմ, երբ նրա գրեթե բոլոր հայ բնակիչները հալածվել են ադրբեջանցիների կողմից, և երբ այնտեղ ոչինչ չկա պաշտպանելու՝ բացի հորթերը, կովերը և խոզերը»,-տարակուսած գրել է ֆրանսիական պարբերականի փոխտնօրենը։

Արցախցի փորձագետ Ժիրայր Ազիզյանի կարծիքով՝ չի բացառվում, որ ՄԱԿ առաքելությունը խեղաթյուրված փաստեր արձանագրի, այսինքն այն, ինչ ներկայացնի ադրբեջանական կողմը․

«Արցախցիների տեղահանումների ընթացքում ադրբեջանական զլմ-ները հարցազրույցներ էին «խնդրում» հայ բնակչությունից, ինչ-որ տեղ պարտադրելով, որպեսզի ադրբեջանական սցենարով, խեղաթյուրված ներկայացնեն իրողությունները և ներկայացնեն, որ ոչ թե նրանք իրենց կամքով են լքում իրենց բնակավայրերը, այլ հենց ղեկավարության ճնշումների ներքո են այդ որոշումը կայացրել, այդպիսով փորձելով միջազգային հանրությանը ցույց տալ, որ իրենք փորձել են անել ամեն ինչ, որպեսզի Արցախում մնա տեղի հայ բնակչությունը, բայց Արցախի ղեկավարությունը ճնշել է նրանց, և նրանք իրենց կամքին ենթարկվելով լքել են իրենց բնակավայրերը»։

ՄԱԿ առաքելության այցը Արցախ կդառնա՞ զեկույց կամ հայտարարություն, փորձագետները դժվարանում են ասել, սակայն հաշվի առնելով միջազգային հանրության լուռ համաձայնությունը, որևէ հայանպաստ ձևակերպում չեն սպասում։

Ուշագրավ է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան վերլուծությունը ՄԱԿ առաքելության մասին։ Նրա կարծիքով՝ «առաքելության պատրաստակամությունը պայմանավորված է գլխավորապես ռուսական ներկայության դեմ ավելի աշխույժ աշխատելու նկատառումով՝ միաժամանակ չվնասելով Ադրբեջանի շահերը: Այլ կերպ ասած, Բաքվին թույլ տրվեց իրականացնել էթնիկ զտումը, իսկ դրա դիմաց էլ Բաքուն թույլ է տալիս ՄԱԿ-ի մուտքը Արցախ, քանի որ դա նաև Բաքվին է օգտակար ռուսական խաղաղապահ ներկայության իմաստը հնարավորինս իմաստազրկելու կամ արժեզրկելու համար, այդ կերպ էլ նոր իրավիճակում փորձելով շահավետ առևտուր անել ռուսների ու Արևմուտքի միջև, կարծում է վերլուծաբանը:

Ի դեպ՝ ռուս խաղաղապահների կողմից Հայաստանից Ստեփանակերտի հացի գործարան ավելի քան 15 տոննա ալյուր հասցնելու մասին տեղեկությունը ևս տարօրինակ են համարում «Ռադիոլուրի» զրուցակիցները։ ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ նշվում էր, որ ալյուրը Ստեփանակերտ է հասցվել Արցախում մնացած բնակչության համար հաց թխելու համար։ Ու՞մ է հարկավոր այդ ալյուրը, երբ տեղում այլևս բնակչություն չկա, ասում են փորձագետները, ռուսների այդ քայլը զուտ հռչակագրային որակելով, այսինքն, որ հնարավոր լինի ներկայացնել, թե իբր կարողացել են ալյուր հասցնել մոտ 9 ամիս շրջափակման մեջ գտնվող արցախահայությանը։

Back to top button