ԿարևորՀասարակություն

Ժամկետայինների շարքերը համալրում են կանայք. զինված ուժերում նոր գումարտակ է կազմավորվում

Պաշտպանության նախարարությունը կանանց զինվորական պատրաստվածութունը բարձրացնելու նպատակով կամավոր հիմունքներով վեցամսյա ժամկետային ծառայության նոր ծրագիր է առաջարկում 18-27 տարեկան կանանց ու աղջիկների համար: Ժամկետային ծառայության ավարտից հետո նրանք 1 մլն դրամ պատվովճար կստանան, իսկ ցանկության դեպքում կարող են անցնել պայմանագրային զինծառայության՝ 5 տարով: Կանանց գումարտակը համալրելու նպատակով ՊՆ ներկայացուցիչները եղել են Արմավիրի մարզի մի քանի համայնքներում, ներկայացրել ծառայության պայմանները:

Զորանոցի փոխարեն 4 տեղանոց հարմարավետ սենյակներ կանանց գումարտակի ծառայողների համար: Մինչև շինարարությունը կավարտվի, կանանց նորաստեղծ գումարտակը կամավորության հիմունքներով վեցամսա ժամկետային ծառայություն է առաջարկում, որից հետո ծառայությունը կարող են շարունակել զինված ուժերում «Պաշտպան հայրենյաց ծրագրով»:

ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության իրավաբանական բաժանմուրնքի պետ Արսեն Քաղցյան. «Օրենքով նախատեսված տարիքային խումբը 18-ից մինչև 45 տարեկան կանայք են, իսկ եթե ծառայել են և հիմա նորից ներգրավվում են, ապա մինչև 50 տարեկան: Օրինակ՝ կինը նախկինում ծառայել է զինված ուժերում, հետո ինչ որ պատճառներով զորացրվել է և հիմա նորից վերականգնվում է, ապա նրանց համար սահմանված է մինչև 50 տարեկան, սկսնակների համար՝ 45 տարեկան»:

Գումարտակը կազմված է 2 ստորաբաժանումից՝ պայմանագրային և ժամկետային: Ժամկետային պարտադիր զինծառայությունն անցկացվում է 6 ամսով, որից հետո տրվում է 1 մլն դրամ պատվովճար:

ԶՈՒ սպա, մայոր Հարությունյան. «Գումարտակի խնդիրը լինելու է զուտ մարտական պատրաստությունը, այսինքն՝ ուսուցումը: Նրանք սովորելու են զինվորական գործ, մարտավարություն, ֆիզիկական, կրակային և շարային պատրաստության վիճակն են բարձրացնելու, լինելու են պատրաստված զինծառայողներ»:

Կանանց գումարտակում սպայական բարձրաստիճան կազմից մինչև շարքային ծառայողները լինելու են բացառապես կանայք: Պայմանագրային ծառայության ընթացքում նրանք մարտական պատրաստություն են անցնելու մինչև օրվա կեսը և ստանալու են համեմատաբար բարձր աշխատավարձ.

«Պայմանագրային ծառայության համար մենք առաջարկում ենք կես աշխատանքային օրվա ծառայություն՝ բազային 120 000-130 000 դրամ աշխատավարձ, «բավարար» ատեստավորման դեպքում դրան կգումարվի 160 000 դրամ, «լավ» ատեստավորման դեպքում՝ 240 000 դրամ, իսկ «գերազանցի» դեպքում՝ մինչև 300 000 դրամ»:

 Պայմանագրային ծառայողները, ներգարվվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրում, իրենք են որոշում ծառայության վայրը, հնգամյա ծառայությունից հետո ստանում են 5 մլն դրամ պատվովճար: Ժամկետային զինծառայողները կարող են ուսումը շարունակել ռազմամարզական ուսումնական հաստատություններում, ստանալ սպայի կոչում:

ՊՆ կադրային և ռազմակրթական քաղաքականության գլխավոր վարչության պայմանագրային բաժնի պետ, փոխգնդապետ Գարիկ Սարգսյան. «Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա կամ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարան ընդունվել, ավարտելուց հետո զինծառայողը Երևանում ստանում է երեք սենյականոց բնակարան»:

Պայմանագրային զինծառայողների համար սահմանված են մի շարք արտոնություններ ու սոցիալական երաշխիքներ: Զինծառայողներն արտոնյալ պայմաններով կարող են հիպոթեքով բնակարաններ գնել:

Զինծառայողների սոցիալական վարչության գլխավոր խորհրդատու, պահեստազորի փոխգնդապետ Մխիթար Մխիթարյան . «Առաջնային շուկայից բանկը տրամադրում է մինչև 28.5 մլն դրամ՝ 11 տոկոսադրույքով, որից 5 տոկոսը պետությունն է սուբսիդավորում, իսկ 6 տոկոսը մարվում է եկամտահարկով: Երկրոդային շուկայից բնակարան ձեռք բերելու դեպքում պայմանները մի քիչ զիջում են առաջնային շուկային. 13 տոկոսով է տրվում հիպոթեքը, որից՝ 5 տոկոսը դարձյալ պետությունն է սուբսիդավորում, 6 տոկոսը՝ զինծառայողն է մարում»:

Հայկական բանակում ներմուծվող նոր ծրագրի մասին Խոյ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարների կարծիքները տարբեր են։

Աղավնատուն գյուղի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մարտիրոսյան. «Լավ ծրագիր է, եթե ցանկացողներ լինեն մասնակցելու, որովհետև չգիտենք, թե այս պայմաններում կհամաձայնվեն մասնակցել ծրագրին, թե ոչ: Ամեն դեպքում մենք գյուղում կիրազեկենք: Մենք բանակում կին ծառայողներ ունենք, ինձ թվում է դիմորդներ կլինեն»:

Հովտամեջ գյուղի վարչական ղեկավար Սուրեն Նավասարդյան. «Մենք կիրազեկենք, թե ինչ արձագանք կլինի՝ ժամանակը ցույց կտա: Մեր երկրի առջև ծառացած խնդիրներից ելնելով, կարծում եմ՝ անհրաժեշտ է կանանց մարտական պատրաստությունը»:

Առաջարկվող փոփոխություններին համամիտ չէ Դաշտ գյուղի վարչական ղեկավար Սերյոժա Գևորգյանը. «Եթե հնարավորություն ունենք լավ պայմաններ առաջարկել կանանց գումարտակ ստեղծելու համար, ապա մենք այսօր շատ խնդիրներ ունենք հենց ժամկետային զինծառայողների հետ կապված, թող այդ գումարներն այնտեղ ուղղեն: Մենք ունենք զինծառայողներ, որոնք 50-100 հոգով միասին են ապրում և կարելի է իրենց պայմանները բարելավել: Հա, ունենալ մարտական պատրաստություն, զենքի հետ վարվելաձև և այլն, դա կարևոր է. մեր վիճակում տան կինն էլ կրակել իմանա՝ վատ չէ »:

Կանանց գումարտակն արդեն ստեղծվել է և աստիճանաբար համալրվում է 18-27 տարեկան աղջիկներով: Վեցամսյա պատրաստությունից հետո ծառայությունը շարունակել չցանկացողները զորացրվում են պահեստազոր:

Back to top button