

Հարավային Կովկասում վերջին զարգացումներն են քննարկվել Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ Իրան այցի շրջանակում։ Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման՝ Թեհրանում Հայաստանի ԱԽՔ-ի հետ հանդիպումներում Թեհրանի «կարմիր գիծն» է կրկին նշել իրանական կողմը։ Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նախօրեին է մեկնել Թեհրան։ Իրանագետները կարծում են, որ այդ այցով հիմնականում Գրանադայում հոկտեմբերի 5-ին սպասվող հանդիպումից առաջ Իրանի մոտեցումների ճշգրտումն է, մասնավորապես, Էրդողանի վերջին հայտարարությունից հետո։
Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն կհանգեցնի անկայունության և ճգնաժամի սրման՝ Թեհրանում Հայաստանի ԱԽՔ Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Իրանի «կարմիր գիծն» է կրկին նշել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը։ ՀՀ ԱԽ տարածած պաշտոնական հաղորդագրությունում ասվում է, որ Գրիգորյանն ու Ահմադիանին կարևորել են Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանումը։
Իրանագետ Ժաննա Վարդանյանը նկատում է, որ առնվազն վերջին երեք տարիներին իրանական կողմը պարբերաբար խոսում է տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխության անթույլատրելիության մասին։ Գրանադայում սպասվող հանդիպմանն ընդառաջ մոտեցումներ են ճշգրտվում, մասնավորապես, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Էրդողանի վերջին հայտարարությունից հետո՝ ասում է իրանագետը.
«Էրդողանի հայտարարությունը այնպիսին էր, որ տպավորություն էր նաև ստեղծվում, թե իբր Իրանը կողմ է Զանգեզուրի միջանցքին։ Այնինչ, խոսքն այն մասին է, որ Իրանը կողմ է սեփական տարածքով երթուղին անցկացնելուն, որը նորություն չէր և որևիցե նոր բան իր մեջ չէր պարունակում»։
Թուրքիայի նախագահ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Հայաստանը դեմ լինի միջանցքին, այդ ճանապարհը կանցնի Իրանով, քանի որ Թեհրանը հիմա դրական է նայում այդ հարցին։
Թեհրանը դեմ է տարածաշրջանում միջազգային սահմանների և աշխարհաքաղաքականության փոփոխությանը՝ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին է կրկին հայտարարել՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցի արդյունքները և Թուրքիայի նախագահի հայտարարությունը․
«Մենք կողմ ենք տարածաշրջանի բոլոր երկրների շահերն ապահովող հաղորդակցական ուղիների զարգացմանը: Բայց միաժամանակ ընդգծում ենք, որ դեմ ենք միջազգային սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությանը: Այս առնչությամբ մեր դիրքորոշումը հստակ հայտնել ենք: Վստահ ենք՝ այս խնդիրը պետք է երկխոսությամբ կարգավորվի»:
Նասեր Քանանին նշել է, որ քննարկվել է նաև տարածաշրջանում ռազմական տեղաշարժերի հարցը։ Իրանը ընդգծել է տարածաշրջանում և հատկապես Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության, կայունության, կայուն անվտանգության հաստատման համար տարածաշրջանային և հարևանների հնարավորությունների օգտագործման հնարավորությունը։
«Իրանում «Զանգեզուրի միջանցք» կոչվածը ընկալում են որպես Հայաստան-Իրան սահմանը վերացնելու փորձ։ Դա իրենց համար հավասարազոր է Հայաստանի հետ սահմանի վերացմանը»։
Միաժամանակ, իրանագետ Ժաննա Վարդանյանի խոսքով, իրանական կողմը մտահոգություն է հայտնում նաև Արևմուտք-Հայաստան, ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների սերտացման հետ կապված, ինչի առնչությամբ հստակ են հայտարարում, որ իրենց համար «անընդունելի է օտարների միջամտությունը, կամ օտարների ներկայությունը» ձևակերպմամբ։ Այս առումով, կոնկրետ այս անգամ խոսքը հենց «Զանգեզուրի միջանցքի» անթույլատրելության շեշտադրմանն է վերաբերում։
Արևելագետ Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ, մինչդեռ, վերջին շրջանում Իրանն իր այդ մոտեցումը առաջ է մղում «ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անթույլատրելի է» ձևակերպմամբ, ինչը զգուշացում է ոչ միայն Հայաստանին․
«Իմ գնահատմամբ՝ սա ոչ միայն Հայաստանին ուղղված զգուշացում է, այլ նաև Ադրբեջանին միտված նախազգուշացում է։ Որովհետև այն պրոցեսները, որոնք ներկայում տեղի են ունենում տարածաշրջանում, միայն Հայաստանի դիրքորոշմամբ չեն պայմանավորված։ Դա նաև Ադրբեջանի դիրքորոշման հետևանք է։ Հետևաբար՝ այս ուղերձներն ուղղվում են և Հայաստանին, և Ադրբեջանին»։
Արմեն Պետրոսյանը նաև նկատում է, որ Իրանը կարևորում է երկարատև խաղաղությունը «3+3» հարթակում խնդիրների լուծմամբ և հասկացնում, որ Արևմուտքի ներգրավվածությամբ խնդիրների կարգավորումն իրենց համար ընդունելի չէ և, անգամ, իրենք են առաջարկում իրենց հարթակները՝ կայունության և խաղաղության համար։