Հայաստանը հիմքեր ունի Ադրբեջանից փոխհատուցում պահանջելու համար


Վերջին շրջանում ադրբեջանական և թուրքական մամուլը սկսել են ակտիվորեն շրջանառել նոր հավակնություններ Հայաստանից, և այս դեպքում խոսքը ոչ այնքան տարածքային հավակնությունների մասին է, այլ այսպես կոչված «ռազմական տուգանքի»:
Որոշ դեպքերում անգամ գումարի չափ են նշում և շրջանառում, որ այդ կետը փորձ է արվելու ներառել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման «Խաղաղության համաձայնագրում»:
«Ռադիոլուրը» փորձել է հասկանալ, թե Հայաստանը ինչ հակընդեմ հայցով ինչ պահանջ կարող է ներկայացնել Ադրբեջանին:
Փոխհատուցման հայցեր կարող է ներկայացնել ոչ միայն Ադրբեջանը, այլև Հայաստանն ու Արցախը, որոնք դրա համար բավարար հիմքեր ունեն, «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:
Եթե Ադրբեջանը, ըստ հրապարակումների՝ հայցեր է նախապատրաստում Սարսանգի ջրամբարի վրա գտնվող Թարթառի ՀԷԿ-ը շահագործելու, 37 փոքր հիդրոէլեկտրակայաններ կառուցելու, Արցախ-Հայաստան միասնական էներգետիկ ցանց ստեղծելու, «Չարդաղլը» ածխահանքը, ինչպես նաև Եվլախ-Նախիջևան գազատարը ապամոնտաժելու համար, ապա Հայաստանի և Արցախի հակընդեմ պահանջները կարող են կապված լինել մեր բնակավայրերի ռմբակոծման, արգելված զինատեսակների և քիմիական զենքի կիրառման, մարդկանց տեղահանման համար։ Հայերն այս ընթացքում ստիպված լքում են իրենց տները, որովհետև երկյուղ ունեն, որ եթե մնան, ապա վտանգված կլինեն իրենց կյանքը և ֆիզիկական գոյությունը։
Միջազգային պրակտիկայում ընդունված է փոխադարձ փոխհատուցման պահանջները ներառել հակամարտող երկրների միջև կնքվող հաշտության համաձայնագրերում: Բայց Արա Ղազարյանի պնդմամբ՝ ճիշտ է ընտրել իրավական ճանապարհը: Այն ավելի հստակ չափորոշիչներ ունի, ավելի բաց է և ապահովում է տեղեկացված լինելու իրավունքը, իրավական հարթակում նաև կողմերը հավասար իրավունքներ ունեն, ասում է փորձագետը․
«Եվ այստեղ էական չէ, թե Ղարաբաղը հիմա կա, թե չկա կամ սուբյեկտայնություն ունի՞, թե՝ ոչ: Այնտեղ անհատական իրավունքով է հարցի մոտեցումը և անհատական իրավունքը շարունակում է պահպանվել, անկախ նրանից՝ այդ տարածքը հայերի, թե ադրբեջանցիների վերահսկողության տակ է: Եթե հայերը ամբողջությամբ լքել են տարածքը, շարունակում են իրենց գույքային իրավունքները պահպանել, հետևաբար՝ փոխհատուցում պետք է տրամադրվի այդ անձանց:
Քաղաքական լուծումը կարող է լինել ուժի դիրքից, դա կապելով սուբյեկտայնության հետ՝ ասելով, որ սուբյեկտայնություն չկա, նշանակում է, չի էլ կարող լինել փոխհատուցում: Քաղաքական բանակցություններում չկա ճշգրտություն, չկան կոնկրետ սկզբունքներ: Այնտեղ սկզբունքը դոմինատությունն է, ուժի սպառնալիքով: Էլ չեմ ասում, որ պետք է ճշգրիտ հաշվարկ արվի, թե վնասը որքան է: Իրավականը երկար է, բայց ճշգրիտ ճանապարհ է, իսկ քաղաքականը ամբողջությամբ գաղտնի պրոցես է: Եթե քաղաքական գործընթացում, որ կողմերը այդպես շտապում են, ինչ-որ լուծում տրվի, հետո դա կարող է հակասել իրավական գործընթացին»:

Արա Ղազարյանը դեռ վաղ է համարում խոսել փոխհատուցման չափերի և դրանց համարժեքության մասին:
Մինչդեռ թուրքական իշխանամերձ լրատվամիջոցի հրապարակումների համաձայն, այս փուլում ադրբեջանական կողմը փորձելու է հարցը լուծել քաղաքական հարթությունում: Հայաստանին առաջարկվող խաղաղության պայմանների շարքում առանցքային տեղ է զբաղեցնում այսպես կոչված «փոխհատուցման հարցը»: Ըստ հրապարակման՝ Ադրբեջանը միլիարդավոր դոլարների փոխհատուցում է պահանջում Լեռնային Ղարաբաղը 30 տարի իբր օկուպացված պահելու համար: Նշվում է, որ եթե Հայաստանը չվճարի վերոհիշյալ փոխհատուցումը, ապա կպահանջի ողջ «Զանգեզուրի շրջանը» և «Գյոքչե լճի», ինչպես իրենք են անվանում Սևանա լիճը, շրջակայքը վերադարձնել Ադրբեջանին։
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը սոցցանցում գրել է, որ Ադրբեջանը այս օրերին ակտիվացրել և առաջ է տանում իր քաղաքացիներով Հայաստանի 300 բնակավայր բնակեցնելու թեզը` բացահայտ տարածքային պահանջներով:
Թաթոյանը գրում է, որ սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում խոհրդարանական լսումներ են կազմակերպվել և քննարկվել է «Արևմտյան Ադրբեջանի» կեղծ հայեցակարգն իրացնելու հարցերը՝ Հայաստանից պահանջելով իբր վնասների հատուցման 20 միլիարդ դոլարի:
Քաղաքագետ Արա Պողոսյանը հիշեցնում է, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո Ադրբեջանը սկսեց այս թեմայով բավականին բաց խաղալ: Հենց այդ ընթացքում ստողծեցին «Արևմտյան Ադրբեջան»-ի կեղծ թեզը:
«Այն նկրտումները, որոնք ուներ Ադրբեջանը ՀՀ-ից շատ պարզ ձևակերպում էր: Ռազմատուգանքի հարցը իրենք բարձրացրեցին մինչև 21 թվականի հուլիս ընկած ժամանակահատվածը, որից հետո շատ ավելի նեղ շրջանակներում էր դա քննարկվում որպես խնդիր, որ ապագայում Ադրբեջանը պետք է բարձրացնի: Եվ հիմա Ադրբեջանը իր համար ստեղծում է հիմքերը, որպեսզի ապագայում ՀՀ-ին մեղադրի իր տարածքը այսպես կոչված «զավթելու, շահագործելու, թալանելու», դրանից բարիքներ ստանալու մեջ, որի համար Հայաստանը պետք է փոխհատուցում տրամադրի Ադրբեջանին նաև ռազմատուգանքի տեսքով: Դա, ըստ ադրբեջանական տարբեր աղբյուրների, տարբեր վերլուծաբանների՝ 50 գումարած միլիարդ դոլարի մասին է խոսքը: Դա բաշխվելու է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա և յուրաքանչյուր քաղաքացի ունենալու է պարտք: Մեծ ռազմավական պլանում դա Հայաստանին դարձնելու է ոչ կենսունակ պետություն»:
Սա ևս մեկ հիմնավորում է, թե ինչու է կարևոր, որ Հայաստանը խուսափի փոխհատուցումների հարցը քաղաքական հարթություն տեղափոխելուց: Արա Ղազարյանը օրինակով է նշում, թե ինչ արդյունքների կարող ենք հասնել իրավական դաշտում: Արդարադատության միջազգային դատարանում և Եվրոպական դատարում կան 90-ականներին առնչվող գործեր, որոնցից արդեն կան վճիռներ: Իրավունքի մասնագետը խոսում է Սարգսյանի և Չիրագովի գործերի մասին, որոնք հայելանման հայցեր են: Դրանց վերաբերյալ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում փոխհատուցման վճարման մեխանիզմներն են քննարկվում․
«Վերջին քննարկումը եղել է սեպտեմբերի 24-ին, որով Եվրոպական դատարանը Ադրբեջանին մեկ տարի ժամանակ տվեց, որպեսզի ստեղծի հանձնաժողով, որպեսզի փոխհատուցի 450 էթնիկ հայերի նրանց գույքի դիմաց 92-94 թթ-ի պատերազմի առնչությամբ: Ադրբեջանը նշել էր, թե իբր ստեղծել է, բայց հայկական կողմը առարկեց՝ ասելով, որ ստեղծել, նշանակում է մատչելի ընթացակարգեր, իսկ այդ ընթացակարգները մատչելի չեն»:
Ըստ Արա Ղազարյանի՝ սա իրավական ճանապարհի փոքր մոդելն է, որը կարող կիրառվել նաև Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված բոլոր քաղաքացիների դեպքում: