Մեկ ստորագրություն՝ ընդդեմ 108 615 քվեի․ ի՞նչ անել, որ հայկական Արցախի էջը չփակվի

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը փաստացի կդառնա Արցախի Հանրապետության վերջին նախագահը, քանի որ հրամանագիր է ստորագրել 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի Հանրապետությունը լուծարելու մասին։
Թեև Ադրբեջանը մշտապես առաջ էր քաշում Արցախի պետական ինստիտուտների լուծարման պայմանը, բայց Հրամանագիրը շատերի համար անակնկալ էր։ Վերլուծաբանները դեռ չեն շտապում վերլուծել կատարվածը։
Ամեն դեպքում կան հարցեր, որոնք սպասում են պատասխանների: Կարևորագույն հարցերից մեկը ստեղծված իրավիճակում իրավական քայլերի հնարավորությունն է։
Արդյո՞ք մեկ պաշտոնյայի ստորագրությունը իրավական ավելի մեծ նշանակություն և ուժ ունի, քան 108 615 քվեն։ ԼՂ–ի այսքան քաղաքացի՝ բնակչության 99 տոկոսից ավելին, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին քվեարկեց Ադրբեջանից անկախանալու և Արցախի Հանրապետություն ստեղծելու համար։
Արցախի Հանրապետության փաստացի վերջին նախագահը՝ Սամվել Շահրամանյանը, որն ընտրվել էր ոչ ուղիղ քվեարկությամբ, այլ ԱԺ 22 պատգամավորի կողմից, ընդամենը 19 օր պաշտոնավարելուց հետո ստորագրեց Արցախի Հանրապետությունը և պետական ինստիտուտները լուծարելու մասին հրամանագիրը։
Սրանք փաստեր են, որոնք իրավական կուռ հիմքեր չունեն։ Իրավագետների մի մասն այս պահին պնդում է՝ ոչ մի նախագահ իրավասու չէ լուծարել հանրաքվեով ժողովրդի ստեղծած Հանրապետությունը։ Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը X-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Արցախի Հանրապետությունը լուծարելու որոշմանը՝ շեշտելով, որ նախագահի ստորագրած հրամանագիրն անօրինական է և ոչ իրավաչափ։ Համոզված է, որ այդ հրամանագիրը ստորագրվել է ադրբեջանական կոշտ ագրեսիայի և ուժի սպառնալիքի արդյունքում։ Հետևաբար, այն անվավեր է։
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, տարբեր նկատառումներից ելնելով, այս պահին չի ցանկանում մեկնաբանել, թե Շահրամանյանի հրամանագրից հետո ինչ ընթացակարգեր են նախատեսված միջազգային իրավունքի տեսանկյունից։
«Եկեք ես դա չմեկնաբանեմ, ճիշտ չէ, որ ես հիմա մեկնաբանեմ դա։ Շատ բազմաշերտ ու նաև խորքային հարց է»։
Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանի պնդումներով հստակ է․ որևէ պետության անկում հնարավոր է ոչ թե իրավաբանորեն, այլ փաստացի։ Նրա համար անհասկանալի է, թե ինչու է փորձ արվում Արցախի փաստացի, բռնի անկումը ձևակերպել նաև իրավաբանորեն։ Մասնագետը պնդում է, որ Արցախի Հանրապետության գոյությունը դադարեցնելու մասին Հրամանագիրը իրավաբանական ուժ չունի, այն հիմնված չէ և չէր կարող հիմնվել սահմանադրական որևէ նորմի վրա, քանի որ որևէ սահմանադրության մեջ ինքնաոչնչացման սկզբունք դրված չէ։ Տարբեր հիմնավորումներ է ներկայացնում, որոնցից մեկն այն է, որ Անկախության հռչակագիրը, չի կարող իրավաբանորեն դադարել, այն չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն, այն հարատև գործող փաստաթուղթ է:
Հայկական Արցախի պատմության ավարտին չի հավատում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․«Ինձ համար երբեք այդ էջը փակված չի լինելու»։
Վերլուծաբաններն այս փուլում չեն շտապում վերլուծել Արցախի Հանրապետության լուծարման մասին Հրամանագրի պատճառները, հիմքերն ու նպատակները։ Ի վերջո, աշխարհի պատմության մեջ շատ չեն դեպքերը, երբ մեկ հրամանագրով լուծարվում է տասնամյակների պատմություն ունեցող պետություն, թեկուզ և՝ չճանաչված։
Տարածաշրջանի հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը պարզապես արձանագրում է՝ Արցախի Հանրապետության լուծարումը տարածաշրջանային խնդիրների լուծումների բանալին չէ։
«Ակնհայտ է, որ ամենևին էլ Արցախի Հանրապետության լուծարումից հետո՝ մեր տարածաշրջանային խնդիրները վերաներում են։ Ոչ։ Միանշանակ է, որ տարածաշրջանը շարունակելու է մնալ միջազգային մեծ դիմակայության կիզակետում։ Այս քայլերը, որոնք մենք փուլ առ փուլ տեսնում ենք, իմ կարծիքով՝ գլոբալ հակամարտության առանձին շերտեր են։ Նման մի շերտ էլ փորձ է արվելու Գրանադայում տեղի ունենալիք բանակցությունների ընթացքում իրականացնել արդեն Արևմուտքի կողմից։ Ինձ թվում է՝ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, այսինքն՝ ադրբեջանական ռազմական գործողությունը, դա ՌԴ կողմից իրականացված մարտավարական քայլ էր ստեղծված իրողությունների պայմաններում՝ իր դիրքերը որոշակի ժամանակով բյուրեղացնելու։ Ռուսաստանը շատ լավ հասկանում էր, որ Արևմուտքը փորձում է մեր տարածաշրջանն օգտագործել իրեն անընդհատ սեղմելու, ճնշելու, դիրքերը թուլացնելու տեսանկյունից»։
Առայժմ շատ քիչ է խոսվում, թե իրավական ինչ ճիշտ քայլեր պետք է անի հայկական կողմը «Արցախի Հանրապետության լուծարում» ասվածի դեպքում։ Կան առաջարկներ, որ ագրեսիայի արդյունքում դե ֆակտո արդեն գոյություն չունեցող Արցախի Հանրապետության բոլոր սահմանադրական մարմինները պետք է շարունակեն իրենց վտարանդի գործունեությունը՝ ապագա սերնդին իրավական ամուր հիմքեր թողնելու համար։
Իսկ մինչ այդ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Ղարաբաղի հայ համայնքին արդեն ներկայացվել է վերաինտեգրման իրենց տեսլականը։ Սա այն դեպքում, երբ Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը բառացիորեն հայտարարում է․ «Եվս մեկ օր, և Արցախից դուրս կգա վերջին քաղաքացին»։