

Գերմանիան Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով Լեռնային Ղարաբաղին տրամադրվող մարդասիրական օգնությունը 2-ից կհասցնի 5 միլիոն եվրոյի, հայտարարել է արտգործնախարար Աննալենա Բաերբոքը։
«Լեռնային Ղարաբաղում հազարավոր երեխաներ, կանայք և տղամարդիկ այնքան շատ են վախենում իրենց կյանքի համար, որ այլ այլընտրանք չեն տեսնում, քան ճանապարհ ընկնել դեպի Հայաստան՝ հաճախ միայն անհրաժեշտ կարիքներով և գերբեռնված մեքենաներով: Ամեն ժամ ավելի շատ են ժամանում», — ասել է արտգործնախարարը «X» (նախկինում Twitter) գրառման մեջ:
«Ոչ ոք իրականում չգիտի, թե ինչպես է ապրում Լեռնային Ղարաբաղի բնակչությունը: Թափանցիկությունը առանցքային է: Մեզ տեղում պետք են միջազգային հանրության աչքերն ու ականջները։ Մեր գործընկերների հետ մենք աշխատում ենք հնարավորինս արագ դիտորդներ ուղարկելու ուղղությամբ»,- ասել է նա։
«Եթե Ադրբեջանը թույլ տար միջազգային դիտորդների մուտք գործել, դա վտահելի ապացույց կլիներ, որ Ադրբեջանը լրջորեն է վերաբերվում Լեռնային Ղարաբաղում տղամարդկանց, կանանց և երեխաների անվտանգության և բարեկեցության իր պարտավորություններին», — նշել է արտգործնախարարը։
«Մարդիկ դեռ գրեթե ամեն ինչի պակաս ունեն։ Լաչինի միջանցքով օգնությունը պետք է հուսալիորեն և հետևողականորեն հասնի մարդկանց, ոչ միայն մաս-մաս: Ես որոշել եմ ավելացնել մեր մարդասիրական օգնությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) միջոցով 2-ից 5 միլիոն եվրոյի», — ասել է Անալենա Բաերբոքը: