«Գմբեթն» ամրացնում է պաշտպանական երկրորդ գիծը


Վերջին օրերին սոցիալական հարթակներում մեծացել է «Ողջ մնալու արվեստը» հասարակական կազմակերպության «Գմբեթ–2» նախաձեռնության նկատմամբ հանրային ուշադրությունը։ Դրան նպաստել է նաև հայտնի մարդկանց, բլոգերների ու պարզապես քաղաքացիների ներգրավվածությունը։ Նրանք սոցցանցերում պատմում են նախաձեռնության մասին, փորձում մարդկանց ուշադրությունն ու զգոնությունը գեներացնել ամրաշինական այս ծրագրի վրա։ Նախաձեռնության անդամները հաշվարկել են՝ Հայաստանին նվազագույնը 500, առավելագույնը 4700 նմանատիպ կառույց է պետք։ Ասում են՝ պաշտպանության առաջին գծի կահավորմամբ պետությունն է զբաղվում, իսկ երկրորդ գիծն ամրացնում է «Գմբեթը»։
Միայն «Գմբեթ» կառուցելով երկիր չես պահի, բայց սա կօգնի ավելի ամուր ու ապահով լինել․ «Ողջ մնալու արվեստը» նախաձեռնության անդամներն ընդգծում են վերջին օրերին մեծ աղմուկ հանած «Գմբեթ»-ը քայլերից միայն մեկն է․ Հայաստանը պետք է ամեն օր ու ամեն կերպ պատրաստվի հաջորդ հնարավոր պատերազմին։ «Ողջ մնալու արվեստը» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը դեռ 2020-ից հետո նախաձեռնեց թիկունքի ամրաշինական աշխատանքները․ ծրագրերից մեկը «Գմբեթ 2» անունը ստացավ։ ՈՄԱ-ի նախագահի օգնական Արշակ Վարտանովը մանրամասնում է՝ սա համեմատաբար ավելի էժան ու արագ հավաքվող փայտահողային կրակային կետ է։
«Սրանցով մենք փորձում ենք պաշտպանական երկրորդ գիծ ձևավորել։ «Գմբեթները» ամրաշինություններ են, որտեղից կարող է օրինակ գդացրորդը աշխատել ու բավականին մեծ վնաս հասցնել ու նույնիսկ կանգնացնել հակառակորդի կենդանի ուժի առաջխաղացումը»,– ասում է Վարտանովը։
ՈՄԱ-ում հաշվարկել են՝ Հայաստանի թիկունքն ամբողջությամբ ամրացնելու համար առավելագույնը 4700, իսկ նվազագույնը 500 նմանատիպ պաշտպանական կառույց է պետք։
«Այս պահին արդեն 100+ նմանատիպ կառույց ունենք, ավելի կոնկրետ թիվ բնականաբար այս պահին չենք հրապարակի»։
Մեկ «Գմբեթի» կառուցումն արժե շուրջ 1 միլիոն դրամ։ Նախաձեռնության առաջին օրվանից կամավորները աջակցել են թե ֆիզիկական աշխատանքով, թե ֆինանսական օժանդակությամբ, սակայն վերջին օրերին՝ արցախյան ու անվտանգային նոր մարտահրավերների ու ստեղծված իրավիճակի պայմաններում «Գմբեթի» շուրջ ակտիվությունը դուրս է եկել ՈՄԱ-ի սահմաններից։
«Հասարակությունը հիմա ավելի շատ է հետաքրքրվում այս ծրագրով, ավելի շատ են ցանկանում ներգրավված լինել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ արդիական է դարձել այս թեման, չնայած որ վերջին 3 տարվա ընթացքում այս թեման միշտ է արդիական, պարզապես այս պահին աշխատանքներն ավելի ինտենսիվացել են, թե կամավորներն են շատացել, որոնք պատրաստ են օգնել կառուցելու հարցում, թե անհատները, որոնք ֆինանսապես են օգնում»,– պատմում է նախաձեռնության անդամը։
Հայտնիներ, վիդեոբլոգերներ, հասարակական կազմակերպություններ ու ուսանողներ․ սոցհարթակներում այս օրերին տարբեր մարդիկ փորձում են պատմել «Գմբեթի» մասին ու նաև հանգանակություններ կազմակերպել։


ՈՄԱ–ի ներկայացուցիչն ասում է՝ առայժմ չեն ամփոփել հանգանակությունները, խուսափում են թվային տվյալներ հրապարակել, բայց հիշեցնում են՝ միայն սրանով գործը չի ավարտվում։
«Պետք է ամեն ինչ ճիշտ հասկանալ․ միայն «Գմբեթ» կառուցելով երկիր չեն պահում ու միայն դրանով անվտանգային հարցերը չեն լուծում։ Բացի նրանից որ պետք են «Գմբեթներ» նաև պետք են մարդիկ որ օգտվեն դրանցից, ու ցանկալի է որ այդ մարդիկ հնարավորինս պատրաստված լինեն։ Այդ մարդկանց պետք են նաև զրահաբաճկոններ։ Մենք այդ ուղղությամբ էլ ինչ-որ աշխատանքներ ենք իրականացնում․ փորձում ենք մատչելի, բայց հուսալի զրահաբաճկոններ արտադրել»։
Հասարակությունը պետք է մասսայական պատրաստություն անցնի, որից հետո ամենակարևոր քայլերից մեկը, ըստ Արշակ Վարտանովի, նաև ապաստարանների խնդիրը լուծելն ու համապատասխան կահավորումներն ապահովելն է։
«Բնականաբար կլինեն մարդիկ, որ կասեն խուճապ եք տարածում, բայց եկեք մենք պատրաստվենք վատագույնին, որ Աստված չանի այդ վատագույնը լինի, մենք գոնե պատրաստված լինենք»,- եզրափակում է ՀԿ-ի նախագահի օգնականը։
Պաշտպանության առաջին գծի սարքավորմամբ զբաղվում է պետությունը, իսկ մենք՝ որպես հասարակություն, ամրապնդում ենք երկրորդ գիծը՝ պնդում են ՈՄԱ-ում։ Այս պահին հասարակական կազմակերպությունը ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաև կամավորներ է փնտրում, որոնք կմասնակցեն շինարարական աշխատանքներին։