Վառարաններ, վրաններ ու անորոշություն Ստեփանակերտի փողոցներում


Ստեփանակերտի փողոցներում իրենց տներից տեղահանվածն մարդիկ են, վառարաններ, վառվող աղբակույտներ։ Սեպտեմբերի 19-ի կեսօրին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններից հետո Արցախի գյուղերի ու Ստեփանակերտի միջև կապ գրեթե չկա։ Բազմաթիվ մարդիկ փնտրում են իրենց հարազատներին։
Արցախի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն առաքելության գրասենյակում գրանցում են այն արցախցիների տվյալները, որոնք կորցրել են կապը երեխաների, հարազատների հետ։ Արցախի Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս պահին զոհվածների մարմինների տարհանում չի իրականացնում՝ ասել է ԼՂ–ում ԿԽՄԿ առաքելության գրասենյակի խոսնակը։
Արցախի՝ ադրբեջանցիներով շրջապատված շրջանների ու գյուղերի հետ հեռախոսային կապ գրեթե չկա։ Խոսքն Ասկերանի, Մարտակերտի ու Մարտունու շրջանների մասին է։ Արցախյան բնակավայրերի մի մասում միայն տղամարդիկ են, մյուսում՝ նաև կանայք ու երեխաներ։
Այս օրերին արցախցիներն ավելի շատ նախընտրում են լռել, քան խոսել իրավիճակի մասին։ Իսկ համացանցում Ստեփանակերտից տարածվող լուսանկարները պատմում են՝ իրենց տներից տեղահանված մարդիկ փողոցներում են, մայթերին վառարաններ կան, երեխաները գետնին՝ խոտերի վրա են քնում։
«Մեզ ասել են տուս եկեք, թուրքերը հենա եկել են։ Գյուղապետն ասաց տուս եկեք, մի մաշին եկավ,մեզ հասցրեց ստեղ»։

Վերջին օրերին կրակոցներ գրեթե չեն հնչում, բայց հումանիտար ճգնաժամը ժամ առ ժամ սրվում է։ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարհանված և սննդի կարիք ունեցող քաղաքացիներին Ստեփանակերտում այսօրվանից անվճար տաք սնունդ են բաժանում։ Ստեփանակերտցի Անահիտ Բեգլարյանը բարձրահարկ շենքի ամենավերջին հարկում է ապրում ։ Ասում է, երբ պատուհանից դուրս է նայում, ծխի մեջ կորած Ստեփանակերտն է տեսնում։
«Գիշերը խաղաղ է անցել։ Այս պահին քաղաքում ծուխ ու թուխպ է։ Աղբանոցները վառում են, որ համաճարակ չլինի։ Աղբը դուրս հանելու տարբերակ չկա։ Կողքի գյուղերն եմ տեսնում, ոնց որ հանգիստ է»։
Մարիամ Աբրահամյանն էլ մեզ հետ զրույցում այլ բան է ասում ՝ ապաստարանից դուրս գալուց հետո միայն հասկացավ, թե ինչ է եղել սեպտեմբերի 19-ին։ Զոհվածների, գերիների, անհետ կորածների մասին պատմությունները ստիպեցին իրականությունն ավելի լավ գիտակցել՝ ասում է։
«Ու այդ ամենի ֆոնին արդեն քո ապրումները զրոյանում են, անգամ ամաչում ես խոսել քո մասին, երբ տեսնում ես, թե քեզանից ավելի վատ վիճակում ինչքան մարդ կա՝ ներառյալ բռնի տեղահանվածները, որոնք մազապուրծ են եղել»։
Մարիամն ասում է՝ անհրաժեշտ բոլոր իրերը հավաքած սպասում են Ստեփանակերտից դուրս գալուն։
«Եթե սա է ճանապարհը, որ դու պետք է մի տեղում ապրես, երբ կարող են հանկարծակի հարձակվել քո վրա։ Գան կոտորեն, սպանեն մեզ, մենք ընտրում ենք դուրս գալու ճանապարհը, ու կարևոր չէ՝ ուր»։


Ստեփանակերտցի Անահիտ Բեգլարյանը նույնպես կարծում է, որ իր թոռնիկները չեն կարող ապրել ադրբեջանցիների հետ։ Մտավախություն ունի՝ իսկ եթե իր երեխաների՞ն էլ գողանան։
«Եթե մենք գնում ենք ինտեգրման, ես երբեք թուրքի թրի տակով չեմ անցնի։ Կհեռանամ Ղարաբաղից, բայց թուրքի թրի տակով չեմ անցնի։ Ի՞ նչ եք կարծում, պետք է մնամ թուրքի հետ ապրե՞մ։ Ես չեմ պատրաստվում, որ վաղը, մյուս օրը ամեն տեղից մի երեխա գողանան։ Մենք այնքան կորած երեխա ունենք, ինչի՞ պիտի երեխան կորեր․․․»:
ԼՂ-ում ԿԽՄԿ առաքելության գրասենյակում գրանցում են այն արցախցիների տվյալները, որոնք կորցրել են կապը երեխաների, հարազատների հետ։ «Գրանցում ենք նրանց տվյալները, փորձում ենք աշխատանքներ տանել նրանց որոնելու ուղղութամբ, դեռևս արդյունքներ չունենք»,– ասում է՝ գրասենյակի մամուլի պատասխանատու Էթերի Մուսայելյանը։
Հակասական են անվտանգային իրավիճակին վերաբերող տեղեկությունները։ Ամբողջ Կրկժանը դատարկ է՝ անվտանգության բարձր ռիսկերի պատճառով՝ Թվիթերի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ Նրա այս գրառումից մի քանի ժամ անց Արցախի տեղեկատվական շտաբը հերքել էր տեղեկատվությունը՝ հորդորելով հետևել պաշտնոնական լրահոսին։ Շտաբը նշել էր, որ ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում: