Այսօր Հայաստանի Հանրապետության 32-րդ տարեդարձն է


Սեպտեմբերի 21-ին Հայաստանն ու հայկական սփյուռքը նշում են Հայաստանի անկախության 32-րդ տարեդարձը: Այն պաշտոնապես հայտարարվել է 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքների հիման վրա:
Ընտրական իրավունք ունեցողների 94,39 %-ն կողմ է քվեարկել անկախության հռչակմանը: 1991 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Գերագույն Խորհուրդը հաստատել է հանրապետության ելքը ԽՍՀՄ-ի կազմից:
Հայաստանի Հանրապետության անկախության 32-րդ տարեդարձը նշում ենք մեր երկրի համար ծանր ու փորձություններով լի մի ժամանակաշրջանում, երբ վտանգներ են սպառնում Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու պետականությանը, հայրենի հողում արցախահայության անվտանգ ապրելու իրավունքին:
Հայաստանի սահմաններին կրակոցներ են հնչում, իսկ երեկ հայտնի դարձավ, որ 9-ամսյա շրջափակումից և երկօրյա համառ մարտերից հետո Արցախի իշխանությունները հարկադրված ընդունել են ՌԴ խաղաղապահների կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը:
Ապացուցված ճշմարտություն է, որ անկախությունը շարունակական պայքար ու աշխատանք է և ցանկացած մարտահրավեր հաղթահարելի է հավաքական կամքով ու միասնականությամբ։