ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս էր Ադրբեջանը հող նախապատրաստում հերթական ագրեսիայի համար

Ադրբեջանը տևական ժամանակ տեղեկատվական հիմք էր նախապատրաստում Արցախի նկատմամբ նոր ագրեսիայի համար։ Միայն այսօր առավոտյան ՊԲ–ը երեք անգամ հերքել էր Բաքվի տարածած կեղծ տեղեկությունը։ Ընդ որում՝ադրբեջանական տեղեկատվական գրոհներն ուղղված էին թե՛ ՀՀ-ի, թե՛ Արցախի դեմ։ Նախօրեին էլ Ադրբեջանի ԱԳՆ-ում հանդիպում էր կազմակերպվել այդ երկրում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։ Հնչել էին մեղադրանքներ Երևանի հասցեին։ Հայաստանի արտգործնախարարությունը այդ հանդիպումը Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելուն ուղղված կոնկրետ գործողություններ սկսելու դիվանագիտական նախապատրաստություն էր համարել։    

Անդրադառնալով սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունում դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանական կողմի ներկայացրած թեզերին՝ Հայաստանի արտգործնախարարությունը հերքել է Բաքվի պնդումները, թե իբր Հայաստանն Արցախում բանակ ունի, և ականապատումներ է իրականացրել։

«Կրկին ընդգծում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղում բանակ չունի, իսկ Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքում ականապատում իրականացնելու կեղծ պնդումները հերքվել են Արդարադատության միջազգային դատարանի սույն թվականի փետրվարի 22-ի որոշումով», – ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտարարությամբ ՀՀ ԱԳՆ-ն շեշտել էր, որ Հայաստանի Հանրապետության աջակցությունը Լեռնային Ղարաբաղին ունի հումանիտար բնույթ, ինչի անհրաժեշտությունը ավելի է ընդգծվում Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ծավալվող հումանիտար ճգնաժամով․

«Չէին լինի Հայաստանի, միջազգային գործընկերների, անգամ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղին հումանիտար աջակցություն տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությունները, եթե ինքը՝ Ադրբեջանը, իր ապօրինի գործողություններով չստեղծեր հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում և չխոչընդոտեր ՄԱԿ կառույցների և այլ միջազգային գործընկերների մուտքը Լեռնային Ղարաբաղ»։

Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանի խոսքով՝ դժվար է պատկերացնել, թե Ադրբեջանում հավատարմագրված դեսպաններն  ի՞նչ են ասել այդ երկրի ԱԳՆ-ում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, սակայն հստակ է մի բան.

«Այս գործողություններն իրականում փոխհամաձայնեցված են և սրա շուրջ եղել է և կա միջազգային կոնսենսուս՝ գոնե այն դերակատարների, որոնք քիչ թե շատ ներգրավված են  եղել Արցախի խնդրի կարգավորման հարցում։ Այն, որ միջազգային կոնսեսուսը կա՝ դա հստակ է, բայց դա չի նշանակում, որ մեղավորը միջազգային հանրությունն է»։

Դեսպանների գործունեությունը միայն այդ միջազգային կոնսենսուսի շրջանակում է հնարավոր բացատրել՝ կարծում է  քաղաքագետը, նկատելով նաև այն լռությունը, որ կա հիմա։ Դժվար է ասել, թե ինչ խնդիր է դրված, սակայն, ըստ քաղաքագետի, քանի դեռ այն չի լուծվել՝ դժվար է սպասել որևէ մեկի կողմից համարժեք արձագանք։            

Միաժամանակ Հայաստանի ԱԳՆ-ն վերահաստատել էր Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, ինչպես նաև 2022 թ. հոկտեմբերի 6-ի Պրահայի և 2023 թ. մայիսի 14-ի Բրյուսելի պայմանավորվածություններին՝ մտահոգությամբ արձանագրելով, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հրապարակային կերպով չի հաստատել իր հավատարմությունն այդ պայմանավորվածություններին, ինչը տարածաշրջանում լարվածության առանցքային գործոն է: Ինչ վերաբերվում է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին. լարվածության թուլացման միջոցը Հայաստանը տեսնում է Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը և հույս ունի, որ տարածաշրջանի կայունությամբ հետաքրքրված միջազգային գործընկերները հավելյալ միջոցներ կձեռնարկեն նման երկխոսության հուսալի մեխանիզմներ ստեղծելու համար:

ՀՀ ԱԺ պատգամավոր, քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը, մինչդեռ նկատում է.

 «Պետք է արձանագրել այն հանգամանքը, որ Ադրբեջանը, սրա հետ կապված, ըստ էության վաղուց էր հայտարարում և միջազգային հիմնական դերակատարները, որոնք ներգրավված են Հարավային Կովկասում և նաև Արցախի հարցով տարվող գործընթացում որևէ կանխարգելիչ քայլ չեն ձեռնարկել, և իրավիճակն այսպիսի ողբերգական ելք է գտել։ Միջազգային դերակատարների ոչ անկեղծ մոտեցումը ռեգիոնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի համար կանաչ լույս վառեց Արցախի նկատմամբ մեծ ագրեսիա իրականացնելու համար»։

Դիվանագետների հետ հանդիպումից հետո, արդեն սեպտեմբերի 19-ի առավոտյան Ադրբեջանն իր կողմից վեց զոհի մասին հայտարարեց՝ պնդելով, թե իբր հակատանկային երկու ականի պայթյուն է եղել գիշերը Մարտունու և Թաղավարդի մոտակայքում, որից զոհվել են Ադրբեջանի ՆԳ նախարարության 4  և «Ազերավտոօյլ» ընկերության 2 աշխատակից։ Ադրբեջանի ՊՆ-ն շտապեց Արցախի ՊԲ-ին մեղադրել դիվերսիայի համար։ Ըստ Բաքվի քարոզչամեքենայի՝ ՊԲ-ի հետախույզներն են հակատանկային ականներ տեղադրել այդ ավտոճանապարհին, որից, իբր, զոհվել են ադրբեջանցիները։

«Բնականաբար, դա որևէ աղերս չուներ իրականության հետ, սակայն դրան հաջորդած ժամանակահատվածը ցույց տվեց, որ Ադրբեջանն իրականում փորձում էր միջազգային հանրության համար հիմք նախապատրաստել՝ արդարացնելու իր հրետանային և հրթիռային հարվածները»,–կարծում է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

ՊԲ-ն հերքել էր Ադրբեջանի տարածած կեղծ տեղեկատվությունը՝ նկատելով, որ Ադրբեջանն առավոտյան ևս երկու կեղծ մեղադրանքներով Ստեփանակերտին մեղադրել է հրաձգային զենքերով իրենց դիրքերը գնդակոծելու և Բաքու-Թբիլիսի երթուղով թռչող քաղաքացիական օդանավի GPS տեղորոշման համակարգը ճնշելու համար։ Փորձագետները նկատում են, որ Ադրբեջանն ակնհայտորեն կեղծ մեղադրանքներ էր ներկայացրել, քանի որ անգամ նրանց կողմից նկարագրվածը տեխնիկական առումով հնարավոր չէր իրականացնել։

 «Ադրբեջանական այդ տարբեր տեղեկատվական օպերացիաները ունեին մեկ նպատակ՝ նախապատրաստել Ադրբեջանական ագրեսիան Արցախի նկատմամբ»,–վստահ է Տիգրան Աբրահամյանը։

 ՊԲ-ն հայտնել էր նաև, որ պարբերաբար նման կեղծ տեղեկություններ տարածելով Ադրբեջանը նպատակ ունի միջազգային հանրությանը շեղել Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած հումանիտար աղետից և տեղեկատվական հենք նախապատրաստել  հերթական սադրանքի համար։

Back to top button