ԿարևորՀասարակություն

Էթնիկ զտումը միջազգային լրջագույն հանցագործություն է՝ ամենածանր քաղաքական հետևանքներով․ արտահերթ քննարկում ԱԺ հանձնաժողովում

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը տարակուսելի է համարում այն պնդումը, որ ՌԴ խաղաղապահ զորախումբը տեղեկացվել է ԼՂ–ի դեմ պատրաստվող հարձակման մասին։ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում կազմակերպված արտահերթ քննարկմանը հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն ասել է․

«Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, ի թիվս այն հարցերի, որոնք մենք ունեինք ռուս գործընկերների և ռուս խաղաղապահ զորախմբի նկատմամբ։ Հաշվի առնելով, որ Լեռնային Ղարաբաղը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո, և անվտանգության երաշխավորը նրանք են, և եթե նրանք նախապես տեղեկացվել են, ապա ի՞նչ գործողություններ են ձեռնարկել։ Այս հարցին հույս ունեմ, որ ռուս գործընկերները կտան պատասխան»։

Հանձնաժողովի նախագահը նաև անընդունելի է համարում, որ Ադրբեջանն իր պաշտոնական հաղորդագրություններում նշում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մասնակցության մասին։

«Կարծում եմ,  սա նպատակ ունի սլաքներն ուղղել Հայաստանի վրա և ագրեսիա նախապատրաստել նաև Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։ Եվ այս առնչությամբ ես կոչ կանեի մեր հանրությանը հանդարտություն պահպանել և չտրվել սադրանքներին, որովհետև երկրի ներսում ևս բազմաթիվ են սադրանքները, որոնք այս խոսույթին են ծառայում»։

Ազգային Ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի էթնիկ զտումների գործողությունների մասին:

 «Կապ եմ հաստատել ԵԽԽՎ Եվրոպական ժողովրդական կուսակցության Բյուրոյի հետ, տեղեկացրել եմ Բյուրոյի բոլոր անդամներին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ, այդ տեղեկատվությունը քարտուղարությունը տարածել է Բյուրոյի բոլոր անդամների մոտ։ Էթնիկ զտումը միջազգային լրջագույն հանցագործություն է՝ ամենածանր քաղաքական հետևանքներով պետությունների համար»։

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, «Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արմեն Ռուստամյանը կարծում է, որ Հայաստանը սխալ կեցվածք է որդեգրել։

«Հայտնվել ենք այն իրավիճակում, որ Հայաստանը մյուսների նման մտածում է միայն դատապարտի այն, ինչ անում է Ադրբեջանը։ Այնինչ խոսքը մեր ժողովրդի մի մասի փրկության մասին է։ Չի կարելի այն տրամաբանությամբ շարժվել, որ կարելի է ժողովրդի մի ամսին զոհել մյուս մասի փրկության համար։ Այս գիծը կործանարար գիծ է։ Սրանից պետք է հրաժարվի այսօրվա իշխանությունը րոպե առաջ։ Դուք մի մանդատով եք եկել ԱԺ, որտեղ ասել եք, որ «Անջատում՝ հանուն փրկության»–ը մեր սկզբունք է։ Հիմա ասում եք՝ Արցախը Ադրբեջանի կազմում է։ Այդ հայտարարությունը բերում է և շարունակելու է բերել ավերածություններ»։ Ռուստամյանն ասում է՝ Հայաստանի իշխանությունը  պետք է հրապարակավ հրաժարվի իր այդ հայտարարությունից

Back to top button