Ադրբեջանի նպատակը ոչ թե Արցախի պետական կառույցների և ՊԲ–ի լուծարումն է, այլ հայաթափումը․ Սուրեն Սուրենյանց


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը համոզված է, որ Ադրբեջանի նպատակը ոչ միայն Արցախի պետական կառույցների և ՊԲ–ի լուծարումն է, այլև Արցախի հայաթափումը։
«Ուժ են կիրառում, զուգահեռ մարդասիրական միջանցք են բացում՝ թույլ տալով Արցախի հայությանը լքել տարածքը։ Շատ պարզ ալգորիթմ է գործում՝ միջազգային դերակատարների լռելյայն համաձայնությամբ», –ասել է Սուրենյանցը՝, նշելով, որ միջազգային բոլոր դերակատարները՝ ՌԴ–ն, ԵՄ–ն, ԱՄՆ–ն, ԵԱՀԿ–ն, պատասխանատու են Արցախում ստեղծված այս իրավիճակի համար։
«Ռադիոլուր»–ը քաղաքագետի հետ զրույցել է իրավիճակի մասին։
-Ղարաբաղի ներուժը շատ փոքր է, որ շատ երկար տևի։ Ադրբեջանը հարվածում է թիրախների, հարվածում են ՊԲ ենթակառուցվածքներին։ Բուն նպատակն Արցախում պետական ինստիտուտների լիկվիդացիան է։ Այս պահին չեմ տեսնում միջազգային սանձող գործիքներ, հետևաբար հոռետես եմ այն կանխատեսումներում, թե երբ կավարտվի դա։ Ինչ–որ խնդիր պետք է լուծի Ադրբեջանը, իրենք հստակ օրակարգ ունեն, ի տարբերություն Հայաստանի, և փորձում են այդ խնդիրը լուծել։ Ի՞նչ պետք է անի Հայաստանը, անկեղծ ասած, Հայաստանը իրեն սեղանից «դուրս» է դրել այդ հարցում և հիմա ես չեմ էլ պատկերացնում՝ հայաստանի իշխանությունը ինչ պետք է անի բացի հայտարարություններ ընդունելը։ բայց դիվանագիտական պրեսինգ պետք է գործադրի անպայման և պետք է հայտարարի անպայման, որ այս պայմաններում բանակցային գործընթացին մասնակցելը անիմաստ է համարում, քանի դեռ միջազգային հանրությունը իր պատասխանատվությունը չի ռեալիզացնում և Ադրբեջանին չի սանձում։
—Ադրբեջանի գործողությունները, կարծում եք, համաձայնեցված եղե՞լ են միջազգային հանրության հետ։
-Իրենք ասում են՝ տեղյակ պահել են խաղաղապահ առաքելությանը և ռուս–թուրքական մոնիտորինգային խմբին։ Իմ կարծիքով՝ միջազգային լռելյայն կոնսենսուս գոյություն ունի։ Ալիևը հաշվարկել է, որ այդ քայլի համար իր դեմ հստակ քայլեր չեն ձեռնարկվի։ Հայաստանի ապաշնորհ դիվանագիտության պատճառով մենք դաշնակիցներ չունենք։
—Ադրբեջանը՝ ի դեմս պաշտպանության նախարարության հայտարարել է մարդասիրական միջանցքներ բացելու մասին տարբեր ուղղություններով քաղաքացիական անձանց համար։ Ի՞նչ է սա նշանակում։
-Սա նշանակում է նպաստել Արցախի հայաթափությանը՝ ուժ են կիրառում, զուգահեռ բացում են մարդասիրական միջանցք՝ թույլ տալով Արցախի հայությանը լքել տարածքը։ Շատ պարզ ալգորիթմ է գործում։ Սա մեծ հաշվով իրենց նպատակն է՝ Արցախը հայաթափել կամ թողնել շատ սահմանափակ թվով մարդկանց։
—Դրանից հետո ի՞նչ կլինի, միջազգային հանրությունը կդատապարտի և վե՞րջ։
-Տեսեք, մինչև հիմա Ադրբեջանը ագրեսիվ քաղաքականություն է վարել, միջազգային դերակատարները, բոլորին նկատի ունեմ, որովհետև հիմա ես խտրականություն չեմ դնում, որովհետև «Արցախը ոչնչացումից 5 պակաս» ռեժիմում բարոյական էլ չէ ինչ–որ միջզգային դերակատարի պաշտպանության տակ առնելը։ Բոլոր միջազգային դերակատարները՝ ՌԴ–ն, ԵՄ–ն, ԱՄՆ–ն, ԵԱՀԿ–ն, պատասխանատու են Արցախում ստեղծված այս իրավիճակի համար։