ԿարևորՀասարակություն

Ադրբեջանը լայնածավալ հրետանային հարձակում է սկսել Լեռնային Ղարաբաղի վրա. Ռուբեն Վարդանյան

Ադրբեջանը լայնածավալ հրետանային հարձակում է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի վրա՝ թիրախավորելով քաղաքներն ու խաղաղ բնակիչներին, հայտնում է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

«120.000 հայերի նկատմամբ 8-ամսյա տոտալ շրջափակում կիրառելուց հետո, սովամահության և բարոյահոգեբանական ճնշումների ենթարկվելուց հետո, այժմ դիտավորյալ թիրախավորում են նրանց վերացնելու համար», — գրել է Վարդանյանը X-ում (նախկին Twitter):

«Սա կատարյալ ապացույց է այն բանի, որ անգործությունը և զուտ կոչերը Ալիևին անարդյունավետ են։ Նա անտեսել է բոլոր նախազգուշացումները, որոնք անխուսափելիորեն կհանգեցնեն բազմաթիվ մարդկային ողբերգությունների։ Միջազգային հանրությունը պատասխանատվություն է կրում Լեռնային Ղարաբաղում ծավալվող իրադարձությունների համար»,- հավելել է նա։

Արցախի ՊՆ-ն դեռ չի մեկնաբանում ստեղծված իրավիճակը։ Ադրբեջանական կողմը հարձակումն անվանել է «հակաահաբեկչական գործողություն»՝ ուղղված «Ղարաբաղում սահմանադրական կարգի վերականգնմանը»։ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը պատշաճ կերպով տեղեկացվել են Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ հարձակման իրենց ծրագրի մասին։

Back to top button