

Այս տարի կանադահայ ճանաչված ազգային գործիչ, գեղանկարիչ և քանդակագործ Յակոբ Ճանպազեանը երկու նոր գործերով հարստացրեց հայկական մշակութային և կրթական հաստատությունները։
Նա այսօր հաղորդման հյուրն է և միասին կներկայացնենք ազգային, քաղաքական, հասարակական գործիչ Սարգիս Զէյթլեանին և սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանին, որոնց նվիրված են հեղինակի վերջին ստեղծագործությունները։
Կանադահայ ճանաչված ազգային, հասարակական, համայնքային, կուսակցական գործիչ, գեղանկարիչ և քանդակագործ Յակոբ Ճանպազեանը ծնվել է Լիբանանի Այնճար հայավանում 1953 թ․ մայիսի 30-ին:
1975 թվականից Կանադայում հաստատվելուց ի վեր Յակոբ Ճանպազեանն իր աստվածատուր գեղանկարչական ու քանդակագործական տաղանդն ի սպաս է դրել հայ ազգային հոգևոր և մշակութային կյանքի հաստացմանը։
Նրա քանդակները զարդարում են հայկական եկեղեցիների, ազգային և համայնքային միությունների ու հաստատությունների սրահները, բակերը, շենքերը։ Նրա հայտնի ստեղծագործություններից են Քեյմբրիջում տեղադրված Մուսա լեռան հերոսամարտի հուշակոթողը, Նյու Ջըրզիի, Մոնթրեալի և Տորոնտոյի Հայ Ավետարանական եկեղեցիների բակերում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին ձոնված խաչքար-հուշակոթողները, Տորոնտոյի Հայ Կաթողիկե համայնքի եկեղեցու բակում տեղադրված Հայոց Ցեղասպանության հուշակոթող խաչքարն ու հայոց այբուբենին նվիրված հուշաքարը։
Նա է հեղինակել կանադացի զինվորների հիշատակին նվիրված 15տ կշռող գրանիտյա եզակի հուշակոթողը, Մոնթրեալի Ազգային Առաջնորդարանի տարածքում կանգնեցված գրանիտից խաչքարը, Էջմիածնական թեմի Տորոնտոյի Ս. Երրորդություն եկեղեցու Հայոց Ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող խաչքարը, ՀՕՄ-ի Կեդրոնական Վարչութեան «Արարատ» մրցանակի արվեստի եզակի գործը և շատ այլ ստեղծագործություններ։
Յակոբ Ճանպազեանն այն սերնդի ներկյացուցիչն է, որը պատիվ է ունեցել ոչ միայն անձամբ ճանաչելու Սարգիս Զէյթլեանին, այլև գործելու նրա հետ։
1985 թ․ մարտի 28-ին «Նշան Փալանճեան» ճեմարան տանող ճանապարհի վրա անհայտ անձինք առևանգում և անհայտ հանգամանքներում սպանում են ՀՅԴ Բյուրոյի անդամ և «Ազդակ Շաբաթօրեակ-Դրօշակ»-ի խմբագրապետ Սարգիս Զէյթլեանին։ Մինչև օրս նրա առևանգումը և եղերական սպանությունը չբացահայտված առեղծված են մնում։
1994 թվականից Երևանի համար 121 հիմնական դպրոցը կրում է սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանի անունը, որի կարգախոսն է եղել.
«Հող` եւ մարդիկ. հող` եւ հոգի. հող` եւ ամէ’ն բան…»։
Յակոբ Ճանպազեանի կերտած Էդուարդ Բոյաջյանի բրոնզաձույլ կիսանդրին այսուհետև կզարդարի նույնանուն դպրոցի շենքը։
Մանկավարժական գործունեությանը զուգահեռ Էդուարդ Բոյաջյանը զբաղվում էր նաև գրական, խմբագրական և ստեղծագործական բեղուն աշխատանքով։
Յակոբ Ճանպազեանը սիրով ներկայացրեց նաև, թե ինչպե՞ս միտք հղացավ կերտելու Էդուարդ Բոյաջյանի կիսանդրին։ Դանիել Վարուժանի «Ու ես կերթամ դեպի աղբյուրը լույսին․․․» պատգամով ամփոփեցինք հաղորդումը։