ԿարևորՍպորտ

Ոսկե և արծաթե մեդալներ՝ շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունից

Հայաստանի շախմատի պատանիների հավաքականը Ռումինիայի Մամայա քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությունում 1 ոսկե և 1 արծաթե մեդալ է նվաճել:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ Մ18 տարեկանների խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Արսեն Դավթյանը: Առաջին խաղափուլում պարտվելուց հետո Արսեն Դավթյանը 8 անընդմեջ հաղթանակ է տարել և 9 հնարավորից վաստակելով 8 միավոր՝ դարձել է ոսկե մեդալակիր: Առաջնության արդյունքներով Արսենը լրացրել է նաև միջազգային վարպետի նորմա: Սա Արսենի երրորդ նորման է:

Մ18 տարեկանների պայքարում հանդես է եկել նաև Էմին Օհանյանը և զբաղեցրել է 4-րդ տեղը:

Պատանեկան ԵԱ-ում հաղթողի կոչմանն արժանացել է նաև Լատվիան ներկայացնող հայազգի շախմատիստուհի Ագնեսա Տեր-Ավետիսյանը՝ հանդես գալով Մ16 տարեկանների խմբում: Ագնեսան 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր:

Հայաստանի ներկայացուցիչներից ԵԱ-ի փոխչեմպիոնի կոչումը նվաճել է Բենիկ Ագասարովը՝ մինչև 14 տարեկանների խմբում: Հայ շախմատիստն առաջնության ընթացքում ոչ մի պարտություն չի կրել և 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր:

Մ12 տարեկանների խմբում Տիգրան Համբարձումյանը զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը, իսկ Սոնա Կրկյաշարյանը Մ14 տարեկանների խմբում ցույց է տվել 5-րդ արդյունքը:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Միքայել Ռոստոմյանը 2023 թվականի շախմատի Եվրոպայի պատանիների առաջնության շրջանակում լրացրել է միջազգային վարպետի նորմա: Այս առաջնությունում Միքայելը վաստակել է 6.5 միավոր, զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը՝ 124 կետով բարելավելով իր վարկանիշը: Այժմ նրա վարկանիշը 2345 է:

Հայաստանից Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել է 36 շախմատիստ՝ 26 տղա և 10 աղջիկ:

Back to top button