ԱՄՆ–ի Սենատում հնչել են Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկներ


ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի գնահատում» խորագրով հրավիրված լսումների ժամանակ ոչ միայն իրավիճակի ճշգրիտ գնահատականներ են հնչել, այլ նաև Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու պահանջներ։ Քննարկումից հետո Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է՝ ԱՄՆ–ն ցանկանում է, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի։ Ամերիկյան կոչերին զուգահեռ միջաջազգային հանրությանն ուղղված կոչեր են հնչել նաև Երևանում։ Հայաստանում են Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, Միջազգային Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն էյբները և մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեսոնը։ Նրանք այցելել են Կոռնիձոր, ծանոթացել Լաչինի միջանցքի սկզբնամասում տիրող իրավիճակին և արդեն Երևանից դիմել են միջազգային հանրությանը։
ԱՄՆ Պետդեպը դեռ որոշում չի կայացրել Վաշինգտոնի կողմից Բաքվին սպառազինություն մատակարարելու թույլտվությունը երկարաձգելու անհրաժեշտության մասին, Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ Արցախի հարցով լսումների ժամանակ ասել է պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար Յուրի Քիմը։ Պետդեպարտամենտը հասկանում է, որ «շատ լուրջ և զգույշ մոտեցում է պահանջվում» այս հարցի քննարկման համար` նշել է նա։
Պատասխանելով ուղղումը չերկարաձգելու և Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին սենատորների կոչերին` Քիմն ընդգծել է՝ ոչինչ չեն բացառում։ Ամերիկացի պաշտոնյան զգուշացրել է․ «ԱՄՆ–ն չի հանդուրժի ԼՂ հայ ժողովրդի նկատմամբ էթնիկ զտման որևէ փորձ»։ Քիմը պնդում է, որ նոն –սթոփ ռեժիմով աշխատում են Երևանի, Ստեփանակերտի և Բաքվի հետ։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսի կարծիքով, սակայն, այսպիսի հայտարարությունները բավարար չեն։ Սենատորը ուշադրություն է հրավիրում, որ Ադրբեջանը սահմանի երկայնքով զորքեր է կուտակում, այսինքն՝ պետք է պատրաստ լինել ռազմական գործողությունների: Ըստ սենատորի՝ ժամանակն էական է, ենթադրում է՝ «մի քանի շաբաթ, այդքան ժամանակ ունեն»։
Սենատորը չի հասկանում, ինչ է պատկերացնում միջազգային հանրությունը, երբ հայտարարում է «այլևս երբեք»։ ԱՄՆ–ի ղեկավարությանը հարցնում է՝ ինչո՞ւ ավելի հրապարակայնորեն չեն քննարկում պատժամիջոցները այն գործունեության համար, որը ակնհայտորեն պատժելի է։
Պաշտոնական Վաշինգտոնը՝ թե Սենատի, թե Պետդեպարտամենտի մակարդակով պնդում են, որ միայն Ակնայի՝ Աղդամի ճանապարհի բացումը չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին։ Առավել ևս բավարար չէ Լեռնային Ղարաբաղ Աղդամի ճանապարհով ռուսական մեկ բեռնատարով հասցված մարդասիրական օգնությունը։ Ըստ վիճակագրության՝ նախկինում օրական 120 բեռնատար է մուտք գործել ԼՂ: Մեջբերելով Միջազգային Քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի միտքը, որ սովի մատնումը ցեղասպանության անտեսանելի զենքն է, Մենենդեսը նշել է՝ բարձր մակարդակով Սենատի ուղերձը պետք է հստակ լինի. «Դադարեցնել շրջափակումը, դադարեցնել սպառնալիքները Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ, դադարեցնել սպառնալիքները Հայաստանի նկատմամբ, անմիջապես բացել Լաչինի միջանցքը, պահպանել 2020 թ. նոյեմբերի 9-ի Ադրբեջանի ստանձնած պարտավորությունները»։
ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը բարձր է գնահատել Սենատում կազմակերպված լսումները։ Մեկ ժամից ավելի տևած քննարկումը, կարծում է, «օգնեց լույս սփռել Ալիևի էթնիկ զտումների կանխամտածված արշավի վրա, որը շարունակվում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի անօրինական շրջափակմամբ»,- գրել է կոնգրեսականը սոցցանցի իր էջում:
ԱՄՆ–ի պետքարտուղարությունը առայժմ շեշտը դնում է երկու առաջանահերթության վրա։
«Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերի ներկայացմամբ՝ առաջնահերթություն են Լաչինի միջանցքի անհապաղ բացումն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության հաստատումը»։
«ԱՄՆ–ն ցանկանում է, որ Լաչինի միջանցքն անհապաղ բացվի»,– ընդգծել է Միլլերը։
Մինչդեռ Միացյալ Թագավորության լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը համարում է, որ միջազգային հանրության քայլերը բավարար չեն Արցախում և Հայաստանում ստեղծված սպառնալիքները չեզոքացնելու համար։ Թվարկում է, որ ոչ մի գործուն քայլ չի տեսել ո՛չ ՄԱԿ–ից, ո՛չ ԵԱՀԿ–ից, ո՛չ ԱՄՆ–ից, ո՛չ ՆԱՏՕ–ից, ո՛չ Ռուսաստանից, ո՛չ էլ ՀԱՊԿ–ի դաշինքից։ Ահազանգում է, որ միջազգային հանրությունը փորձում է ժողովրդավարությունը հանձնել ավտորիտար համակարգին։
«Ես և շատ ուրիշներ խորապես վշտացած ենք միջազգային գերտերությունների գործողություններից, որոնք շարունակում են ճնշում գործադրել ՀՀ վրա՝ ընդունելու Ադրբեջանի ինքնիշխանությունը Արցախի նկատմամբ, ստանալու խաղաղության պայմանագիր և կնքելու առևտրային համաձայնագիր։ Սրա դիմաց Արցախի ժողովրդից ակնկալվում է, որ հրաժարվեն ինքնորոշման միջազգային իրավաչափ իրենց իրավունքից։ Հայտնի է, որ Ալիևների ընտանիքի ռեժիմը մարդու իրավունքների ոտնահարման տխրահռչակ պատմություն ունի։ Այդ թվում՝ Ադրբեջանի բնակչության նկատմամբ։ Որպես Ադրբեջանի քաղաքացիներ, սրանք են այն պայմանները, որոնց մեջ պետք է ինտեգրվի արցախահայությունը։ Միջազգային հանրությունը անում է ոչինչ»։
Միջազգային Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն էյբները Բարոնուհի Քոքսի և մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության գործադիր տնօրեն Սեմ Մեսոնի հետ եղել է Լաչինի միջանցքի սկզբնամասում, տեսել Կոռնիձորի հատվածում կուտակված բեռնատարերը, այցելել է նաև Հայաստանի այլ տարածքներ, որտեղ, իր ձևակերպմամբ, «հայկական հողի վրա տեղակայված է ադրբեջանական զինուժը»։ Էյբների տպավորություններով՝ միջազգային հանրությունն իր անգործությամբ աջակցում է շատ վտանգավոր մի ծրագրի․
«Միջազգային հանրության կողմից ոչինչ չես լսում ինքնորոշման իրավունքի մասին։ Սա օրակարգից դուրս է հանվել։ Միջազգային համայնքն այնպես չէ, որ անգործունակ նստած է, նրանք շատ մտահոգված են։ Նրանք շատ հստակորեն ասում են առանց հստակորեն ասելու, որ միջազգային համայնքը, գերտերությունները նախագծում են ամբողջ ժողովրդի ելքը Ղարաբաղից։ Մենք կարծում ենք, որ Ադրբեջանի ղեկավարները պետք է պատժվեն և պատժվեն հրատապ։ Մենք կողմ չենք տնտեսական այնպիսի պատժամիջոցների, որոնք Ադրբեջանի ժողովրդին ցավ կպատճառեն։ Ոչ։ Բայց նրանք, ովքեր քաղաքական և զինվորական, ռազմական պատասխանատվություն են կրում, նրանք պետք է պատժվեն որպես անհատներ»։
Ջոն Էյբների խոսքով՝ ինքը պատրաստվում է տեսածն ու արձանագրածը ներկայացնել առաջիկայում Ժնևում ՄԱԿ–ի կողմից կազմակերպվելիք հանդիպմանը։ Միջազգային քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահն ասում է, որ աշխատում են ԱՄՆ–ի, Շվեյցարիայի, Գերմանիայի և այլ երկրների խորհրդարանականների հետ և փորձելու են նրանց ուշադրությունը հրավիրել օր օրի սրվող խնդրի վրա։