ԿարևորՀասարակություն

Կանայք կմասնակցեն 2024 թ–ի ձմեռային զորակոչին

Կամավոր հիմունքներով պարտադիր զինծառայության համար կանայք կկարողանան ներգրավվել արդեն 2024 թվականի ձմեռային զորակոչին, կառավարության նիստում հարցի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատրաստ լինել ձմեռային զորակոչին։

«Ի՞նչ է նշանակում կամավոր և պարտադիր։ Իգական սեռի ցանկացած քաղաքացի կարող է 6 ամսյա ժամկետային ծառայության որոշում կայացնել և իր որոշումը փաստաթղթավորել։ Բայց զորակոչվելուց հետո 6 ամսվա ծառայությունը դառնում է պարտադիր։ Ժամկետային ծառայության վերջում ծառայությունն անցած կանայք կստանան 1 մլն դրամ։ Սրանով փորձում ենք մեծացնել կանանց ներգրավվածության մակարդակը զինված ուժերում, կանանց ներգրավվածության համար նոր ոլորտ ստեղծել, որտեղ նրանք կարող են լիարժեք աշխատանքային կարիերա անել։ Զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանք կարող են անցնել պայմանագրային ծառայության»,- ասել է նա։

Փաշինյանը հանձնարարել է լրջությամբ մոտենալ խնդրին և հիշել` բանակում չկա կին կամ տղամարդ, բանակում կա զինվոր։

«Մենք ֆիզիկապես պատրաստ կլինենք որպես ձմեռային զորակոչ իրենց ընդունելու, բայց, հաշվի առնելով այն աշխատանքը, որ մենք նախապատրաստում ենք նաև դպրոցներում, հիմնական ակնկալիքը լինելու է ամառային զորակոչին։ Բայց մենք պատրաստ ենք ընդունել 18-27 տարեկան իգական սեռի մեր քաղաքացիներին ձմեռային զորակոչին»,– ասել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիկոլ Փաշինյանն առաջակել է ամռան մասին մոռանալ և հիմա կենտրոնանալ ձմռան ուղղությամբ։ « Բոլոր ռեսուրսները պետք է ներդրվեն ձմեռային զորակոչին նախասահմանված թվով զորակոչիկներ ունենալու խնդիրը լուծելու համար»,-նշել է նա։

Back to top button