ԿարևորՀասարակություն

ԲԳՎ-ներով փախստականները չեն կարողանում տուն գնել. վկայագրերի գումարը ցածր է անշարժ գույքի շուկայական արժեքից

Արմավիրի մարզում 1988-1992թթ-ին Ադրբեջանից բռնի տեղահանված փախստական 13 ընտանիքներ շուրջ 35 տարի ապրում են ժամանակավոր կացարաններում: Օրեր առաջ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նրանց բնակարանների գնման վկայագրեր է հատկացրել, որտեղ նշված գումարի չափը չի համապատասխանում բնակարանների շուկայական արժեքին:

84-ամյա Սիրանուշ Նազլուխանյանն ապրում է աղջկա՝ Քնարիկ Մարտիրոսյանի ընտանիքի հետ։ 8 հոգով դժվարությամբ տեղավորվել են Մեծամորի հանրակացարանի երկու սենյակում: Շուտով ընտանիքում համալրում է լինելու, բայց բնակարանային պայմանները մեղմ ասած՝ բավարար չեն.

«Գանձակից՝ Կիրովաբադից ենք եկել այստեղ. հայրս մայրս, ես եղբայր, հարսս ու երկու երեխաները: Դեկտեմբերի 6-ին եկել ենք, 7-ին երկրաշարժ է եղել: Եղբորս ընտանիքը գնաց Կրասնոդար, ես ամուսնացա, ու մենք մնացինք այստեղ»:

35 տարում այս ընտանիքը չի կարողացել ձեռք բերել սեփական բնակարան: Օրեր առաջ ՆԳՆ միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը նրանց բնակարանի գնման վկայագիր է հատկացրել՝ 4 սենյականոց բնակարան գնելու նպատակով, սակայն վկայագրում նշված գումարը չի համապատասխանում շուկայական գներին: Բնակարանի գնման վկայագիր տարիներ առաջ էլ են ստացել ու չեն կարողացել իրացնել.

«Մի անգամ տվեցին 1մլն. 600 հազար դրամ, դրանով մենք չկարողացանք տուն գնել, հետո վերադարձրինք: Հիմա տվել են 7 մլն. 245 հազար դրամ, ես դրանով էլի չեմ կարողանա գնել, բայց փնտրում եմ»:

 Բնակարանների գնման վկայագրերի արժեքը հաշվարկվել է Կադաստրի կոմիտեի հրապարակած անշարժ գույքի շուկայի 2022թ առաջին կիսամյակում տվյալ բնակավայրում ձևավորված բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջինացված արժեքով, ասում է Արմավիրի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության գլխավոր մասնագետ Վարդան Ալեքսանյանը.

«Ըստ բնակավայրերի գները տարբեր են: Բնակարանի գնման վկայագրի գումարը ձևավորվում է կադաստրի տված տեղեկատվության հիման վրա: Կադաստրը տվյալ տարածքում կադաստրային արժեքով հաշվարկներ է կատարում և միգրացիայի ծառայությանը տրամադրում բնակարանների գնման 1քմ մակերեսի արժեքը, որով ձևավորվում է 1, 2, 3 կամ 4 սենյականոց բնակարանների գինը»:

2022թ հունվարին անշարժ գույքի շուկայում Մեծամորի բազմաբնակարան շենքերի բնակարանների 1 քմ մակերեսի միջին գինը 88 500 դրամ էր, դեկտեմբերին՝ 112 500 դրամ, իսկ 2023 թ հունվարին՝ 114 000: Այս հաշվարկով 8 հոգանոց ընտանիքը պետք է գնի 82քմ մակերեսով բնակարան:

Թեհմինե Եղիազարյան. «Տան գները շատ բարձր են, չենք կարող գնել: Չվերանորոգված բնակարանները նույնիսկ արժեն 40000-45000 ԱՄՆ դոլար: Այս վկայագարում նշված գումարով մենք չենք կարող բնակարան գնել»:

Արմավիրի մարզի ժամանակավոր կացարաններում 1988-92թթ-ին Ադրբեջանից բռնի տեղահանված 13 փախստական ընտանիք է բնակվում։ Նրանք առաջնահերթության կարգով հաշվառվել են, որպես բնակարանների գնման ծրագրի շահառուներ, ասում է Վարդան Ալեքսանյանը.

«Նրանք հիմնականում տեղավորված են Մեծամոր քաղաքում, Մերձավան և Երասխահուն գյուղերում: Մեծամորում ապրում են նախկին ԱԷԿ-ի հանրակացարանում՝ 7 ընտանիք, մեկ ընտանիք էլ՝ Մեծամորի հիվանդանոցի հարևանությամբ գտնվող փայտյա տնակում»:

Բնակարանների գնման վկայագրերով 13 ընտանիքները բնակարանները ձեռք են բերելու մեկ տարվա ընթացքում և ազատելու են ժամանակավոր կացարանները: Մեծամորի թիվ 25 շենքի հանրակացարանում է ապրում նաև Ռիտա Արզումանյանը: Նա ասում է, որ հույսը կտրելով պետության աջակցությունից, մեկ ամիս առաջ վարկով հիմնանորոգել է հանրակացարանի երկու սենյակները: Արզումանյանների երկու հոգանոց ընտանիքին մեկ սենյականոց բնակարան գնելու վկայագիր է տրամադրվել.

«Ինձ տրվել է 4 մլն դրամ՝ երկու հոգու համար. Իմ մայրն էլ է այստեղ ապրել, բայց մահացել է: Հանրակացարանը երկսենյականոց է: Այս գումարով մենք բնակարան չենք կարող ձեռք բերել, բացարձակ հնարավոր չէ դրանով տուն գնել, թեկուզ այն ընտանիքները, որոնց մի քիչ շատ են տվել, էլի չի հերիքում»:

Նույն հանրակացարանում ապրող Ժաննա Ծերունյանը դուրս է մնացել բնակարանի գնման հաշվառումից: Վկայագիրը եղբոր անունով է՝ երկու հոգու համար, 1 սենյականոցի արժեքով: Աշխատանք գտնելու հույսով եղբոր բազմանդամ ընտանիքը ամիսներ առաջ տեղափոխվել է Ռուսաստան: Ժաննա երկու սենյականոցում հիմա ապրում է մոր ու աղջկա հետ.

«Եղբորս՝ Արսեն Ջանյանի անունով է վկայագիրը, տվել են 4 մլն 300 հազար դրամ, մոտ 10000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար՝ մեկսենյականոց բնակարանի գին: Եղբայրս ունի երեք երեխա, այստեղ է մայրս, ես ու իմ աղջիկը, ինչու է մեկ սենյականոցի գին տրվել: Ես առանձին միայնակ մայր եմ՝ աղջկաս հետ, իմ անունը ընդհանրապես չեն գրել, բայց մենք միշտ եղել ենք ցուցակում: Ես ստիպված եմ հանրակացարանից դուրս եկել ու վարձով բնակվել, քանի որ եղբորս տղային ամուսնացրել էին»:

Ժամանակավոր կացարաններում ապրող փախստական ընտանիքները ստացել են բնակարանի գնման վկայագրերը, բայց դժվարանում ենդրանք իրացնել: Արմավիրի մարզպետի աշխատակազմի ոլորտի պատասխանատու Վարդան Ալեքսանյանը նշում է, որ վկայագրով Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը այլ հնարավորություն էլ է ընձեռել.

«Վկայագրով քաղաքացին կարող է բնակարան ձեռք բերել հիպոթեքով, այս դեպքում վկայագիրը ծառայելու է, որպես բնակարանի գնման կանխավճար»:

1988-92թթ-ին Ադրբեջանից բռնագաղթած և Մեծամորում ապրող փախստական ընտանիքներում սերունդներ են փոխվել, բայց շարունակում են ապրել ժամանակավոր կացարաններում: Իսկ վկայագրերի վավերականության ժամկետը մեկ տարի է:

Back to top button