ԵՄ դիտորդներն իրավիճակին կհետևեն նաև Իջևանից


Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունն օպերատիվ գրասենյակ է բացել Տավուշի մարզի Իջևան քաղաքում։ Սա առաքելության արդեն 6-րդ գրասենյակն է։ Եվրամիության 100 քաղաքացիական դիտորդները Հայաստանում են փետրվարից, հոկտեմբերից այստեղ էր դիտորդների առաջին ու ավելի փոքր կազմը։ Ի՞նչ է փոխել նրանց շուրջ մեկամյա ներկայությունը տարածաշրջանում, որ խնդիրներն է հաջողվել լուծել, իսկ որոնք՝ ոչ․ այս հարցերն ուղղել ենք փորձագետներին։
Երբ նախորդ տարվա հոկտեմբերին Հայաստան ժամանեցին եվրոպացի առաջին դիտորդները, իսկ փետրվարի վերջին նրանց միացավ 100 հոգանոց խումբը, կարծիքները բաժանվում էին երկու մասի՝ ԵՄ առաքելության տեղակայումը կբարդացնի տարածաշրջանային իրադրությունը, բայց նաև կսառեցնի հայ-ադրբեջանական լարվածությունը։ Շուրջ մեկամյա հեռավորությունից ի՞նչ արդյունքներ կարող ենք արձանագրել՝ ԵՄ տեղակայումը բարդացրեց իրավիճակը, թե՞ օգնեց լարվածության զսպմանը։
Քաղաքագետ Արագ Քոչինյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում նշում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կատարել է իր առջև դրված խնդիրները՝ հիշեցնելով, որ ժամանակին ինքը ևս պնդում էր, որ առաքելությունը զսպող նշանակություն է ունենալու։
«Մենք պետք է արձանագրենք, որ առնվազն 2020 թ․ սեպտեմբերյան ագրեսիայի մասշտաբի, խորության ու հզորության ագրեսիա Հայաստանի դեմ չի արձանագրվել։ Իհարկե, չի կարելի ասել, թե սա ամբողջությամբ ԵՄ դիտորդական առաքելության միջոցով կամ շնորհիվ է, բայց ես կարծում եմ, որ ԵՄ առաքելությունը դրանում ունեցել է իր հստակ դերը, նշանակությունը։ Դրանով պայմանավորված՝ ԵՄ–ի կողմից տեղակայված գործիքը պետք է համարել արդյունավետ՝ խիստ չափավոր լինելով մեր ակնկալիքների մեջ, քանի որ ԵՄ–ն ՀՀ–ի առջև որևէ պարտավորություն չունի անվտանգության երաշխիքներ կամ անվտանգություն տրամադրելու՝ ի տարբերություն մեր ռազմավարական դաշնակցի»։
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն այլ կերպ է գնահատում ԵՄ առաքելության արդյունավետությունը։ Նրա կարծիքով՝ ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը Հայաստանում արտաքին քաղաքականության բաղադրիչ է և ոչ ավելին։
«ԵՄ դիտորդական խմբերն իրականում ոչ մի զսպող մեխանիզմ չեն կարող ունենալ, պարզապես նրանց առաքելությունն այն է, որ իրենք ավելի ստույգ տեղեկություններ են Բրյուսել փոխանցում։ Մեծ հաշվով թե ԵՄ դիտորդական առաքելությունը, թե ՌԴ խաղաղապահ զորախումբը, ըստ էության գտնվելով ՀՀ-ում կամ Արցախում, այդպես էլ չկարողացան իրականացնել իրենց առջև դրված խնդիրը։ Իսկ խնդիրն այն է, որ նրանց ներկայությունը պետք է գոնե զսպեր Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումները։ Նույնիսկ ականատես եղանք, որ հենց ԵՄ դիտորդների ներկայությամբ կրակեցին, ինչը ևս մեկ անգամ փաստում է, որ անգամ դիտորդների ներկայությունը տվյալ տեղամասում չի երաշխավորում անվտանգությունը»։
Վերոնշյալ դեպքն արձանագրվեց մոտ մեկ ամիս առաջ ։ ՊՆ–ն հաղորդագրություն տարածեց, որ Ադրբեջանի ԶՈՒ–ն կրակել է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց պատկանող ավտոմեքենայի ուղղությամբ։ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը հերքեց այս տեղեկությունը: Ավելի ուշ, սակայն, այս հերքումը հեռացվեց ու տարածվեց տեղեկություն, որը փաստում էր ՀՀ ՊՆ հաղորդման իրավացիությունը։
Հայաստանում այսօր բացվել է առաքելության արդեն 6-րդ գրասենյակը։ Այն Տավուշի մարզի Իջևան քաղաքում է։ ԵՄ առաքելությունը գրասենյակներ ուներ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, Ջերմուկում, Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում։ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ կենտրոնը Եղեգնաձորում է։
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստան ժամանեց նախորդ տարվա հոկտեմբերին՝ երկու ամիս ժամկետով, այս տարվա սկզբին արդեն որոշվեց երկարացնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ քաղաքացիական առաքելություն տեղակայման ժամկետը՝ երկու տարով։ ԵՄ դիտորդական կազմում ընդգրկված են ֆրանսիացի ժանդարմներ, գերմանացի ոստիկաններ, ներկայացուցիչներ ԵՄ ավելի քան 25 երկրներից։ Նշվում էր, որ ԵՄ առաքելության դիտորդները զինված չեն, նրանք ժամանել են դիտարկումներ անելու, իրավիճակն արձանագրելու և զեկույցներ ներկայացնելու համար։ Կարեն Հովհաննիսյան
«Մեծ հաշվով սա արվում է նրա համար, որ հետագայում Բրյուսելն իր քաղաքականության մեջ այդ տվյալները նկատի ունենա։ Օրինակ՝ երբ Ադրբեջանը, օրինակ, մի օր փորձի անդամակցել ԵՄ–ին, ապա այս ամենը կդիտարկվի։ Գուցե նաև զեկույցներ կազմելու գործում նշանակություն ունենա, բայց մեծ հաշվով դրա նպատակն այնքան էլ Հայաստանը չէ»։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը, մինչդեռ, ԵՄ առաքելության դիտարկումները զեկույցներում ներառելու հարցը երկրորդական նշանակության հարց է համարում։
«Առաջնային հարցն այն է, որ հայ-ադրբեջանական սահմանն ավելի թափանցիկ, հաշվետվողական ու վերահսկելի դարձնող գործիք է»։
Նա համոզված է՝ Հայաստանում ԵՄ գրասենյակների թվաքանակի ու առաքելության լիազորությունների ավելացումը արդյունավետ կլինի իրավիճակի վերահսկման առումով։ Քոչինյանը զուգահեռներ է տանում Հայաստանում ու Վրաստանում ԵՄ առաքելության տեղակայման տարածքների ու թվաքանակի միջև։
«Նման անհրաժեշտություն միանշանակ կա։ Թեև ՀՀ–ում տեղակայված առաքելությունը 1000 քկմ տարածք է մոնիտորինգ անում, իսկ Վրաստանում՝ 500-ից պակաս, սակայն Վրաստանում ԵՄ առաքելության թվաքանակը երկու անգամ մեծ է, ինչը նշանակում է, որ ՀՀ–ում տեղակայված առաքելությունն առնվազն իր մանդատի երկայնքով պետք է քառապատկվի»։
Երկու օր առաջ, ի դեպ, առաքելության ներկայացուցիչներից մեկը հրապարակվել էր գրառում, որտեղ նշված էր՝ «Մենք գիշեր-ցերեկ պարեկություն ենք իրականացնում հայ-ադրբեջանական սահմանագոտում և առճակատման գծում՝ վերահսկելու ցանկացած ռազմական իրադարձություն, ներառյալ՝ կուտակումներն ու կրակոցները:
ԵՄ քաղաքացիական առաքելությունն ուժեղացված պարեկություն է իրականացնում առավել մտահոգող տարածքներում՝ ԵՄ-ին իրավիճակի մասին տեղեկացնելու և լարվածությունը նվազեցնելու համար», – գրել էր եվրոպացի դիտորդը: