

Ամառային արձակուրդից հետո խորհրդարան վերադարձած պատգամավորները ստիպված են եղել ոչ միայն քննարկել օրակարգային հարցերը, այլև անդրադառնալ Հայաստանում և Արցախում վերջին շրջանում լարված ռազմաքաղաքական իրադրությանը։ Արդյո՞ք Հայաստանը փոխում է իր քաղաքական վեկտորը․ թեև այս հարցին ուղիղ և հստակ պատասխան չի տրվում, բայց ՌԴ–ից հնչող դժգոհություններին ի պատասխան ընդգծվում է՝ Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության իրավունքները։ Այսօր խորհրդարանում է եղել նաև ՀՀ պաշտպանության փոխնախարարը։
Ռազմական էսկալացիայի ռիսկը տարածաշրջանում շատ մեծ է` ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։ Ըստ փոխնախարարի՝ ՊՆ-ն իր իրավասության շրջանակում քայլեր ձեռնարկում է՝ տարածաշրջանում իրավիճակը չապակայունացնելու և ընդհանուր իրավիճակի վրա որևէ կերպ բացասական ազդեցություն չունենալու իմաստով: Սակայն փոխնախարարը հաստատում է՝ Ադրբեջանը շփման գծում ռազմական տեխնիկա է կուտակում, ինչը երևում է պաշտպանական գերատեսչությունների հրապարակած տեսանյութերում։
«Այնտեղ պարզ երևում է՝ և՛ հրետանային միջոցներ են, և՛ կարծես թե ռազմական տեխնիկա։ Այդ մասին խոսվել է, և չեմ ցանկանում ևս մեկ անգամ ավելորդ դրա մասին խոսել։ Մեր տարածաշրջանը այնպիսինն է, որ մշտապես այդ ռիսկն առկա է։ Սակայն մենք որպես պետություն պետք է ձեռնարկենք քայլեր, որպեսզի գործը էսկալացիայի և առհասարակ ռազմական մեծ գործողությունների չհասնի»։
Անցած շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ Ադրբեջանը շարունակում է զորքեր կուտակել Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով։ Ռազմաքաղաքական իրավիճակի էական սրումը տարածաշրջանում նկատելի դարձավ օգոստոսի վերջին, իսկ սեպտեմբերի 1–ին արձանագրվեց սահմանային հերթական սադրանքը, որի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունեցավ, Ադրբեջանը հայտնեց երեք վիրավորի մասին։ Փաշինյանը պնդում է, որ Ադրբեջանն ի ցույց է դնում ընդդեմ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության նոր ռազմական սադրանք ձեռնարկելու իր մտադրությունը, իսկ Բաքուն հերքում է՝ հայտարարությունները «քաղաքական մանիպուլյացիա» որակելով։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, փորձագետ Տիգրան Աբրահամյանը հստակ ուղղություններ է նշում Արցախում, որոնք, ըստ ադրբեջանական զինուժի կուտակումների, կարող են հնարավոր հարվածի թիրախ դառնալ։
«Արցախի ուղղությամբ ադրբեջանական զորքերի հիմնական կենտրոնացումը Ակնայի, այսինքն՝ նախկին Աղդամի ուղղությամբ է, որը հարակից է Արցախի Հանրապետության Մարտունու, Ասկերանի և Մարտակերտի շրջաններին։ Այդ ուղղությամբ նկատելի են անընդհատ համալրումներ՝ և՛ զրահատանկային, և՛ հրետանային, և՛ հրթիռային զորքերի առումով»։
Պատգամավորը պատահական չի համարում, որ Ադրբեջանը նախօրեին տապալել է նախապես բանակցված և գրեթե համաձայնեցված ռուսական առաջարկը՝ ռուսական հումանիտար օգնության մուտքը Արցախ կազմակերպելու հարցում։
«Չի բացառվում, որ այստեղ կա նաև որոշակի աշխարհաքաղաքական ազդեցություն։ Չի բացառվում, որ Թուրքիան, ինչու չէ, նաև միջնորդավորված միջազգային դերակատարներ Թուրքիայի միջոցով փորձել են տապալել գործընթացը Արցախում։ Հաշվի առնելով առաջին հերթին այն հանգամանքը, որ կային տարբեր առաջարկներ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններից, և սա եղել է ռուսական տարբերակը։ Երկրորդը՝ Ադրբեջանն իմ տպավորությամբ, փորձում է տապալել այս պրոցեսը, դրանով իսկ հիմքեր նախապատրաստել Արցախի և զուգահեռ նաև ՀՀ–ի նկատմամբ ագրեսիայի համար։ Իհարկե, Ադրբեջանին չհաջողվեց ցույց տալ, որ այս իրավիճակում բանակցային գործընթացը տապալողը Արցախի իշխանություններն էին, որովհետև բոլոր դերակատարների համար հստակ էր, և եղան որոշ հայտարարություններ, որ իրականության մեջ Ադրբեջանն է հետ կանգնել նախապես պայմանավորված այդ առաջարկից»։
«Հայաստան» խմբակցությունից պատգամավոր Արթուր Խաչատրյանի վերլուծություններով վերջին շրջանի սրացումը և անկայուն իրավիճակը Հայաստանի կողմից քաղաքական վեկտորը փոխելու ցանկության հետ է կապված։ Պատգամավորը դա անընդունելի է համարում․
«Ես, անկեղծ ասած, չեմ հիշում, որ որևէ նոր «գործընկեր» պատրաստակամություն հայտնի այստեղ զինված կոնտինգենտ ուղարկելու։ Հայաստանը հույս ունի արևմտյան անվտանգային համակարգին միանա, եթե այդպիսի համակարգ կա, որովհետև ՆԱՏՕ–ին զուգահեռ «Հաուկուս»–ը ստեղծվեց, Ֆրանսիա–Կիպրոս–Հնդկաստան այլ առանց կա։ Փորձ են անում դեպի Արևմուտք շեղվել, բայց, կարծում եմ, իրենք երբ Արևմուտք են նայում, տեսնում են Թուրքիային։ Ֆրանսիան Հայաստանից արևմուտք չի երևում, ոչ էլ ԱՄՆ–ն է երևում։ Այս տարածաշրջանի համար պատմականորեն պայքարել են Ռուսաստանը և Թուրքիան։ Այնպես որ՝ հաշվարկները սխալ են»։
Խորհրդարանական մեծամասնությունից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, գեներալ–լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը Հայաստանի իրավունքն է համարում տարբեր ուժային հարցերին առնչվող որոշումների ընդունումը։ Հիշեցնում է՝ մի քանի անգամ ռազմական էսկալացիա է եղել Հայաստանի նկատմամբ, բայց ՀԱՊԿ–ը և դաշնակից երկիրը տարբեր հիմնավորումներ են գտել այստեղ չգալու համար։
«Մենք հույսը պետք է դնենք մեր վրա, մեր ժողովուրդը պետք է հույսը դնի իր վրա։ Բայց նաև մենք պետք է փնտրենք բարեկամներ։ Մենք միշտ նվիրվել ենք Ռուսաստանին մինչև վերջ, բայց վերջապես ուրիշ երկրներ էլ կան։ Պետք է բարեկամություն անենք նաև մյուս երկրների հետ։ Հիմա սկսում ենք բարեկամություն անել Հնդկաստանի հետ, եվրոպական պետությունների հետ, ԱՄՆ–ի հետ, Իրանի հետ։ Ինչո՞ւ են ծանր տանում»։
Մինչ Հայաստանի խորհրդարանում քննարկում են Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի նկատմամբ հնարավոր ռազմական էսկալացիայի հարցը, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետը մեկնում է Թուրքիա։
Այս թեմայի առնչությամբ ազդակներ է փոխանցում նաև Իրանը։ Շեշտում են, որ ադրբեջանական կողմը Թեհրանին վստահեցրել է՝ ռազմական հարձակման մտադրություն չունի: Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանիի խոսքով՝ Բաքուն Իրանին տեղեկացրել է, որ ռազմական հարձակում իրականացնելու մտադրություն չունի, և որ վերջին զորաշարժերը «սովորական ռազմական գործողություն են ձմեռային սեզոնին ընդառաջ, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»։
Քանանին կրկնել է պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը՝ Իրանը հյուսիսային հարևանների հետ սահմանների անվտանգության հարցում զգայուն է և ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային զարգացումներին:
Իրանի ԶՈւ ԳՇ–ի պետի՝ միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Մոհամմադ Ամիր Ահադին իր հերթին, Բաքվում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին, անհիմն է որակել լուրերը, թե Իրանը երկրի հյուսիսում զորք է կուտակել, և Ադրբեջանի հետ հավանական պատերազմի դեպքում այդ զորքերը մուտք են գործելու Հայաստան։