ԿարևորՀասարակություն

Կհասնի՞ արդյոք ռուսական խորհրդանշական բեռնատարը Արցախ

Ադրբեջանը հերթական անգամ խախտել է պայմանավորվածությունը։ Ռուսաստանի կառավարությունը հանդես է եկել Արցախին հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով այնտեղ ստեղծված հումանիտար ճգնաժամը: Մարդասիրական օգնություն տեղափոխող ռուսական բեռնատարն Արցախ պետք է հասներ Ակնայի ճանապարհով։ Արցախի Տեղեկատվական շտաբը հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունները, ելնելով շրջափակման հետևանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերանով ռուսական բեռների մուտքը: Նշվում էր, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Բայց միջանցքը փակ է, ռուսական խորհրդանշական բեռնատարն էլ դեռ Արցախ չի հասել։

Ադրբեջանը հերթական անգամ խախտում է պայմանավորվածությունը․ ռուսական բեռնատարն Ակնայով Արցախ չի հասնում։ Սեպտեմբերի 9-ին Արցախի իշխանությունները, ելնելով Ադրբեջանի կողմից իրականացվող լիակատար շրջափակման հետեւանքով առաջացած սուր հումանիտար խնդիրները մեղմելու անհրաժեշտությունից, որոշել են թույլ տալ Ասկերան քաղաքով ռուսական բեռների մուտքը Հանրապետություն հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից։ Արցախի հանրային ռադիոյի մեր գործընկերները տեղում պարզել են՝ բեռն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում է։ Դավիթ Եղիազարյանն անձամբ է զրուցել բնակիչների հետ և փոխանցում է նրանց ընդհանուր տրամադրությունները։ Մարդիկ շարունակում են հերթափոխով հսկել Ակնայից Ասկերան հատվածը, այնտեղ, որտեղ շփման գիծն է անցնում․

«Բնակչության մեծ մասը դեմ է որևէ տեսակի բեռի անցնելուն, որովհետև շատ լավ հասկանում են, որ ցանկացած մեքենա այդ ուղղությամբ հատի ճանապարհը՝ Ակնայից Արցախ մուտք գործի, դա ըստ էության կնշանակի վերջ»։

Արցախում ու ոչ միայն շատ լավ գիտեն, եթե անգամ մեկ մեքենա մուտք գործեց Արցախ, ապա Ադրբեջանը կսկսի դա օգտագործել քարոզչական նպատակով՝ աշխարհին հայտարարելով, թե շրջափակումը վերացված է։ Մեր գործընկեր Դավիթ Եղիազարյանը նաև փոխանցում է․

«Նույնիսկ Քաշաթաղի միջանցքը բացվելու դեպքում Ադրբեջանը կունենա քարտ բլանշ ցանկացած պահի փակելու Քաշաթաղի միջանցքը՝ հայտաարելով իրենց ձևակերպմամբ «սեփական քաղաքացիներին» ու, ինչպես ադրբեջանական քարոզչությունն է նշում, ղարաբաղի հայկական ծագումով քաղաքացիներին, պարենով լիարժեք ապահովում է։ Քաշաթաղի միջանցքի կարիք չկա ու վերջ»։

Իրավիճակը Արցախում ծայրահեղ ծանր է, իսկ ըստ Արցախի տեղեկատվական շտաբի հայտարարության՝  ՌԴ–ից Արցախ են ուղարկվում առաջին անհրաժեշտության ապրանքներ․

«Ռուսաստանի Դաշնության կառավարությունը հանդես է եկել Արցախի Հանրապետությանը հումանիտար օգնություն տրամադրելու նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով մեր հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամը: Օգնությունը, որը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ, օրերս Արցախ է ուղարկվել ռուսական Կարմիր խաչի միջոցով՝ այդ կազմակերպության մեքենաներով»։

Հենց այս հայտարարությունում էր նշվում, որ միաժամանակ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ Լաչինի միջանցքով վերականգնվելու են հումանիտար բեռնափոխադրումները ռուս խաղաղապահների ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից: Բայց ինչպես հայտնի է, Ադրբեջանը խախտել է պայմանավորվածությունը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն արձանագրում է․

«Արցախում այս պահին հումանիտար իրավիճակը բավականին ծայրահեղ փուլում է։ Բացի նրանից, որ հացահատիկի ու ցորենի մեծ խնդիր կա, մարդիկ առօրյա հացի խնդիր ունեն։ Առաջին անհրաժեշտության ապրանքների ու բուժօգնության հետ կապված միջոցների խնդիրներ են առաջացել։ Իրավիճակը կատաստրոֆայի առումով պիկին է մոտենում»։

Աբրահամյանը հիշեցնում է՝ ստեղծված իրավիճակում ռուսական Կարմիր Խաչի միջոցով սիմվոլիկ մեկ մեքենայի մուտք էր նախատեսվում, որից հետո Քաշաթաղի միջանցքը կբացվեր, բայց՝ ոչ ամբողջությամբ։ Ադրբեջանական անցակետը շարունակելու է գործել։  Սրան նաև Ադրբեջանն էր համաձայնել, բայց այդ երկիրը անհամաձայնություն է հայտնել այդ առաջարկի նկատմամբ՝ ներկայացնելով նոր պահանջներ․

«Միայն Աղդամի ճանապարհի բացում։ Ռուսական ուղեբեռից բացի, նաև ադրբեջանական մահիկի բեռնատարների մուտք դեպի ԱՀ տարածք։ Սա բնականաբար ընդունելի չի եղել Արցախի իշխանությունների համար, որի մասին ռուսական կողմին են տեղեկացրել։ Կարծում եմ՝ դա ընկալելի է եղել ռուսական կողմին՝ ինչու է Արցախի իշխանությունը նման դիրքորոշում ունեցել, քանի որ ամեն ինչ իրենց աչքի առաջ է տեղի ունեցել։ Այս փուլում կարելի է այդ գործընացը ձախողված համարել»։

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ընդգծում է՝ Արցախի նոր իշխանությունը չվախեցավ ու հայտարարեց՝ եթե դա մեկ ռուսական մեքենա է, ապա կարող է մուտք գործել Արցախ։ Վարդանյանը նախկինում հայտարարում էր, որ դեմ է Ակնայի ճանապարհի բացմանը։ Այժմ էլ կոշտ քայլերի կողմնակից է․

«Կարմիր գիծը դա Բերձորի միջանցքի բացումն էր, ու այն խախտված է։ Միանշանակ դա է մեր կարծիքը, այն չի փոխվել՝ պետք է բացվի Բերձորի միջանցքը։  Ստեղծված իրավիճակում մեր շարժումը կարծում է, որ Ադրբեջանից ներմուծվող ցանկացած բեռ անընդունելի է։ Դա շատ վտանգավոր է։ Բայց որոշումը Արցախի իշխանությանն է, մենք պնդում ենք, որ դա շատ վտանգավոր է, բայց եթե ռուսական մեկ սիմվոլիկ մեքենան կարող է Բերձորի միջանցքի բացվելուն նպաստել, ապա իշխանությունը թող ինքը որոշի»։

Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը սոցցանցում հետևյալ գրառումն է արել․

«Խիստ հրամայական է, որ բոլոր միջազգային դերակատարները հրապարակայնորեն արձանագրեն ադրբեջանական կողմի ապակառուցողական պահվածքը՝ դուրս գալով զուտ խոսքերի շրջանակից ու գործնականում ճնշում գործադրելով նրա վրա։

Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության սովորական մոտեցումը մեղսակցությունն է: Ցեղասպան ռեժիմների հետ բանակցությունների և միջնորդության ստանդարտ մոտեցումը հավասարազոր է մեղսակցության»։

Բեգլարյանը նաև հիշեցրել է, որ ինքն այլևս պաշտոնյա չէ, և իր հայտարարությունները ոչ պաշտոնական են, փորձագիտական ​​կարծիք։

Միջազգային անդրադարձը դարձյալ կոչերի տեսքով է։

 

Back to top button