

Երաժշտագետ, արվեստագիտության դոկտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Աննա Արևշատյանի հետ այսօր ներկայացնելու ենք «Ներսես Շնորհալին և հայ հոգևոր երգաստեղծությունը» վերնագրով թեման, որն ավելի հանգամանորեն հեղինակն առանձին զեկուցումով ներկայացրել է 2023 թ․ հունիսի 21-23-ին Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանում տեղի ունեցած հայագիտական միջազգային գիտաժողովում, որի խորագիրն էր «Ներսես Շնորհալի՝ բազմաշնորհ հայրապետը»։
Հայ բանաստեղծ, մատենագիր, երաժիշտ-երգահան, քաղաքական-հասարակական, կրոնական գործիչ, 1166 թվականից՝ Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին կամ Ներսես Դ Կլայեցին ծնվել է մոտ 1100 թվականին Ծովք դղյակում` Ծոփաց նահանգի Անձիտ գավառում և վախճանվել 1173 թ․ Հռոմկլայում։ Լինելով իշխան Ապիրատ Պահլավունու որդին և Գրիգոր Մագիստրոս Պահլավունու ծոռը, նա կաթողիկոսական գահին հաջորդել է իր ավագ եղբորը՝ Գրիգոր Գ Պահլավունուն:
Մինչև կաթողիկոս ձեռնադրվելը եղել է Գրիգոր Գ Պահլավունու օգնականն ու խորհրդատուն։ Հիմնավոր կրթություն է ստացել Քեսունի մոտ գտնվող Կարմիր վանքի դպրոցում՝ աշակերտելով Ստեփանոս Մանուկ եպիսկոպոսին:
Շնորհալին թողել է գրական հարուստ ժառանգություն՝ արձակ մեկնություններ, թղթեր, ճառեր, չափածո շարականներ, տաղեր, մեղեդիներ, գանձեր, ներբողներ, հանելուկներ, վիպերգական, վիպաքնարական բնույթի քերթվածներ, քերթողական ոտանավորներ, խրատներ, ներտաղականներ, հորդորակներ և այլն:
Նրա ստեղծագործությունները վկայում են այն մասին, որ նա օժտված է եղել բանաստեղծական և երաժշտական աստվածատուր ձիրքերով: Հատկապես բազմազան են նրա ջատագովական աշխատանքները, որոնց զգալի մասը պաշտոնապես կիրառության մեջ էր մտել դեռևս Գրիգոր Գ Պահլավունի կաթողիկոսի օրոք:
Շնորհալին հստակ համոզմունքեր ունեցող անհատականություն էր, նա տարբերվում էր իր ժամանակի գործիչներից ազատական գաղափարներով, միաժամանակ՝ խիստ հայամետ դիրքորոշմամբ և, իհարկե, նրա ողջ գործունեության բնորոշ առանձնահատկությունն առաջադիմական բարեփոխումներն ու բարենորգումներն էին։
Ներսես Շնորհալու հայրապետության սկիզբը նշանավորվեց «Թուղթ ընդհանրական»-ով, որը որպես օրհնության անդրանիկ կոնդակ, ուղղվեց բոլոր հայկազուններին: Եկեղեցականներին ու աշխարհականներին ուղղված այդ հանճարեղ գործը մինչև օրս չի կորցրել իր այժմեականությունն ու հնչեղությունը, այն եկեղեցական կանոնների լավագույն ձեռնարկ և եկեղեցական բարեկարգության հստակ ուղեցույց է:
Ո՛չ միայն այս գործը, այլև Շնորհալու ողջ ժառանգությունը, հիրավի, հեղափոխական նշանակություն ունեցավ ամբողջ հայ մշակույթի զարգացման մեջ։ Թերևս այդ ահռելի ազդեցությունն էլ պատմականորեն առանձնացրեց մինչև Շնորհալին և Շնորհալուց հետո ոչ միայն հայ հոգևոր երգաստեղծության ժամանակաշրջանները, այլև ողջ հայ մշակույթի պատմությունը։
Անդրադարձանք նաև համաշխարհային մեծություն Ներսես Շնորհալու հարուստ ժառանգությունը հանրահռչակելու կարևորությանը, մանավանդ, նախադպրոցական և դպրոցական կրթության ոլորտներում։
Խոսել միջնադարյան գրականությունից ու չանդրադառնալ ցավոտ մի հարցի, չէինք կարող։ Խոսքն այն մասին է, որ ուսումնական ծրագրերից հանվում են միջնադարյան բազմաթիվ հայ հեղինակներ։
Ներսես Շնորհալու հոգևոր գրական, երաժշտական ժառանգությունը հայ մշակույթի գանձարանը հարստացրեց մնայուն արժեքներով, որոնցով ոգշնչվեցին, կրթվեցին, դաստիարակվեցին հետագա սերունդները։
Տիկին Արևշատյանը ներկայացրեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում 2022-2023 թթ. կտրվածքով ներառված Ս. Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում առաջիկայում սպասվելիք իրադարձությունները։