ԿարևորՀասարակություն

Ի՞նչ լեզվով Երևանը կխոսի իր օտարերկրյա «քույրերի» հետ

Ի՞նչ լեզվով Երևանը պետք է խոսի իր օտարերկրյա քույրերի՝ քույր քաղաքների ու գործընկերների հետ։ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերը տարբեր պատկերացումներ ունեն այս հարցի շուրջ, սակայն դրանցից ոչ մեկը արտացոլված չէ նրանց նախընտրական ծրագրերում։ «Քույր քաղաքը» որևէ կիրառական նշանակություն չունեցող երևո՞ւյթ է, թե՞ նոր գաղափարներ ունենալու և դրանք երևանյան միջավայրում ներդնելու հնարավորություն։

Երևանն ունի 56 քույր, 10 գործընկեր քաղաք, բայց դրանցից որևէ մեկի հետ համագործակցության որևէ քայլ Ավագանու ընտրություններում հաղթել հավակնող ուժերից ոչ մեկի նախընտրական ծրագրում հնարավոր չէ գտնել։ Ավելին՝ քաղաքական ուժերից շատերին համագործակցության հուշագրերի առկայությունը բնավ չի ոգևորում։

Երևանի քույր քաղաքների ցանկը

«Հայաստանի Եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Տիգրան Խզմալյան․«Այդ քույր քաղաքների ճնշող մեծամասնությունը կեղծիք է, այս ամենը տուրք էր ժամանակի կեղծ բարեկամություն գաղափարներին»։

«Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյան․«Եթե ես դարձա քաղաքապետ, այդ քաղանքերի քանակն ավելանալու է»։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյան․«Իրենք էլ մեզնից շատ սովորելու օգտակար բաներ ունեն։ Փորձի փոխանակում պետք է իրականացնել յուրաքնաչյուրի հետ»։

 «Միացյալ Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Երվանդ Թարվերդյան․«Երևանը քաղաքակրթության հիմքերում եղած քաղաք է, թող նրանք մեզնից սովորեն»։

***

Այնուամենայնիվ, քաղաքական ուժերի նախընտրական ելույթներում հաճախ կարելի է լսել այլ քաղաքների օրինակելի փորձը յուրացնելու ու կիրառելու խոստումներ։

«Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ որ թեկնածուն ինչպես է պատկերացնում համագործակցությունը այլ քաղաքների հետ քաղաքապետ ընտրվելու դեպքում։ «Հաղթանակ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Վիկտոր Մնացականյանի խոսքով՝ այդ համագործակցությունը շատ գործնական է լինելու․

«Ինձ վրա մեծ ազդեցություն է ունեցել Լոս Անջելես քաղաքի և հարակից Գլենդելի քաղաքապետարանի աշխատանքը։ Ես պարբերաբար գնում եմ, հանդիպում եմ։ Գլենդելում կա երթևեկության ինժեներ Ջանոն, ամերիկայի ամենահեղինակավոր թրաֆիք ինժեներներից է, մենք հանդիպել ենք, կապի մեջ ենք, ինքը շատ սրտացավ է Երևանի համար, մեզ օգնում է Երևանի տրաֆիքի բարեփոխման համար։ Լոս Անջելեսի տրանսպորտի դեպարտամետում 40 հայ է աշխատում, մենք ինչքան էներգիա, ինֆորմացիա կարանք ստանանք, բայց մենք էդ մարդկանց հետ չենք խոսում»։

«Հայաստանի եվրոպական կուսակցության» առաջնորդ Տիգրան Խզմալյանը կործում է՝ 56 քույր քաղաքների հետ համագործակցությունը կեղծիք է, առանձնացնում է երեք քաղաք, որոնք Երևանի կողքին են՝ Փարիզ, Ստրասբուրգ և Լոս Անջելես։ Պե՞տք է արդյոք զարգացնել Երևանը Փարիզի, Լոս Անջելեսի կամ Ստրասբուրգի պես՝ չի կարծում, որովհետև Երևանը բոլորովին այլ սկզբունքներով է ստեղծվել։

«Երևանի զարգացումը պետք է շատ յուրարհատուկ լինի, բայց տվալ դեպքում կարևոր է քաղաքական վեկտորը։ Այդ վեկտորը եվրոպական է։ Մենք բոլորի հետ պետք է աշխատենք և տեսնենք՝ որտեղ է ստացվելու։ Աղբահանումը՝ Ստոկհոլմից, մշակութային կյանքը միգուցե Փարիզից, Գերմանիայից՝ այլ լուծումներ»։

Բոլոր քույր քաղաքները իրարից սովորելու բան ունեն՝ կարծում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Դավիթ Խաժակյանը։ Եվ քանի որ Երևանն էլ սովորեցնելու մեծ պոտենցիալ ունի, ապա անհրաժեշտ է ակտիվ երկխոսություն․

«Ես եղել եմ Թբիլիսիի տարբեր ենթակառուցվածքներում, վստահ ասում եմ, որ ունենք սովորելու շատ բան։ Մոսկվայի տրանսպորտի կառավարման կենտրոնն է շատ զարգացած, ունենք սովորելու բան։ Չինաստանի զարգացած քաղաքներից մեկի հետ ենք արդեն համագործակցության հուշագիր ստորագրել, դա քաղաք Ցինդաուն է, որը տեխնոլոգիապես հագեցած, զարգացած քաղաք է, կրկին ունենք շատ ընդօրինակելու բաներ, և այն տեխնոլոգիաները, որոնք իրենք կիրառում են, անպայման չէ, որ ենթադրում են մեծ ֆինանսական ներդրումներ։ Օրինակ՝ իրենց մոտ կիրառվում են փոշու պաշտպանիչ շերտերը՝ ցանցերը կառուցապատվող բազմահարկ շենքերի համար, որի նորմը մենք պարզապես չունենք, բայց դրա կիրառումը ծախսատար չէ, պարզապես պետք է նորմը ավելացվի»։

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արտակ Զեյնալյանն էլ այս համագործակցությունները որպես դիվանագիտական գործիք է դիտարկում և կարծում՝ թերանում ենք․

«Այս քաղաքների հետ համագործակցությունը դիվանագիտություն է, ազդեցություն այդ քաղաքների միջոցով այդ երկրների արտաքին քաղաքականության վրա, որը մենք կարող ենք օգտագործել ի շահ մեր երկրի, համագործակցությունը, բարեկամությունը, դրանից բխող բոլոր ածանցյալ հետևանքներով։ Արդյո՞ք Երևանը ակտիվ գործունեություն իրականցնում է այդ ուղղությամբ։ Չեմ կարծում, թե երևանցիները կասեն՝ այո»։

Զեյնալյանին հատկապես դուր է գալիս Ստրասբուրգի կառավարումը, Բուդապեշտի ճարտարապետությունը, Վաշինգտոնը։ Համարում է, որ այս երկրներից սովորելու բան կա։

Իսկ «Հանուն Սոցիալական արդարության» կուսակցությունը չի պատրաստվում հանուն ևս մեկ ստորագրված, բայց անօգուտ հուշագրի ավելացնել քույր քաղաքների արդեն իսկ պատկառելի թիվը․

«Կան տասնյակ պայմանագեր քույր քաղաքների հետ, բայց էդ պայմաններից մեծ մասը, չի գործում։ Մենք չպետք է շարժվենք այդ սկզբունքով, որ ուղղակի «գալոչկա» դրեցինք, քույր քաղաք 57-րդ հայտնվեց, դրանով գործը արված պատրաստ է։ Չէ, մենք չպետք է դա անենք ֆորմալ, պրոտոկոլային առումով։ ՄԵնք պետք է այնպես անենք, որ եթե իսկապես ունենք շահ, կարող ենք որակյալ համագործակցություն ստեղծել, միջազգային փորձը կարողանանք մեզ մոտ բերել, էդ դեպքում պետք է գնանք համագործակցության, ոչ թե ուղղակի աչոկ հավաքելու համար, որ մի քաղաքի հետ էլ համագործակցության հուշագիր ստորագրվեց»։

Այս քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում այս թեմային ոչ մի անդրադարձ չունեն։ Թեման որոշ չափով արտացոլվել է միայն «Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ծրագրում, որը խոստանում է ակտիվ երկխոսել ու համագործակցել տարբեր երկրների հետ կրթական և մշակութային ոլորտներում։

Back to top button