Աշտարակի խճուղու վրա, երբեմնի ստեղծագործական աշխույժ կյանքով ապրող «Հայֆիլմ» կինոստուդիայում տարիներ շարունակ լուռ ու անտրտունջ աշխատում էին կինոյի արժեքն ու նշանակությունը խորապես գիտակցող մարդիկ, որոնց գործունեության պտուղները հանրությանը անսահման վայելքներ են նվիրել։
Թարգմանիչ, բանաստեղծ Վարոս Հովակիմյանը այդ մարդկանցից մեկն էր, որը «Հայֆիլմ» կինոստուդիա ոտք դնելու օրվանից աշխատել է կրկնօրինակման բաժնում՝ թարգմանելով հարյուրից ավելի լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր։
Հայ կինոյի հոբելյանական տարում մեր հաղորդման շրջանակներում փորձում ենք ներկայացնել կադրից դուրս գտնվող մարդկանց, պատմել նրանց անցած լավ ու վատ իրադարձություններով լի հետաքրքիր ստեղծագործական ճանապարհի մասին։
«Հայֆիլմն» ամբողջական է միայն կադրում և կադրից դուրս աշխատող մարդկանց ամբողջությամբ։ Հայկական կինոյի պատմությունը գրվեց կինոստուդիայի ձայնագրման, տեսագրման, լուսավորման եռացող փեթակների նմանվող արտադրամասերում։
Այդ արտադրամասերից էր ավելի քան չորս տասնամյակ գործող կրկնօրինակման բաժինը, որտեղ բազում կինոնկարներ, այսպես ասած, հայացել են, թարգմանվել են հայերեն։ Շատերը կհիշեն «Համլետ», «Ռոստամ և Սոհրաբ», «Ոսկե հորթ», «Կովկասի գերուհի», «Ծառայողական սիրավեպ» և այլ հանրահայտ և սիրված ֆիլմերի հայերեն տարբերակները։ Քանի քանի անգամ ենք դիտել ու հիացել դրանցում հնչող մաքրամաքուր հայերենով, որոնց հեղինակը թարգմանիչ, բանաստեղծ Վարոս Հովակիմյանն էր։
«Մենք վայելել ենք բարձրարվեստ թարգմանությունները և չենք էլ մտածել, որ Վարոս Հովակիմյանից մեծ ջանքեր են պահանջվել այդպիսի աշխատանքի համար»,- ասում է նրա հետ «Հայֆիլմում» աշխատած լրագրող, թարգնմանիչ Գագիկ Հախվերդյանը։ Նա բախտ է ունեցել շփվել, հետագայում մտերմանալ Վարոս Հովակիմյանի հետ։
Գրող, սցենարիստ, կինոխմբագիր Անահիտ Արփենը 80-ականների վերջին «Հայֆիլմ» մուտք գործած երիտասարդ սերնդի ներկայացուցիչներից է, որը ևս մոտիկից շփվել է Վարոս Հովակիմյանի հետ։ Անահիտ Արփենի հետ մտերմիկ զրույցներից մեկի ժամանակ Վարոս Հովակիմյանը պատմել էր, որ «Ռոստամ և Սոհրաբ» ֆիլմը թարգմանելիս Ռոստամի և Թուլադի երկխոսության մի փոքրիկ հատվածի վրա աշխատել էր երկար, անքուն ու լարված։ Իր ուզածը չգտնելով, գերլարվածությունից ուշաթափվել է։ Ուշքի գալուց հետո, եկել էր պայծառությունը։
«Երբ նա սկսեց պատմել, այդ տեսարանը աչքիս առաջ եկավ։ Առավոտից սոված աշխատելիս է եղել և կորցրել է գիտակցությունը։ Որոշ ժամանակ անց, երբ ուշքի է եկել հոգնածության զգացում է ունեցել և ինքն իրեն ասել է՝ Քունս տանում է, թող քնեմ, Թուլադ։ Այդ դրվագը ևս մի ապացույց է, թե ինչ դժվարությամբ ու տառապանքով են ծնվել թարգմանվող երկխոսությունները»,-ասում է Անահիտ Արփենը։
Խորհրդային Միության վերջին տարիների խառնաշփոթի արդյունքում կամաց-կամաց պակասեց «Հայֆիլմ» կինոստուդիայի ֆինանսավորումը, ինչի պատճառով կրճատվում էին նկարահանվող և կրկնօրինակվող ֆիլմերը։
90-ականների անհանգիստ ու բախտորոշ տարիները երկրի հետ այդպիսին եղան նաև Վարոս Հովակիմյանի համար։ Նա որոշեց դադարեցնել աշխատանքը արդեն դժվարությամբ գոյատևող «Հայֆիլմում» և լիովին տրվել պոեզիային։ Ցավոք, նրա կյանքի օրոք այդպես էլ չհրատարակվեցին նրա ստեղծագործությունները։
Անահիտ Արփենը Վարոս Հովակիմյանի մահից մի քանի տարի անց նախաձեռնեց նրա բանաստեղծությունների և պոեմների ժողովածուի հրատարակման գործը։ Այդ ժողովածույում տեղ գտան Վարոս Հովակիմյանի ընթերցմամբ և իր իսկ ձայնագրած «Տաճար» պոեմը, «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիր Նինել Մելքոնյանի սրբագրած «Ճուճկանական» պոեմն ու Անահիտ Արփենի՝ սևագիր պատառիկներից վերծանած բանաստեղծությունները։ «Ձայնագիր մատյան» այսպես անվանեց Անահիտ Արփենը Վարոս Հովակիմյանի անտիպ պոեմների, լեգենդների ու բանաստեղծությունների ժողովածուն, որ լույս տեսավ 2023 թվականի ամռանը։




«Գրքի հրատարակումը ողղակի հարգանքի տուրք չէր հարյուրամյա մի հին բարեկամին։ Նա այլևս չկա, բայց նրա գրվածքները կարդալիս կարծես այսօրվա իրականության մեջ հայտնվենք, իսկ դա նշանակում է, որ նա ստեղծել է մնայուն գրականություն»,-նշում է Անահիտ Արփենը։
Վարոս Հովակիմյանը կյանքից հեռացավ անաղմուկ և աննկատ՝ 79 տարեկան հասակում։ Բացառիկ անաղարտ ու տաղանդավոր այս մարդու իմացությունն ու վաստակը արժանիորեն չգնահատվեց, բայց եթե դա որևէ մեկին կարող էր վրդովեցնել, ապա Վարոս Հովակիմյանին՝ երբեք։
«Ինչո՞ւ չեն ճանաչում թարգմանիչ, բանաստեղծ Վարոս Հովակիմյանին, որը կարելի է ասել հիմնեց «Հայֆիլմի» կրկնօրինակման բաժինը և մինչև վերջին շունչը ծառայեց այդ գործին։ Նրան չեն ճանաչում իր համեստության պատճառով։ Նա երբեք ի ցույց չէր դնում իր գիտելիքները, երբեք կուրծք չէր ծեծում։ Բոլորը գիտեն և դիտում են նրա թարգմանած ֆիլմերը, բայց չգիտեն, թե ով է այդ ֆիլմերի թարգմանության հեղինակը»,- ասում է Գագիկ Հախվերդյանը, որի ձայնում և՛ կարոտ, և՛ ափսոսանք է լսվում։
Վարոս Հովակիմյանը կյանքի ընթացքում երբեք որևէ ուժի առաջ չխոնարհվեց, չհարեց ոչ մի կուսակցության, անտրտունջ ու անմնացորդ մշտապես ծառայեց իր գործին։ Իր գործունեության գնահատականը նրա թարգմանած ֆիլմերն են, որոնց շնորհիվ լսում ենք գրագետ ու սահուն խոսք, որ շոյում է ականջդ։ Եվ քանի դեռ ցուցադրվում են այդ ֆիլմերը, դրանք Վարոս Հովակիմյանին հիշատակի հուշարձան են։