ԿարևորՀասարակություն

Ինչպե՞ս ուժեղացնել համայնքներն իրականում և ոչ թե խոսքով

Հաջորդ շաբաթ մեկնարկում է ԱԺ–ի աշնանային նստաշրջանը։ Խորհրդարանական հանձնաժողովները հերթական նստաշրջանի մեկնարկից առաջ նիստեր են անցկացնում՝ քննարկելով օրակարգում ներառվելիք նախագծերը։ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովում այսօր փորձել են հասկանալ՝ ինչպես ավելի անկախ դարձնել համայնքները։ Առաջարկ կա այդ հարցը կարգավորել ֆինանսների միջոցով։ Կառավարությունը օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես եկել։

Ինչպե՞ս ավելացնել համայնքների եկամուտները՝ նրանց ֆինանսապես ավելի անկախ դարձնելով․կառավարությունը ելքը գտել է, առաջարկում է պետական սեփականության հողերի օտարումից առաջացած գումարի 30 %-ը տրամադրել համայնքին։ Մինչ այդ գումարը բյուջե էր ուղղվում։ Տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի փոխանցմամբ՝ հաշվի են առել խորհրդարանի փորձագետների առաջարկները․

«Մեր ներկայացրած այս տարբերակում մենք հաշվի ենք առել ԱԺ փորձագետների վարչության առաջարկությունը․ մեր կարծիքով ավելի պարզ լուծում է առաջարկվել խնդրին։ Ոչ թե որ մենք շեշտադրեինք, որ հողերի օտարումից էլ է 30 տոկոսը գնում համայքնային բյուջե, այլ ուղղակի ձևակերպման մեջ փոփոխություն կատարեինք»։

Ինչո՞ւ 30 տոկոս, ոչ թե ավելի շատ կամ քիչ՝ հարցը հետաքրքրում է «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանին։ Պատասխան կա․ Տերտերյանի փոխանցմամբ՝ մինչ այժմ անշարժ գույքի օտարումից բացառապես հողերի 30 տոկոսն էր փոխանցվում համայնքային բյուջե։ Այժմ հողն էլ անշարժ գույք է դիտարկվում, ուստի դրույքաչափը 30 տոկոսն է․

«Քննարկել ենք նաև 50 տոկոսի շեմը, հետագայում կանդրադառնանք այդ խնդրին։ Այս պահին մեր 30 տոկոսի առաջարկը հիմնավորվում է նրանով, որ անցումը պետք է էլաստիկությամբ լինի։ Պետական բյուջեի ռեսուրսները վերցվում են, դրվում են համայնքային բյուջեում։ Աստիճանաբար դա պետք է անենք։ Եթե մենք հիմա հողերի մասով 30 տոկոսը քննարկենք 50, կլինի ընդհանրապես անշարժ գույքը, ոչ թե միայն հողերը»։

Կան որոշակի գույքային համալիրներ, որոնց օտարումից առաջացած միջոցները շատ ավելին են լինելու, ասում է փոխնախարարը։ Պարզապես պետական բյուջեից դեպի համայնքային բյուջե անցումը համակարգային ու աստիճանական պետք է լինի։ «Հայաստան» խմբացկության անդամ Արման Ղազարյանին այլ հարց է հետաքրքրում․

«Հողերի մասով 147 մլն դրամի մասին է խոսքը։ Կարծում եմ՝ անշարժ գույքի մասով ձեր առաջարկվող գործակիցը ընդունելի է, բայց հողերի մասով 100 տոկոսով կարելի էր ուղղել»։

Դիտարկման հետ համամիտ է նաև Վաչե Տերտերյանը։ Նկատում է՝ մեծ գումարներ չեն հավաքվում պետական սեփականության հողերի օտարումից։ Սրան էլ բացատրություն կա․ զգուշությամբ են մոտենում պետական սեփականություն հանդիսացող հողերին։

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արեն Մկրտչյանը հիշեցնում է․

«Մենք շարունակում ենք այն մարտավարությունը, որ որդեգրել ենք համայնքների սեփական եկամուտները ավելացնելու ուղղությամբ։ Ուզում եմ, որ շղթայի մեջ դիտարկենք․ մենք ավտոմեքենաների գույքահարկից ստացված միջոցներն ենք թողնում համայնքներին, ռոյալթիներից մասնահանումներն ենք թողնում համայնքներին։ Սա էլ մեկ քայլ է»։

Համայնքային միջոցները պետք է կրկնապատկել՝ կարծում են խորհրդարանականները։ Նախագիծը ներառվեց ԱԺ–ի առաջիկա քառօրյայի օրակարգ։

Back to top button