ԿարևորՀասարակություն

Ի՞նչ է սպասվում Վանաձորում․ Վճռաբեկի որոշումից հետո ավագանին կարող է համայնքի ղեկավար ընտրել

2 տարուց ավելի Վանաձորում  տեղական ինքնակառավարման ճգնաժամ է․ Վանաձոր խոշորացված համայնքը չունի ձևավորված տեղական ինքնակառավարման մարմիններ: 1 տարուց ավելի է «Մամիկոն Ասլանյան» խմբակցության ղեկավարը կալանավայրում է,  «Լուսավոր Հայաստանի» բողոքն էլ, որով կուսակցությունը  դատական կարգով իրացնում էր ավագանու կազմում 1 մանդատի իրավունքը, Վճռաբեկ դատարանն օրերս մերժել է: Այդ որոշումից հետո Վանաձորի ավագանին կարող է նիստ գումարել և համայնքի ղեկավար ընտրել:  Խմբակցությունները, սակայն,  որոշման մասին պաշտոնապես դեռ չեն ծանուցվել և դժվարանում են կանխատեսել, թե ինչ սցենարով կզարգանան իրադարձությունները: Իսկ սցենարները, ըստ փորձագետների, մի քանիսն են՝  ընդհուպ արտահերթ ընտրություններ:

Վճռաբեկ դատարանը մերժել  է «Լուսավոր Հայաստան»–ի բողոքը:  Որոշումը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ և ուժի մեջ է մտել կայացման պահից՝ նշված է որոշման մեջ:

Վճռաբեկի այս որոշումը նշանակում է, որ այլևս հնարավոր է Վանաձոր համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով  ավագանու նիստ գումարել:  Հիշեցնենք՝ արգելանքը դրվել էր այն բանից հետո, երբ 2021-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններից օրեր անց, պաշտոնական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով ձերբակալվեց  «Մամիկոն Ասլանյան» դաշինքի առաջնորդ Մամիկոն Ասլանյանը: Ընտրություններին մասնակցած «Լուսավոր Հայաստան»-ն էլ որոշեց դատական կարգով վիճարկել ավագանու կազմում մանդատ ունենալու իր իրավունքը։ Արդյունքում՝ շուրջ 2 տարի ավագանին զրկված էր համայնքի ղեկավար ընտրելու հնարավորությունից: 

Վճռաբեկ դատարանի այս վճիռը  պիտի հրապարակվեր դեռ հունիսի 20-ին: «Դատալեքս» տեղեկատվական կայքի տեխնիկական խնդիրների պատճառով դատարանն իբր չէր կարողանում այն հրապարակել, ապա տրամադրել Վանաձորի խմբակցություններին: Վճիռը հրապարակվել է,  բայց ավագանու խմբակցությունները պաշտոնապես չեն ծանուցվել:

«Ապրելու երկիր» խմբակցությունը մտադիր չէ սատարել որևէ քաղաքական ուժի՝ ասաց խմբակցության ղեկավար Արտավազդ Ալավերդյանը: Նիստին կառաջադրեն իրենց թեկնածուին, թեև լավագույն լուծումն այս պարագայում արտահերթ ընտրություններն են համարում։

«Չենք պատրաստվում որևէ մեկին օգնենք, որ շարունակի իշխանավարել: Եթե կլինի ավագանու նիստ, մենք մեր խմբակցությունից  ենք թեկնածու առաջադրելու: Ամեն դեպքում մենք կողմնակից ենք նոր ընտրությունների»:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Հարությունյանի հետ կապվել չհաջողվեց: Տեղեկություններ են շրջանառվում, որ նա պատրաստվում է լքել Վանաձորն ու տեղափոխվել Երևան: Խմբակցության անդամ Վանիկ Օհանյանն ասաց, որ հավանական թեկնածուի շուրջ ոչ  նախկինում, ոչ էլ հիմա քննարկումներ չեն ունեցել:

«Ճիշտ ասած որոշում չկա, դեռ չեն հանդիպել, չգիտեմ , ես տեղյակ էլ չեմ էդ մասին»։

«Հայրենիք» խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ասաց, որ պատրաստ են մասնակցել նիստին, եթե այն հրավիրվի։

«Խմբակցության դիրքորոշումը հետևյալն է՝ 1 տարի 9 ամիս մենք հենց այդ ապօրինության դեմ էինք պայքարում: Օրենքի պահանջը խախտվել էր, մինչև վերջ չէր ձևավորվել ՏԻՄ-ը: Հիմա քանի որ սա օրենքի պահանջ է, մեր սկզբունքներում ոչինչ չի փոխվել։ Նման օրակարգով նիստ հրավիրելու դեպքում մեր խմբակցությունը կմասնակցի, որ ընտրի քաղաքապետ»:

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանն էր սեպտեմբերի 5-ին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել Վճռաբեկի որոշմանը՝ նշելով.« Վճռաբեկ դատարանը 1 տարի 9 ամիս անց վերջակետ դրեց այս ամենին, մերժեց Լուսավորի բողոքը, որի արդյունքով վերացել է Վանաձորի ավագանու կողմից նույն համայնքի ղեկավար ընտրելու արգելքը։ Այսպիսով, Վանաձորի ավագանու անդամները, հատկապես «Մամիկոն Ասլանյան դաշինք»–ի ներկայացուցիչները, պետք է կարողանան ուժ գտնել և անտեսելով կամ դիմանալով իշխանական լայնածավալ հարձակումներին՝ Մամիկոն Ասլանյանի ընտրությունը հաստատեն՝ նրան ընտրելով Վանաձորի քաղաքապետ»։

Որքան էլ փորձեն մանիպուլացնել հանրությանը, ակնհայտ է, որ  2021-ի ընտրությունների արդյունքներով մեծամասնություն չի ստացել ոչ մի ուժ, այդ թվում և՝ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ հակադարձելով գրառմանը՝ ասում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանը:

«Շատ հստակ է, որ «Մամիկոն Ասլանյան դաշինքը» չէր ստացել մեծամասնություն, որովհետև իրականում տոկոսային հարաբերությամբ ստացել էր այնքան քվե, որքան 2016-ին : Ընտրված չէր համայնքի ղեկավար»:

«Մամիկոն Ասլանյան դաշինք» խմբակցությունից Գայանե Քալանթարյանը անակնկալի եկավ՝ Վճռաբեկի որոշման մասին լուրից: Ձեզնից եմ լսում՝ ասաց: Խմբակցության ղեկավար Արթուր Օհանյանն էլ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցից էր տեղեկացել: Ասաց, թեև պաշտոնական ծանուցում չեն ստացել ու քննարկում չեն ունեցել, իրենց թեկնածուն շարունակում է մնալ դաշինքի կալանավորված առաջնորդ Մամիկոն Ասլանյանը: Նիստին հավանական մասնակցության մասին դժվարացավ պատասխանել: Չի բացառվում, ասաց, որ գործընթացն արհեստականորեն ձգձգվի: Դեռ խնդիր  կա հարկադիր կատարողի մասով, որն էլ անմիջականորեն կիրառել է արգելանքը:

«Ֆեյսբուքում գրել  են, որ արգելանքը հանել են, բայց պաշտոնապես որևէ բան չենք ստացել: Դրանից հետո էլի գործողություններ կան, ԴԱՀԿ–ի հետ կապված գործառույթներ պետք ա լինեն, որովհետև ԴԱՀԿ-ն ա արգելանք կիրառող մարմինը»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ժողովրդավարական ինստիտուտների մոնիտորինգի և զեկուցման համակարգող Վարդինե Գրիգորյանն ասում է՝ դատական ատյանների միջամտությունը փաստացի շուրջ 2 տարի խոչընդոտեց Վանաձորում ընտրովի մարմնի ձևավորմանը:

«Փաստացի ունենք 1,5 տարի, որտեղ դատարանը, որ պետք է վերջնական որոշում ունենար ու վերջ, շարունակում է արհեստականորեն ձգձգել գործընթացը հնարավորություն չտալով ՏԻՄերին որոշում կայացնել»:

Վճռաբեկի որոշումից հետո hետաքրքիր քաղաքական վերադասավորումներ են սպասվում ՝ կարծում է իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանը: Նրա դիտարկմամբ՝ սցենարները շատ են՝ ընդհուպ արտահերթ ընտրություններ 2024-ի մարտին։

«Կան պնդումներ, որ կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին դատարանը թույլ չի տա մասնակցել նիստին: Ըստ այդ սցենարի՝ դաշինքի անդամները,  բացի մեկ հոգուց, չեն մասնակցի նիստին, չի մասնակցի նաև «Հայրենիք» խմբակցությունը և գուցե այս հանգամանքով պայմանավորված «Ապրելու երկրի» երկու անդամները  չմասնակցեն: Արդյունքում՝ քվորում չի լինի, և նիստ չգումարելու հիմքով համայնքի ավագանին կցրվի: 2-րդ տարբերակում գուցե նիստ գումարվի, բայց  Մամիկոնին թույլ չտրվի մասնակցել, և Փելեշյանը դառնա համայնքի ղեկավարԿա 3-րդ տարբերակը, որ մարտին կլինեն արտահերթ ընտրություններ»:

Մինչ այդ հանրապետության 3-րդ քաղաքը անհամբեր գուշակությունների մեջ է՝ կգումարվի արդյո՞ք ավագանու նիստ, կլինեն արտահերթ ընտրություննե՞ր, թե՞ համայնքի կառավարումը կշարունակեն ժամանակավոր իշխանությունները:

Back to top button