Ալիևի ցեղասպանական մտադրությունների մասին կասկած չկա. Լուիս Մորենո Օկամպոն կոչ է անում ԱՄՆ-ին կանխել նոր ոճրագործությունը


Կասկած չկա, որ Ալիևը ցեղասպանական մտադրություններ ունի՝ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովի՝ Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ լսումների ժամանակ ասել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։
Նա կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպանությունը Արցախի հայ բնակչության դեմ՝ նշելով, որ որպես Ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիայի կողմ՝ ԱՄՆ-ն պետք է կանխի և պատժի այն։
«Պետք է կանխել այդ ցեղասպանությունը։ Դադարեցնել այն ցեղասպանությունը, որն արդեն տեղի է ունենում և կանխել նորը»,- նշել է Օկամպոն:
«ԱՄՆ-ը խորապես ներգրավված է բանակցություններում։ Բայց ցեղասպանություն իրականացնողի և զոհի միջև բանակցություններ չեն կարող տեղի ունենալ։ Պարզապես դադարեցրեք ցեղասպանությունը և հետո քննարկեք բանակցությունները: Հնարավոր չէ ներգրավվել բանակցություններում, երբ նախագահ Ալիևը որպես բանակցային գործիք օգտագործում է ցեղասպանությունը»,- շեշտել է նախկին դատախազը:
«Եթե գիտեք, որ նախագահ Ալիևը օգտագործում է ցեղասպանությունը և միևնույն ժամանակ փորձում է ժխտել այն, ապա ԱՄՆ-ի աջակցությունը ցեղասպանության ժխտմանը կարող է մեղսակցություն համարվել», — ասել է Լուիս Մորենո Օկամպոն:
«ԱՄՆ նախագահը կամ պետքարտուղարը կարող են պաշտոնապես ասել պարոն Ալիևին՝ անվերապահորեն վերացրեք Լաչինի միջանցքի շրջափակումը, հակառակ դեպքում ձեզ պատասխանատու կհամարենք ցեղասպանության համար։ Դա շատ հետևանքներ կբերի»,- շեշտել է Օկամպոն: