ԿարևորՀասարակություն

Քարաղից՝ աղ, կորկոտից՝ ալյուր, սիսեռից՝ սուրճ․ պաշարման հնարքները

Ինչպե՞ս հաղթահարել պաշարման հետևանքները․ անհուսալի թվացող իրավիճակից ելքեր են առաջարկում արցախցի կանայք։ Քարաղից՝ աղ, կորկոտից՝ ալյուր, սիսեռից՝ սուրճ ստանալու իրենց հմտությունները կանայք փոխանցում են արցախցիներին։

Ավելի քան ինն ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախում այսօր ամեն ինչի պակաս կա՝ սննդամթերքից մինչև առաջին անհրաժեշտության պարագաներ։ Ապրանքների պակաս կա, բայց հնարամտության՝ ոչ։  Մասնագիտությամբ բուժքույր տիկին Անահիտը, օրինակ, հողոտ քարաղից սեղանի աղ է ստանում։ «Ռադիոլուրին» պատմում է, թե ինչպես։

«Եռման ջրով քարաղը լավ լուծում ենք, թողնում ենք, որ ամբողջ գիշեր նստվածք տա։ Հետո  արդեն վերևից այդ մաքուր աղաջուրը թափում ենք կաթսայի մեջ։ Դնում ես կրակին, եռում է, գոլորշիանում է, դառնում է սեղանի սպիտակ, մանր աղ։ Օգտագործում ենք, Ղարաբաղում շատերն են անում։  Սովորական կերակրի աղ եմ ստացել, խմոր են արել դրանով։ Ես տեսել եմ, որ իմ ընկերուհիները գյուղում մեծ ամաններով են եփում։ Հո մենակ իրենք չեն օգտագործելու, կբաժանեն նաև մյուսներին»։

Ալյուրին, իհարկե, որևէ բան չի փոխարինի, բայց այստեղ էլ օգնության է գալիս կորկոտը։ Արցախցի Սվետլանայի բազմանդամ ընտանիքն այն որպես օգնություն էր ստացել։ Որոշեցին՝ նոր բաղադրատոմսով օգտագործել։

«Երեխեքին կորկոտ էին օգնություն տվալ։  Մտածեցի կարելի է  բլենդերով աղալ, ալյուր սարքել, հաց թխել։ Բերեցի երեխեքի համար կորկոտը եփեցի, որ բլենդերով աղացի, մտքովս անցավ, որ կարելի է ուրիշ բան սարքած։ Բերեցի չոր աղացած կորկոտը խառնեցի եփածի հետ։ Հետը խառնեցի համեմունքներ, չոր կանաչի, չաման, հետո ասեցի հացի տեղ թխեմ, հետո կոտլետ սարքեցի։ Երեխեքը կերան, հավանեցին»։

Առանց ալյուրի ու ձվի Սվետլանան  նաև դդմիկի կոտլետ է պատրաստում։

«Մտածեցի, որ երեխեքը համար կոտլետ սարքեմ։ Քանի որ ալյուր չկա, ավելացրեցի մաննի կրուպա, ձվի տեղը՝ ձվի փոշի, կարտոֆիլի փոշի։ Կտավատի ձեթ եմ օգտագործում։ Շատերը բողոքում են, ասում են՝ համ ա գալիս, բայց չեղած տեղը դա ոսկուց էլ թանկ ա, բարի մարդիկ են օգնում ինձ»։

Արցախում նաև սուրճի փոխարինիչ են գտել։ Տիկին Անահիտն, իհարկե,  բուսական թեյն է նախընտրում, բայց գիտի, որ բոված սիսեռից հնարավոր է սուրճին փոխարինող ըմպելիք ստանալ։

«Սովորական պոչավոր սիսեռն են մուգ  բովում, թողնում են հովանա, աղում են, դառնում է էն սովորական պռեսովի կոֆե, որը ես չեմ կարողանում  խմել,  բայց մարդիկ խմում են։ Ես նախընտրում եմ բուսական թեյերը։ Բույսերը առնում եմ, մեր գյուղից եմ հավաքում։ Թեկուզ երկու հատիկ հոն ես քցում, մալինայի տերևներ»։

Արցախի խանութներում արդեն վաղուց դարակաշարերը դատարկ են։ Բուսական յուղից, շաքարավազից, ալյուրից ու անհրաժեշտ այլ սննդամթերքից բացի արցախցիները մոռացել են նաև առաջին անհրաժեշտության տնտեսական ապրանքների մասին։ Բայց այստեղ էլ օգնության է հասնում արցախցու հնարամտությունը։ «Ռադիոլուր»–ի մյուս զրուցակիցը՝ Նարինեն, օճառից լվացքի հեղուկ է ստանում․

«Սովորական օճառը քերել ենք, ջրով եփել, սոդա ավելացրել ու հեղուկ ստացել։ Կարող էինք նաև հոտային ինչ–որ բան ավելացնել, բայց քանի որ չկա, հենց այդպես էլ օգտագործում ենք»։

Ավելի քան ինն ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախը հունիսի 15–ից կրկնակի պաշարման մեջ է։ Ադրբեջանն արգելափակել է առաջին անհրաժեշտության ապրանքների, սննդի ու դեղորայքի մուտքը Արցախ։ Արցախցիներն էլ իրենց հերթին թույլ չեն տալիս, որ Ադրբեջանի ուղարկած հումանիտար աջակցությունը Ստեփանակերտ հասնի։ Արցախցիներն Ասկերանի մատույցներում  հերթապահություն են իրականացնում, վերահսկում են Ակնա-Ստեփանակերտ մայրուղու հարակից հատվածը: Այստեղից մոտ 1 կիլոմետր հեռավորությամբ են կայանված ադրբեջանական բեռնատարները: Արցախցիները թշնամուց որևէ օգնություն չեն ակնկալում։ Սյունիքի կողմից էլ արդեն մեկ ամիս և ավելի Արցախ մուտքին է սպասում 32 բեռնատար՝ 22–ը Հայաստանի կառավարության, 10–ն էլ ՝ Ֆրանսիայի մի շարք քաղաքներից ուղարկած։ Ադրբեջանը թույլ չի տալիս, որ հումանիտար օգնությունը Ստեփանակերտ հասնի։

Back to top button