

Բերձորի միջանցքի փակման հետևանքով Արցախում հումանիտար ճգնաժամի խորացման մասին հերթական քննարկումն է նախատեսված, այս անգամ Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում։ Լսումների ընթացքում, ըստ Կոնգրեսի հաղորդագրության, Ադրբեջանի կառավարության մտադրությունների մասին զեկույց է ներկայացնելու Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը։ Փորձագետները կարծում են, որ Կոնգրեսում հստակ առաջարկ կամ ուղղորդող մեսիջ կներկայացվի։
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը սեպտեմբերի 6-ին նախատեսում է քննարկել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը:
Նման քննարկումների պակաս վերջին շրջանում կարծես չկա, բոլոր միջազգային հարթակներում դատապարտում են Բաքվի գործողությունները, քննադատում են, անգամ կա Հաագայի դատարանի վճիռն առ այն, որ պետք է բացվի Լաչինի միջանցքը, սակայն հայտարարությունները այսպես ասած գետնի վրա որևէ իրադրություն չեն փոխում, Ադրբեջանն անտեսում է միջազգային հանրության հորդորները։
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանի կարծիքով՝ անկախ Բաքվի կեցվածքից, միջազգային ծանրակշիռ հարթակներում Լաչինի միջանցքի փակ լինելու հետևանքով Արցախում ստեղծված վիճակը պետք է քննարկվի, քանի որ դա լրացուցիչ ուշադրություն կհրավիրի և հնարավորություն կտա ճիշտ պատկերացնելու իրադրությունը․
«Այն մաս է կազմում մեր պայքարին, որ ամենուրեք տարածենք Լաչինի միջանցքի փակման և Արցախի 120 հազար հայերի սովամահ լինելու մասին։ Այս հանդիպումը Կոնգրեսում է, և ուզում ենք, որ Կոնգրեսի անդամները շատ լավ իմանան՝ ինչ է տեղի ունենում և, երբ որոշումներ ընդունեն, հաշվի առնեն իրողությունները»։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը շատ է կարևորում ԱՄՆ Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովում նախատեսվող քննարկումը, կարծում է, որ արդյունքում հստակ առաջարկ կամ ուղղորդող հուշում կլինի․
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ից սա ևս մեկ քաղաքական սիգնալ, ուղերձ է լինելու ուղղված Ադրբեջանին՝ սթափվելու։ Կարծում եմ, որ ԱՄՆ գիտակցում է պահի լրջությունը և քանի որ Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված ԱՄՆ դեսպանը բազմիցս է այցելել Սյունիքի մարզ ու ականատես եղել փակ միջանցքի և դրա հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի խորացմանը, ապա հստակ ուղերձներ է հասցնում Վաշինգտոն, իսկ պաշտոնական Վաշինգտոնը՝ որպես ժողովրդավարական հեգեմոնիզմի երկիր, իր դիրքերից ելնելով կոշտ հայտարարություն կանի։ Կարծում եմ, որ բավականին կոնկրետ ուղղվածությամբ, հստակ, միակողմանի դիրքորոշումով հանդես կգա։ Կարծում եմ, որ վաղը կլսենք բավականին հետաքրքիր, կոնկրետ հասցեագրված առաջարկ, կամ լավագույն դեպքում, եթե չասեմ սպառնացող, ապա ուղղորդող մեսիջ»։
Լսումներին հրավիրված է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն, որի զեկույցը կարևորել ու մեջբերել է Կոնգրեսի Մարդու իրավունքների հանձնաժողովը։ Օկամպոն այս տարվա օգոստոսի 10-ին իրական փաստերի ուսումնասիրությունների հիմա վրա Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը որակել էր որպես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ցեղասպանություն և հուշել Արցախի նախագահին, որ Ալիևը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության համար։
Կոնգրեսի լսումներին խոսելու և Ադրբեջանի կառավարության մտադրությունների մասին զեկույց է ներկայացնելու նաև Կոլումբիայի համալսարանի «Վայրագություններ Արցախում» հետազոտական ծրագրի ղեկավար, պրոֆեսոր Դեյվիդ Ֆիլիփսը:
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը հորդորում է հետևել լսումներին, հասկանալու համար, թե ինչ զեկույց է ներկայացվելու, բայց նաև հիշեցնում է, որ գոյություն ունի նաև Լաչինի միջանցքը բացելու հարցով Հաագայի դատարանի վճիռը, որն անտեսում է Ադրբեջանը․
«Կարող են տարբեր տեսակի ճնշումների ենթարկել Արբեջանին, սակայն ամենաազդեցիկ միջոցքը Ադրբեջանի դեմն առնելու համար ամենաարդիական զինատեսակներ ձեռք բերելն է։ Սա է միակ միջոցը ցույց տալու, որ Բաքվի ցանկություններին տուրք չենք տալու և չենք տալու այն ամենը ինչ ունենք։
Այս միջոցառումները պարզապես տեղեկություններ տարածելու նպատակ ունեն։ Աշխարհը հավատում է միայն ուժին և անտեսում է այն, ինչ մենք ենք ասում՝ արդարություն, իրավունքներ, պատմական իրավունքներ, մեր հողերը․․․»
Ուշագրավ է, որ Ֆրանսիայի Սենատում մի քանի օր առաջ հարց բարձրացվեց Ալիևի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, քանի որ նա անտեսում է միջազգային բարձր ատյանների վճիռները, կոչերն ու հայտարարությունները։ Թե ինչ բովանդակություն կունենա Կոնգրեսի մարդու իրավունքների հանձնաժողովում նախատեսվող զեկույցը պարզ կլինի մոտ ապագայում։