

Ապաշրջափակում՝ առանց կայունության ու խաղաղության հնարավոր չէ, այսօր Երևանում հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա ընդգծել է, որ ապաշրջափակումն էլ, ի վերջո, խաղաղության գործընթաց է և այն հնարավոր կամ կիրառական կլինի միայն խաղաղության ֆոնին։ Դեռ հայտնի չէ, թե Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների գլխավորած աշխատանքային խումբը երբ ու որտեղ կհանդիպի։ Բայց Մհեր Գրիգորյանը վստահեցրել է, որ քննարկումները շարունակվում են։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստի օրն ու ժամը հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ աշխատանքային քննարկումները շարունակվում են։ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծված խումբը պետք է ընդհանուր լուծումներ գտնի երկաթուղային հաղորդակցության, ճանապարհների ապաշրջափակման հարցերում։ Հայաստանի փոխվարչապետն արձանագրում է․
«Հաջորդ հանդիպման օրվա ու վայրի վերաբերյալ պայմանավորվածություն չունենք։ Բնականաբար, ընթացքում աշխատանքային կոնտակտների նպատակով ինչ որ հարցեր քննարկվում են։ Բայց որևէ պայմանավորվածություն հաջորդ հանդիման վերաբերյալ այս պահին չունենք»։
Այս տարի եռակողմ աշխատանքային խումբը մեկ անգամ է հանդիպել՝ հունիսի սկզբին։ Հանդիպումների պասիվացումը Մհեր Գրիգորյանը դիտարկում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության համատեքստում։ Ըստ փոխվարչապետի տեղեկությունների, Ադրբեջանը դեռ չի արձագանքել խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի նոր առաջարկներին ։ Օգոստոսի 25-ին էր Հայաստանի վարչապետը կառավարության նիստում հայտնել, որ հայկական կողմը Ադրբեջանին խաղաղության պայմանագրի նոր առաջարկներ է ներկայացրել․
«Ինչ ապաշրջափակում, եթե չլինի կայունություն ու խաղաղություն։ Ի վերջո, ապաշրջափակումն էլ է խաղաղության գործընթաց, և ապաշրջափակումը հնարավոր կլինի կամ կիրառական կլինի խաղաղության ֆոնին»։
Տրանսպորտային ենթակառուցվածքների և կապերի մասով փոխադարձ ընկալում ու համաձայնություն, թվում է կա՝ արձանագրում է Մհեր Գրիգորյանը, միաժանաակ ընդգծելով՝ երկաթուղու շահագործման հետ կապված կան բազմաթիվ հարցեր, որոնք դեռևս պետք է համաձայնեցվեն․
«Երասխից Հորադիզ երկաթգծի ենթակառուցվածք ունենալը շատ լավ լուծում է Հայաստանի համար, և ընդհանրապես, տարածաշրջանի համար։ Դա կընդգծի և կավելացնի Հայաստանի լոգիստիկ դերը տարածաշրջանում։ Բայց, դրա հետ մեկտեղ, կան հարակից հարցեր, որոնք դեռևս վերջանական լուծում և պայմանավորվածություն են ենթադրում»։
Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներից կազմված աշխատանքային խումբը ստեղծվեց տարածաշրջանում ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցերը քննարկելու նպատակով։ Աշխատանքային խմբի առաջին հանդիպումը հենց Երասխում էր, որի ուղղությամբ վերջին շրջանում կրակոցները ակտիվացել են։ Ադրբեջանը խոչընդոտում է Երասխում հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի կառուցման աշխատանքներին՝ պարբերաբար կրակելով աշխատողների ուղղությամբ։Մինչ կրակոցների ակտիվացումը, Ադրբեջանի բնապահպանության նախարարությունը հայտարարել էր, թե իբր այդ նախագիծը հարվածում է տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը, կարող է աղտոտել Արաքսի ջրերը։ Այս հայտարարությունից մի քանի օր անց սկսվեցին կրակոցները։ Աշխատողներից երկուսը վիրավորվեցին, շինտեխնիկա վնասվեց։ Կրակոցներին զուգահեռ լուրեր են պտտվում , որ գործարանը այլ վայր է տեղափոխվում։ Փոխվարչապետը Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանի վայրի փոփոխության մասին տեղեկություն չունի․
«Նման տեղեկություն չունեմ և չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն տրամադրել հետագա զարգացումների մասին։ Կարծում եմ, որ բոլոր պատկան մարմինները զբաղվում են այդ հարցով, որպեսզի ներդրողն ունենա Հայաստանի Հանրապետությունում տնտեսական գործունեություն իրականացնելու լիարժեք հարմարավետություն»։
Որևէ բացատրություն կրակոցներին չի կարող լինել ՝ասում է Մհեր Գրիգորյանն ու վստահեցնում, որ ամեն ինչ կանեն, որ ներդրողը ունենա լիարժեք կոմֆորտ, ներդրումը չվտանգվի։
Թշնամու կրակոցներից գուցե դժվար, բայց այլ հարցերում Հայաստանում ներդրողները կարող են պաշտպանված լինել․ ստեղծվել է արբիտրաժային կենտրոն։ Սա նոր հնարավորություն է, հատկապես խոշոր բիզնեսի համար՝ կարծում է արդարադատության նախարարը։
Գրիգոր Մինասյանը բացատրում է. «Երբ բացում են բիզնես ներդրումների քարտեզը տեսնեն, որ Հայաստանում բացի ներպետական դատարաններից հնարավոր է վեճերի լուծումը տալ այլ ընկերությունների, այլ մասնավոր ճանաչված կառույցի»:
Հայաստանում դրա համար կան բավարար մասնագետներ՝ վստահեցնում է ոլորտի պատասխանատուն։