ԿարևորՀասարակություն

Զորակցական այց՝ Հայաստանում Արցախի Հանրապետության ներկայացուցչություն

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 32 ամյակի կապակցությամբ Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ընդունել է Արեւելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակությանը։

Պատվիրակներն ի դեմ Արցախի արտգործնախարարի՝ շնորհավորել են Արցախի ժողովրդին տարեդարձի կապակցությամբ, իրենց զորակցությունը հայտնել այս ծանր հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում, մաղթեցին ուժ եւ կորով։ Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Հովսեփ Խուրշուդյանը ներկայացրել է Պլատֆորմի գործունեությունը, այդ թվում՝ Արցախի հայության անվտանգության եւ իրավունքների ապահովման գործում գործադրվող ջանքերը։

Նա նաեւ հետաքրքրվել է Լաչինի միջանցքի 9-ամսյա շրջափակման հետեւանքով  Արցախում ստեղծված կացության մասին։ Արտգործնախարարը ներկայացրել է Արցախում տիրող ծանր հումանիտար ճգնաժամը եւ այն գործունեությունը, որը ծավալում են Արցախի իշխանությունները, այդ թվում՝ արտգործնախարարությունը շրջափակման վերացմանը հասնելու ուղղությամբ։

Մեկ ժամ տեւած քննարկման ընթացքում Հայաստանի ազգային պլատֆորմի պատվիրակները կիսվել են իրենց դիտարկումներով եւ մտահոգություններով, հարցեր ուղղել Արցախի պաշտոնյային, նաեւ հետաքրքրվել են, թե ինչ կարող է անել պլատֆորմը՝ շրջափակման հաղթահարման եւ Արցախի խնդրի կարգավորման գործում ավելի առարկայական ներդրում ունենալու հարցում։ Հանդիպման վերջում մասնակիցները ցանկություն են հայտնել պահպանել օպերատիվ կապ եւ Արցախի խնդրի կարգավորմանը վերաբերող իրենց հետագա գործողություններն իրականացնել Արցախի ներկայացուցչության հետ համագործակցաբար։ 

Պլատֆորմի ներկայացուցիչները նաեւ այցելել են Արցախի ներկայացուցչությունում բացված՝ Արցախի մասին պատմող յուղաներկ նկարների ցուցահանդես։ ՀԱՊ համակարգողը գրառում է արել Հայաստանում Արցախի ներկայացուցչության հուշատետրում։

Back to top button