

ՀՀ ԿԳՄՍՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի «Դեպի լույս» և «Կանչ» միացյալ երգչախումբը, որը գործում է Երևանի Նիկողայոս Տիգրանյանի անվան տեսողության խնդիրներ ունեցող երեխաների թիվ 14 հատուկ դպրոցում, մրցանակների պակաս չունի։ Տեսողական խնդիրները խոչընդոտ չեն։ Գործունեության 7 տարում փոքր երգիչները հասցրել են բազմաթիվ համերգների ու փառատոների մասնակցել Հայաստանում և արտերկրում: Համերգային ծրագրերով հանդես են եկել նաև մանկատներում, ծերանոցներում, զորամասերում: Հերթական համերգից նրանք վերադարձել են մրցանակներով։
Հատուկ կարիքներ ունեցող երեխաները պետք է հասարակության լիիրավ անդամ զգան իրենց․ «Դեպի լույս» ու «Կանչ» միացյալ երգչախմբի հաջողությունները խոսում են մեկ բանի մասին՝ հանդիսատեսը նրանց սպասում է սիրով ու սպասումներով։
Վրաստանի Բաթումի քաղաքում այս երգչախմբերը մասնակցել են միջազգային մրցույթ-փառատոնի և արժանացել Գլխավոր մրցանակի՝ Գրան Պրիի։
Երգչախմբերի գեղարվեստական ղեկավարը երգչուհի, երգահան Վարդուհի Խաչատրյանն իր տպավորություններն է պատմում փառատոնի մասին․
«Շատ հուզիչ փառատոն էր։ Ժյուրին այնքան էր հավանել մեր ելույթը, որ մրցանակաբաշխության վերջում ժյուրի նախագահը խնդրեց, որ մեկ անգամ ևս կատարենք երգը և մեր երեխաները նրան սովորեցնեն պարել երգի հնչյունների ներքո: Մենակատար Արթուր Նիկոլյանը այնքան գեղեցիկ պարեց այդ կնոջ հետ, որ ինքն էլ զարմացավ, որ կարողացել է պարել: Մեր երեխաները մեծ բավականություն ստացան մրցույթ-փառատոնից:
Միայն այս փառատոնով չեն սահմանափակվել։ Գյումրիում մասնակցել են «Ճախրուկ» միջազգային փառատոնին, որտեղ երեխաները երկու երգ են կատարել․ Սասուն Պասկևիչյան՝ «Մեր լեզուն», Աշուղ Հավասի՝ «Եղնիկի պես»։


Վարդուհի Խաչատրյանը խոստովանում է, որ երգչախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը ստանձնելիս մտավախություն է ունեցել, որ չի կարողանա երեխաների հետ աշխատել, բայց նույն պահին էլ ինքն իրեն խոստացել է, որ հնարավոր ամեն բան անելու է, որ երեխաները կարողանան բեմ բարձրանալ․
«Ամենասկզբում իրենք էնպիսի շարժումներ էին անում, որ վախենում էի բեմ հանել։ Մտածում էի՝ բեմից կարող են գան ու ընկնեն։ Բայց, հավատացեք, երգի միջոցով իրենք բուժվում են։ Հիմա այդ նույն երեխաները, որ կտրուկ շարժումներ էին անում, ինչպես են կարողանում իրենց պահել։ Բայց, երբ աշխատանքդ սիրում ես ու նվիրվում ես, ամեն ինչ դառնում է շատ հաճելի»։
Վարդուհի Խաչատրյանն դտնում է, որ հասարակությունը պետք է սիրով ու հոգատարությամբ շրջապատի այդ երեխաներին։ Նա վստահ է, որ պատանի երգիչներն իրենց ելույթներով դեռ երկար են հիացնելու հանդիսատեսին՝ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում:
Առաջիկայում երգչախմբերը պատրաստվում են մեծ համերգի։ Այն նվիրված է լինելու 44 –օրյա պատերազմում զոհվածների հիշատակին։