Գիշերային քաղաքապետ, ճարտարապետական նոր խորհուրդ ու 1 միլիոն նոր ծառ․ 3-րդ քվեաթերթիկը «Արդար Հայաստանինն» է


Երևանը պետք է գիշերային քաղաքապետ, ճարտարապետական նոր խորհուրդ ու 1 միլիոն նոր ծառ ունենա․ սրանք ավագանու ընտրություններին մասնակցող «Արդար Հայաստան» կուսակցության 10 ռազմավարական քայլերից 3-ն են։ Այս քաղաքական ուժի ներկայացուցիչները վստահ են՝ Երևանն ունի բոլոր հնարավորությունները դառնալու տարածաշրջանի մեգապոլիսը․ դրա համար միայն երևանցիների վստահությունն է պետք։ Հենց այդպես էլ փաստաբան Նորիկ Նորիկյանի գլխավորած ուժը դիմում է ընտրողներին․ «Վստահի՛ր, հավատա՛, փոխելու ենք»։
«Ռադիոլուրը» շարունակում է ներկայացնել ընտրարշավի մասնակիցներին։ Հերթը 3-րդ քվեաթերթիկինն է։
Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող «Արդար Հայաստան» կուսակցության քաղաքապետի թեկնածու Նորիկ Նորիկյանը վստահ է՝ քաղաքապետը քաղաքական «ֆիգուր» է, մինչդեռ ըստ նրա,-«Երևանի քաղաքապետի ինստիտուտը իջեցրել են ասֆալտ «փռողի», վերելակ վերանորոգողի և «բորդյուր» շարողի մակարդակին։ Պատկերավոր ասած Երևանի քաղաքապետը Հայաստանի փոքրիկ վարչապետն է»։
Փոխարենը ավագանու ընտրություններին 3-րդ համարի քվեաթերթիկով մասնակցող «Արդար Հայաստան» կուսակցությունն առաջարկում է Երևանում գիշերային քաղաքապետի ինստիտուտ ներդնել։ Նախընտրական շտաբի պետ, «Արդար Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Ռաֆայել Հովհաննիսյանը մանրամասնում է՝ այս փորձը վերցրել են եվրոպական քաղաքներից ու հարևան Թբիլիսիից։


«Երևանը ապրում է ու ապրելու է 24 ժամ, և այդ պրոցեսները պետք է կառավարել։ 24-ժամյա քաղաքապետի ինստիտուտը նաև մեր գիշերային տնտեսությունն է կառավարելու, օրինակ՝ թանգարաններ, ակումբային կյանք, սննդի կետեր, միջոցառումներ և այլն»,-ասում է Հովհաննիսյանը։
Ճարտարապետական նոր խորհուրդ, ինքնակամ կառույցների օրինականացում, մայրաքաղաքում 1 միլիոն նոր ծառ, բնապահպանական ստանդարտներին համապատասխանող նոր աղբավայր․ այս ու ռազմավարական մյուս քայլերն իրագործելու համար «Արդար Հայաստանը» Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երիտասարդ ու պրոֆեսիոնալ թիմով՝ վստահեցնում է կուսակցության նախընտրական շտաբի պետը։ «Արդար Հայաստանի» նախընտրական ցուցակում 33 թեկնածու է ընդգրկված։ Ինֆորմատիկայի ու պատմության ուսուցիչների, շախմատի մանկապատանեկան դպրոցի տնօրենի, ինժեներ մեխանիկի, մսուր մանկապարտեզի դաստիարակի օգնականի ու փականագործի կողքին ավագանու անդամի տեղի համար պայքարելու են նաև փաստաբաններ, քաղաքագետներ ու աշխատանք չունեցող ևս 11 թեկնածուներ։
«Ոչ ոք նախկինում որևէ պաշտոնի չի եղել, ոչ մի քաղաքական ուժի անդամ ու մասին չի եղել։ Մենք որոշել ենք, որ պետք է ինչ-որ բան անել, սա էլ այսպես ասած մեր ֆրոնտն է պայքարի, մենք մեր ուժը մեր գիտելիքները պետք է ներդնենք մեր ժողովրդին, պետությանը ու մեզ բոլորիս օգտակար լինելու համար»։
Նախընտրական շտաբի պետ, «Արդար Հայաստան» կուսակցության ավագանու թեկնածու Ռաֆայել Հովհաննիսյանն ասում է՝ ընտրություններին մասնակցում են քաղաքական դաշտ նոր մշակույթ բերելու համար, իսկ Երևանի ավագանու ընտրությունները դիտարկում են որպես երկրում ավելի գլոբալ քաղաքական փոփոխությունների մեկնակետ։
«Մենք փորձելու ենք մնացած ուժերից տարբերվել մեր բառապաշարով, մեր ինտելեկտով, մեր վարք ու բարքով, առհասարակ հասարակության մեջ մեր պահվածքով։ Մեր յուրաքանչյուր քայլով փորձելու ենք մեր լուման ներդնել մեր քաղաքական դաշտի մեջ, որովհետև մեր պետությունը շատ կարևոր է մեզ համար»,-ասում է «Արդար Հայաստանի» ներկայացուցիչը։


«Արդար Հայաստանը» երիտասարդ կուսակցություն է, ձևավորվել է 2021-ին ու 2 ամիս անց մասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին։ Նորաստեղծ ուժի օգտին 2021-ին ձայն էր տվել ընտրությանը մասնակցածների 0.6 տոկոսը։ Ավագանու անդամի թեկնածու Ռաֆայել Հովհաննիսյանը վստահեցնում է՝ մեկ տարվա ընթացքում փորձ են կուտակել ու սեպտեմբերյան ընտրություններին ավելի պատրաստված են մասնակցելու։ Թե իշխանական, թե ընդդիմադիր բոլոր ուժերին մրցակից են համարում։
«Գնալով, իհարկե, ավելի է մեծանալու մեր փորձը, և մենք հավակնելու ենք մրցակցություն ստեղծել իշխանությանը և օրինական ճանապարհով դառնալ իշխանություն»։
«Արդար Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածուն կուսակցության նախագահ, փաստաբան Նորիկ Նորիկյանն է։ Նա «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակի տնօրենն է։ 2023-ի տարեսկզբից Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից զոհված 15 զինծառայողների ծնողների ներկայացուցիչն ու փաստաբանն է։