ԿարևորՀասարակություն

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում վերջին անգամ են նշել գիտելիքի, գրի ու դպրության տոնը

Նոր ուսումնական տարին Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում ոգևորությամբ չի ընդունվել, քանի որ կառավարության օգոստոսի 24-ի որոշմամբ այն միացվել է Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին: Դպրոցների վերակազմակերպման խնդիրը ԿԳՄՍ նախարարությունը բարձրացրել էր հունիսի սկզբին, ինչն ուղեկցվել էր բողոքներով:

Միավորումից հետո ուսուցիչների մի մասը կկորցնի աշխատանքը: Չնայած դպրոցների միավորման շուրջ թեժ քննարկումներին, նոր ուստարում 4-րդ ավագ դպրոց է ընդունվել 60 աշակերտ: Դիմորդներ չկան միայն բնագիտական հոսքում:

Նոր ուսումնական տարվա առաջին զանգն Արմավիրի թիվ 4 ավագ դպրցում վերջին անգամ հնչեց: Կառավարությունն օրեր առաջ որոշել էր այդ դպրոցը միացնել Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 դպրոցին: Արմավիրի երկու ավագ դպրոցների վերակազմակերպման նախագիծը հունիսի 2-ից հանրային քննարկաման էր դրվել, և չնայած քվերակողների 84 տոկոսը դեմ էր արտահայտվել, այնուամենայնիվ որոշումն ընդունվել է, և երկու ամիս ժամանակ է տրվել վերակազմակերպման համար:

Թիվ 4 դպրոցի տնօրեն Անի Քալաշյանն ասում է՝ չնայած նախատեսվող փոփոխություններին, դեռ մինչև կառավարության որոշումը իրենք նոր աշակերտներ են ընդունել.

«Այսքան աղմկահարույց դեպքերից հետո մենք ընդունեցիքն 60-ից ավելի աշակերտ: Գալիս էին, հարցնում, թե փակվում է դպրոցը, իսկ մենք դեռ ոչ մի նորություն չունեինք ու չգիտեինք, թե ինչ կլինի: Ընդունելություն էինք հայտարարել, աշակերտներին ընդունեցինք, նոր դասարններ ենք կոմպլեկտավորելու»:

Հիմա դպրոցում 220 աշակերտ է սովորում, դիմորդ չունեն միայն բնագիտական հոսքում: Տնօրենը վստահեցնում է, որ դպրոցների միավորումից չի տուժելու ուսումնական գործընթացը։ Բայց երկու ամիս հետո վարչական աշխատակազմն ու ուսուցիչների մի մասը կարող են գործազուրկ դառնալ.

«Վարչական աշխատողները՝ տնօրեն, փոխտնօրեններ, հաշվապահ, գրադարանավար, տնտեսվար, ուսումնաօժանդակ անձնակազմն են: Ես աշխատանքի ոչ մի առաջարկ չեմ ստացել: Առաջին դպրոցում ասացին, որ չունեն փոխտնօրենի հաստիք, ոչ էլ այլ աշխատանք է առաջարկվել: Ես մասնագիտությամբ հոգեբան եմ, բայց ինձ այդպիսի առաջարկ չի եղել»:

Աշխատանքային պայմանագրի դադարեցման առաջին ծանուցումը տրվել է դպրոցի վարչական կազմին: Լիլիթ Եփրեմյանը մասնագիտացված կրթական աջակցության գծով տնօրենի տեղակալն է, 20 տարվա աշխատանքային փորձ ունի: Ասում է՝ չնայած դպրոցի արտաքին անշուք տեսքին, ներսում միշտ ջերմ ու առողջ մթնոլորտ է տիրել.

«Մեր դպրոցի շրջանավարտները երբեք մեզնից ուղղակի չեն հեռանում, նրանք վերադառնում են դպրոց, դառնում մեր գործընկերները: Մենք բոլորովին այլ մշակույթով ենք այս դպրոցը ձևավորել. այն դարձել է բաց տարածք համայնքի զարգացման համար»:

Լիլիթ Եփրեմյանը նույնպես կարող է կորցնել աշխատանքը։

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում 44 հոգանոց աշխատակազմից 33–ը մանկավարժներ են։ Երկու-երեք ուսուցիչ արդեն ազատվել է աշխատանքից ու նոր աշխատանքի անցել, մյուսներն անորոշության մեջ են:

Պատմության ուսուցչուհի Նարինե Սարգսյան. «Մենք դեռ ծանուցում չենք ստացել, որ պետք է աշխատանքից ազատվենք և բոլոր ուսուցիչները չեն տեղավորվի աշխատանքի: Կան ուսուցիչներ, որոնք թերբեռնված են աշխատում և հնարավոր է՝ նրանք աշխատանք չունենան, իսկ այլ դպրոցում կտեղավորվեն՝ դեռ չգիտենք, անորոշ է: Միայն որոշակի է այն, որ դեռ երկու ամիս այստեղ պետք է լինենք»:

Մյուս պատմության ուսուցչուհի Ամալյա Գևորգյանը հույս ունի, որ աշխատանքը չի կորցնի.

 «Երկու ամիս առաջ ծանուցումը կտան, մենք կազատվենք աշխատանքից ու այլ դպրոց կգնանք, իսկ այլ հարց է, թե այդ դպրոցում աշխատանքի տեղ կլինի՞, որ մենք գնանք ու աշխատենք, կամ մյուս դպրոցներում: Հավաստի տվյալներ չունենք, թե 1-ին դպրոցում ինչ աշխատանք կա: Դա կլինի այն ժամանակ, երբ կոնկրետ մեզ կտեղեկացնեն ու կասեն»:

Արմավիրի մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Սոնյա Բուդաղյանը նշում է, որ ավագ դպրոցների վերակազմակերպումից հետո աշխատանք չունեցող ուսուցիչներին աշխատանք կառաջարկվի այլ դպրոցներում. մարզում 340 թափուր աշխատատեղ կա.

«Բնագիտամաթեմատիկական առարկաների ուսուցիչների թափուր հաստիքներ շատ ունենք, ինչպես նաև «Կերպարվեստ», «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտորա» … Գրեթե բոլոր առարկաների ուսուցիչների, բացի «Անգլերեն» ու «Հայոց լեզու» առարկաներից : Արմավիր քաղաքում մենք հիմա ունենք մաթեմատիկայի ու ֆիզկուլտուրայի ուսուցիչների թափուր հաստիքներ և պետք է հնարավորինս աջակցենք և ուսուցիչներին տեղավորենք աշխատանքի այլ դպրոցներում. դա կլինի քաղաքներում կամ այլ համայնքներում, ամեն դեպքում մենք կառաջարկենք»:

Այլ դպրոցներում առաջարկվող աշխատանքը կազմակերպվելու է մրցույթով: Սոնյա Բուդաղյանն ասում է, որ մրցույթում նախապատվությունը կտրվի թիվ 4 ավագ դպրոցի կամավոր ատեստավորում անցած ուսուցիչներին: Աշխատանք չեն ունենա «Հայոց լեզվի» 7 ուսուցիչները:

Back to top button