

Այլընտրանք սովորական պլաստիկին. Հայաստանում ևս փնտրում են այն։ Երիտասարդներից կազմված գիտական խումբը զբաղված է կենսապլաստիկ արտադրող մանրէների անջատմամբ, ապա պետք է առանձնացվի այդ կենսապլաստիկը, հետո բնութագրվի, վերջում մոդիֆիկացիայի ենթարկվի․ ակնկալվող վերջնարդյունքը կայուն կենսապոլիմեր ստանալն է, որը կկիրառվի տարբեր ոլորտներում։
Արդեն առանձնացրել են երկու շտամներ, որոնք պատկանում են բացիլուս (Bacillսs) ցեղին։ Հայ կենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի ավագ գիտաշխատող Անի Պալոյանը պատմում է․
«Մի հետաքրքիր հատկություն ենք նկատել այդ շտամների մոտ․ երբ դրանք աճում են աղի բարձր կոնցենտրացիա պարունակող սննդամիջավայրում, այդ շտամները սև գունավորում են ստանում։ Հետագայում պարզվեց, որ այդ գունավորումը կարող է պայմանավորված լինել այդ շտամների առանձնահատկությամբ, որ նրանք կարող են իրենց մեջ կուտակել այդ կենսապլաստիկ ասվածը։ Մենք հատուկ ներկերի՝ լյումինեսցենտային մանրադիտակային հետազոտության արդյունքում կարողացանք ցույց տալ, որ բջջի ներսում ունենք կուտակումներ, որոնք խոսում են կենսապլաստիկի առկայության մասին»։
Գիտական խմբում օգտագործում են էքստրեմալ պայմաններ՝ աճի տարբեր ջերմաստիճաններ, փորձում են հասկանալ, գնահատել տվյալ մանրէի աճը, կենսապլաստիկ սինթեզելու ունակությունը։ Գիտնականն արձանագրում է՝ գիտական տարբեր խմբեր են զբաղվում կենսապլաստիկ անջատող շտամներով, բայց այսպիսի հետաքրքիր գունավորում դեռ չի նկատվել․
«Մեզ մոտ այն տեսակներից է, որը գունանյութ է պարունակում։ Մենք ակտիվ համագործակցում ենք գիտական այլ խմբերի հետ», – ասում է Անի Պալոյանը։
Սկզբում մանրէն աճեցնում են պինդ միջավայրում, ապա հեղուկ․ աճելուց հետո հեղուկ միջավայրը նույնպես սև գունավորում է ստանում։ Հետազոտողները փորձում են նաև կիրառել լուծիչների տարբեր համակարգեր, որպեսզի կարողանան պոլիմերը արդյունավետ կերպով առանձնացնել ու մաքրել։
Անի Պալոյանն ընդգծում է․ «Մեզ նախ հետաքրքրեց գույնը, հետագայում, երբ գույնի փնտրտուքների հետևից գնացինք, հասկացանք, որ հետևում մի ավելի հետաքրքիր բան է թաքնված։
Ծախսատար է աճեցման սննդամիջավայրի փուլը, այժմ փորձում են պանրի թափոնում՝ շիճուկում աճեցնել, ու եթե ստացվի, ապա կենսապլաստիկն ավելի ցածր ինքնարժեք կունենա։
Հայ կենսատեխնոլոգիա գիտարարտադրական կենտրոնի սպիտակուցային տեխնոլոգիաների լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Տիգրան Սողոմոնյանը պատմում է՝ ծրագրի շրջանակներում աշխատանքները հստակ բաժանված են։
Ամեն մեկն ունի իր տեղն ու դերը։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կենսապլաստիկի կիրառությունը մեծանում է։ Նախկինում դրանց ինքնարժեքը բարձր էր, ուստի կիրառվում էր հիմնականում առողջապահության ոլորտում։ Այս հետազոտությունն էլ իրականցնում են ՀՕՖ-ի Գիտության ու կրթության ազգային հիմնադրամի՝ ԱՆՍԵՖ-ի տրամադրած 5000 դոլար դրամաշնորհի միջոցով։ Ծրագրի իրականացման համար ունեն մեկ տարի ժամանակ։