ԿարևորՀասարակություն

Պաշտոնյաներ, կրիպտոարժույթ և անանուն նվիրատվություններ․ 2-րդ քվեաթերթիկը «Քաղաքացիական պայմանագրինն» է

Երևանի ավագանու ընտրություններին ամենամեծ ցուցակը ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Ռադիոլուր»-ի խոշորացույցի տակ այսօր հենց իշխող քաղաքական ուժն է՝ իր նախընտրական ցուցակով ու ծրագրային կարևոր դրույթներով։ Երկրորդ քվեաթերթիկը  «Քաղաքացիական պայմանագրինն» է։

Կառավարող կուսակցությունը Երևանի ընտրություններում ներկայանում է պաշտոնյաների տպավորիչ կազմով․181 հոգանոց ցուցակի գերակշիռ մասը պաշտոնյաներ են, պետական մարմինների աշխատակիցներ, ներկայացված են նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարները։

Իգական սեռի ներկայացուցիչները ցուցակում 61-ն են, գործազուրկները՝ 17-ը, 25-ը գործարար ոլորտից են՝ հիմնականում տարբեր ընկերությունների տնօրեններ,  մանկավարժներն 8-ն են։ Ցուցակում քիչ չեն նաև խորհրդարանի աշխատակիցները՝ ԱԺ նախագահի ռեֆերենտ, փորձագետներ, աշխատակազմի ղեկավարի կամ պատգամավորի օգնականներ։

ՔՊ-ի ցուցակի առաջին համարը Երևանի գործող փոխքաղաքապետ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն է։

«Երբեք չեմ պատկերացրել, թե ինչպիսին պետք է լինեմ հանրային առումով: Չեմ մտածել այդ ուղղությամբ: Իրականում, տարբեր մեկնաբանություններ կան, բայց եթե իմ հիմիկվա կերպարը դատեմ ու փորձեմ համեմատել իրականության հետ, բոլոր ուղղություններով մի փոքր չափազանցություններ կան: Օրինակ, հայտնի խոսակցությունը կա, որ ես այսպես ասած «գորշ կարդինալ» եմ և ինչ-որ բաներ կառավարում եմ ստվերային ձևով: Իրականում այդպես գորշ չեմ եղել, դա իմ լիազորություններից է բխել այդ կառավարումը իրականացնելը»:

Որպես փոխքաղաքապետ Ավինյանը փորձեց ավելի մոտ լինել քաղաքացիներին: Օրինակ՝ վերջերս, առանց համապատասխան վարորդական իրավունքի վարեց Երևանի վերջին ԳԱԶԵԼ-ը։ Չի վստահում ոչ մի սոցիոլոգիական հարցման՝ հիմնավորելով, թե գիտի դրանց կազմելու մեթոդները և վստահ է, որ իր վարկանիշով այս ընտրություններում անցողիկ տեղում է:

Ուշագրավ է նաև Տիգրան Ավինյանի՝ ԿԸՀ ներկայացրած հայտարարագիրը: Նա միակն է քաղաքապետի թեկնածուներից, որ կրիպտոարժույթ ունի։ Հայտարարագրել է 2․40 բիթքոին, 13․9 մլն դրամ և 3 100 դոլար։ Բիթքոինի առքուվաճառքից Ավինյանը ստացել է 7․2 մլն դրամ։ Անցած 1 տարում եկամուտ է ունեցել «Հայբիզնեսբանկից»՝ որպես խորհրդի անդամ և Երևանի քաղաքապետարանից՝ աշխատավարձի տեսքով։ Նաև 11 մլն դրամ նվիրատվություն է ստացել հորից: Ավինյանը բնակարան կամ առանձնատուն չի հայտարարագրել, բայց ունի ավտոտնակ Խանջյան փողոցում և 2022 թ․ արտադրության Volkswagen ID4 մակնիշի ավտոմեքենա։

ՔՊ ցուցակում Տիգրան Ավինյանին հաջորդում է արտակարգ իրավիճակների նախկին նախարար Արմեն Փամբուխչյանը, երրորդը, որն օրենքի պահանջով  պետք է կին լինի, երևանի գործող ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանն է։ Նա ԱԺ իշխանական  պատգամավոր Ծովինար Վարդանյանի քույրն է: Չորրորդը ցուցակում քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանն է, նրան հաջորդում է տեղակալը` Սուրեն Գրիգորյանը։ 181-րդը՝ ցուցակում վերջինը, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Խորեն Գրիգորյանն է:

Իր պաշտոնի առանձնահատկություններից ելնելով այժմ կարող է հաստատել՝ Թամանյանի նախագծած և այժմյան Երևանը տարբեր քաղաքներ են։

«Մենք միշտ խոսում ենք Երևանի մասին, Թամանյանի մասին ու չենք ուզում ընդունել, որ Թամանյանի Երևանը 150 հազար հոգու համար նախատեսված Երևան էր, որը ընթացքում սկսեց աճել, աճել, աճել, մնաց թամանյանական կենտրոնը և խորհրդային տարբեր տարիներին քաղաքաշինությամբ աճած Երևանը: Բայց ենթակառուցվածքների, նույն ճանապարհային ցանցի առումով Երևանը պատրաստ չէ, Երևանի կենտրոնը պատրաստ չէ այդքան մեքենա ընդունելու: Թվեր կարող եմ ասել, օրինակ 1 ժամվա մեջ Մյասնիկյան պողոտայում պիկ ժամերին 2-3 հազար մեքենա բարձրանում և իջնում է: Նմանատիպ հաշվարկ Երևանի քաղաքաշինական առումով հաշված չի եղել: Անընդհատ Երևանի աճելուն զուգահեռ մենք պետք է նաև ունենանք այդքան մարդուն Երևանում սպասարկելու հնարավորություն»:

Հանրությունը հատկապես սոցցանցերում շատ քննարկեց թատրոնի և կինոյի դերասանուհի Տաթև Հովակիմյանի մուտքը քաղաքականություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միջոցով: Նա ցուցակի անցողիկ տեղում՝ 12-րդն է: Մի շարք օգտատերեր, սակայն, քննադատեցին դերասանուհու որոշումը, ինչին ի պատասխան Տաթևը գրեց. «Ինձ մի՛ ափսոսացեք ու մի քաղաքականացրեք, որովհետև ես այլ տեղում եմ»:

ԿԸՀ ներկայացրած հաշվետվություններից պարզ է դառնում նաև, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ն այս ընտրությունների ամենահարուստ կուսակցությունն է: Կուսակցության հայտարարագրի համաձայն՝ անդամավճարներից և նվիրատուների կողմից փոխանցված գումարներից կուսակցությունն ունեցել է 586 միլիոն դրամից ավելի եկամուտ:

Թե ովքեր չեն խնայել իրենց միջոցները՝ նվիրաբերելով իշխող ուժին, Երևանի քաղաքապետի թեկնածուն խոստանում է գաղտանզերծել, եթե հարկ լինի։

«Իրականում այդ գումարները, որոնք ստացել է ՔՊ կուսակցությունը, մեկ, երկու, երեք, նույնիսկ տասը հոգուց չեն: Ստացել է հազարից ավելի մարդկանցից: Հետևապես, ես որևէ խնդիր չեմ տեսնում, եթե այդ մարդիկ չեն առարկում, իրենց անունները ձեզ տրամադրել»:

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ընտրողներին ներկայանում է 30 էջանոց նախընտրական ծրագրով։ Առաջարկում է 19 ծրագիր իրականացնել մայրաքաղաքում՝ օդի աղտոտվածությունից, թվայնացումից մինչև նոր ճանապարհների ու նոր թաղամասերի կառուցում։ Մասնավորապես՝  խոստանում են վերսկսել և մինչև 2027թ. ավարտել Կոնդ թաղամասի վերափոխման գործընթացը, մինչև 2028թ. ավարտին հասցնել Երևանի կենտրոնում գտնվող Նորագյուղ թաղամասի զարգացման ծրագիրը, մինչև 2024թ. ամբողջությամբ փոխել Հին Նորքի ենթակառուցվածքները և տարածքի կոլորիտին համապատասխան սալիկապատել ամբողջ թաղամասի փողոցները, անավարտ մնացած 8 հա տարածքում ավարտել Կասկադ համալիրի կառուցումը։ «Ասենք, կանենք» կարգախոսով առաջնորդվող ՔՊ-ն չի բացառում, որ քարոզարշավի արդյունքներով փոփոխություններ անի  ծրագրում։

Back to top button