Վանաձորում բացվել է նախադեպը չունեցող հիստոպաթոլոգիայի գերժամանակակից լաբորատորիա


Վանաձորի բժշկական կենտրոնում բացվել է հյուսվածքաախտաբանական գերժամանակակից լաբորատորիա։ Այն հնարավոր է դարձել «Ազնավուր» հիմնադրամի և Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան համագործակցության արդյունքում։ Առողջապահության ոլորտի պատասխանատուները վստահեցնում են, որ նման լաբորատորիաները միտված են մարզերում առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը և համաչափ առողջապահության զարգացմանը:
Դեռ 2022 -ից «Ազնավուր» հիմնադրամի և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության միջև սկիզբ առած համագործակցության արդյունքում Վանաձորն ունեցավ հերթական թանկարժեք նվերը՝ հիստոպաթոլոգիայի նոր լաբորատորիա:
Աշխարհահռչակ գերմանական Լեյկա բրենդի սարքավորումներով հագեցած լաբորատորիան հնարավորություն կտա հյուսվածքաբանական և ախտորոշիչ հետազոտություններն իրականացնել ավելի որակով ու սեղմ ժամկետում: Վանաձորի ԲԿ օնկովիրաբույժ Գոռ Գոգչյանն ասում է՝ եթե նախկինում նման հետազոտությունների համար գրեթե 2 շաբաթ էր պահանջվում, այժմ՝ հաշված օրեր: Վարդուշ Եղիազարյանը 20 տարուց ավելի է հիստոպաթոլոգիայի բաժանմունքում է աշխատում: Նախկինում, ասում է, հետազոտվող նյութի հետ աշխատանքը ժամանակատար էր: Այժմ աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա։






Վարդուշ Եղիազարյան․ «Նախկինում ես էս ամեն ինչը ձեռքով եմ արել, հիմա ավտոմատ է արվում»։
Նման լաբորատորիա ունենալը մեր երազանքն էր, ասում է Վանաձորի ԲԿ տնօրեն Վահագն Մկրտչյանը: Լաբորատորիայի առկայությունը թույլ կտա մեզ տեղում կատարել այնպիսի կարևոր բարդ հյուսվածքաբանական հետազոտություններ, որոնք մինչև օրս մայրաքաղաքում էին արվում: Մարդիկ ստիպված էին լինում սպասել, այն դեպքում, երբ կարիք կար շտապ բուժօգնության կամ վիրաբուժական միջամտության:
«Ավելի ավտոմատացված է, որակը մի քանի քայլ բարձրանում է, ժամանակը կրճատվում և լրիվ համահունչ է միջազգային ստանդարտներին: Էս նույն սարքերով աշխատում են աշխարհի ցանկացած լավ կլինիկայում, Եվրոպա, ԱՄՆ, Կանադա, Ճապոնիա»:






ՀՀ-ում ճապոնիայի արտակարգ դեսպան Մասանորի Ֆուկուսիման ներկաներին հայերեն ողջունելով հույս է հայտնում, որ Մարդկային անվտանգության ծրագրերի դրամաշնորհային աջակցության շրջանակում տրամադրված թանկարժեք սարքավորումները կծառայեն առողջապահական ոլորտի ծառայությունների որակի բարձրացմանը։
«Ուրախ եմ հայտարարել, որ մարդկային անվտանգության ծրագրի շրջանակում դրամաշնորհային աջակցությունը տրամադրվել է Վանաձորի բժշկական կենտրոնին, ինչը կօգնի մայրաքաղաքից դուրս ապրող բնակչության համար ստեղծել հավասար հնարավորություններ, ինչպես նաև տրամադրել նոր գործիքներ բժշկական անձնակազմին հիստոպաթոլոգիական լաբորատորիան պատշաճ կերպով գործարկելու համար»:






Նոր լաբորատորիայում հնարավոր կլինի անցկացնել բարդ հյուսվածքաախտաբանական հետազոտություններ և իրականացնել ճշգրիտ ախտորոշումներ՝ առավելագույնի հասցնելով բժշկական հետագա ներազդեցության արդյունավետությունը: Սա աննախադեպ է այն առումով, ասում է առողջապահության փոխնախարար Արմեն Նազարյանը, որ ոչ մի մարզում նման ծառայություն չկա: Վանաձորի ԲԿ-ն պատահական չի ընտրվել: Լաբորատորիան տարեկան շուրջ 5000 բուժառուի՝ Լոռու և հարևան մարզերից արդիական ախտորոշիչ ծառայություններ կմատուցի՝ մեծապես նպաստելով որակյալ առողջապահական ծառայությունների ապակենտրոնացմանը:






Արմեն Նազարյան, առողջապահության փոխնախարար․ «Մարզային օղակում սա առաջինն է և իր տեսակով ոչ բոլոր բժշկական կենտրոններինն է անհրաժեշտ: Հետագայում մենք քննարկելու ենք նման կառույցներ մարզային մակարդակով ունենալ, որովհետև ինքնին նեղ մասնագիտացված ծառայությունը պետք է ունենա որոշակի ծավալ և համապատասխանի որոշակի թողունակության, որ տվյալ ծառայությունը ձեռնտու լինի բժշկական կենտրոնին»:
«Ազնավուր» հիմնադրամի տնօրեն Քրիստինա Ազնավուրն ասում է, որ Վանաձորի բուժկենտրոնի հետ համագործակցությունը շարունակական կլինի՝ ելնելով կարիքներից: Կառավարության զարգացման ծրագրերով նախատեսված են շուրջ 50 բժշկական կենտրոնների կառուցման ու նորոգման, վերազինման աշխատանքներ: Դրանց զգալի մասն ընթացքի մեջ են: