

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու նպատակով ձևավորված «Հայաքվե» նախաձեռնությունը հավաքել է օրենքով անհրաժեշտ 50 հազար ստորագրություններից ավելի՝ 58 000 և դրանք ներկայացրել ԿԸՀ։ Կառույցը մեկ ամիս ժամանակ ունի ստորագրությունները ստուգելու և Ազգային ժողով ուղարկելու համար։
«Հայաքվե»-ի 5 արկղերը 58 հազար ստորագրությամբ այսօր հանձնվեցին ԿԸՀ։ Հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը և նախաձեռնության մի քանի անդամներ ստորագրեցին արկղերը։
«Սեպտեմբերի 4-ին արկղերը կբացվեն ու կսկսվի ստորագրությունների ստուգումը։ Հատուկ ծրագիր է պատվիրել ԿԸՀ- ն՝ ստորագրությունները ստուգելու համար։ Միակ խնդիրը կարող է լինել այն, որ ծրագիրը վերջնական պատրաստ չլինի, հակառակ դեպքում, եթե խնդիր չլինի, երկուշաբթի ժամը 11։00-ին կսկսվի ստուգումը»,- ասաց Արմեն Սմբատյանը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում, կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։ Ի դեպ, նախաձեռնության առնվազն երկու ներկայացուցիչ կարող է ներկա լինել ստորագրությունների ստուգմանը։


Նախաձեռնության հեղինակ Ավետիք Չալաբյանը սխալի հավանականությունը 0,5 տոկոս է գնահատում։ Ասում է՝ իրենք ստուգել են բոլոր ստորագրությունները, նույնականացրել փաստաթղթերը, դրանք էլեկտրոնային տարբերակով պահվում են նախաձեռնության հեղինակների մոտ:
«Սա մի քիչ երկար գործընթաց է, ու մարդիկ տարակուսում են՝ ինչո՞ւ է այդքան երկար տևում։ Ժամկետները օրենքով է նախատեսած։ Էն պահից սկսած, երբ մենք քաղաքացիների ստորագրությունների վավերացումը ստանանք, օրենքի նախագծով կմտնենք Ազգային ժողով։ Մենք շատ վճռական ենք տրամադրված, որ օրենքի նախագիծը ընդունվի»։
«Հայաքվեի» հեղինակները՝ հանրային, մշակույթի գործիչներ, նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ, առաջարկում են Քրեական օրենսգրքում լրացում կատարել և Հայաստանի անունից Արցախն Ադրբեջանի մաս ճանաչող պաշտոնատար անձանց համար պատիժ սահմանել՝ 10-ից 15 տարվա ազատազրկում։ Նախաձեռնող խումբը ստորագրությունների հավաքման համար ուներ 60 օր՝ հունիսի 21-ից օգոստոսի 19-ը ներառյալ։ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Հայկ Մամիջանյան


«Հայաքվե» նախաձեռնությունը պարզապես ավելացնում է պատիժ այն նորմին, որը կա ՀՀ Սահմանադրության մեջ։ Ու այն պաշտոնյան, որը կհանդգնի հայտարարել, որ Արցախը կարող է լինել Ադրբեջանի կազմում, պիտի պատիժ կրի թե՛ իրավական, և թե՛ բարոյական»։
Նախագծում կա ևս մեկ կետ՝ Հայոց ցեղասպանության նշանակությունը նսեմացնող գործողությունների քրեականացում:
Եթե Ազգային ժողովը մերժի նախագիծը, ապա արդեն պետք է 300 հազար ստորագրություն հավաքվի։ Այդ դեպքում նախագիծը կդրվի հանրաքվեի: Բավարար ձայներ ստանալու դեպքում այն օրենքի ուժ կստանա: