Հաշված ժամանակ է մնացել. Փարիզի քաղաքապետն ուղեկցում է Լեռնային Ղարաբաղ ուղևորվող հումանիտար բեռը


Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն X-ի (Թվիթերի) իր էջում Հայաստանում արված լուսանկար է հրապարակել` կից գրելով.
«Հայաստանում եմ` Փարիզի և այլ համայնքների ընտրված պաշտոնատար անձանց հետ: Արցախի 120 000 հայեր, այդ թվում` 30 000 երեխաներ, 9 ամիս շարունակ մեկուսացված են, մատնված են սովի և զրկված են ամեն ինչից: Այս հումանիտար աղետի հետ կապված` մենք նրանց հումանիտար օգնություն ենք մատակարարում: Հաշված ժամանակ է մնացել»:
Հայաստանի կառավարությունը շուրջ 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն բեռնատարների շարասյունը հուլիսի 26-ից կանգնած է Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանն արգելում է դրանց մուտքը Լեռնային Ղարաբաղ։
Ֆրանսիայի հումանիտար օգնությամբ առաջին բեռնատարը Հայաստանի ուղարկած օգնությամբ բեռնատարների շարասյանն էր միացել օգոստոսի 9-ին։