ԿարևորՀասարակություն

2–րդ , 5–րդ և 7–րդ դասարանների դասագրքերն այս տարի ուշ կհասնեն դպրոցներ

Նոր ուսումնական տարին մեկնարկում է մի քանի նոր ծրագրերով։ Առաջին ու կարևոր փոփոխությունը հանրապետության բոլոր դպրոցներում 2–րդ, 5–րդ, և 7–րդ դասարաններում  հանրակրթության պետական չափորոշիչների ներդրումն է։ Դրանք նախապես  կիրառվել են Տավուշի դպրոցներում։ Չափորոշիչների ներդրումը ենթադրում է նաև դասագրքերի փոփոխություն։ Ուսումնական տարվա սկզբին դասագրքերը դպրոց չեն հասնի, քանի որ դեռևս տպագրության փուլում են։ 

2–րդ , 5–րդ և 7–րդ դասարանների  դասագրքերն այս տարի ուշ կհասնեն դպրոցներ։ Դրանք դեռևս տպագրության փուլում են։ Համալրումը կլինի ամբողջ սեպտեմբերի ընթացքում՝  ամենշաբաթյա պարբերականությամբ՝ ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը։ Մյուս դասարաններում ուսումնական գործընթացը կշարունակվի գործող դասագրքերով։ Դասագրքերի էլեկտրոնային տարբերակները հասանելի կլինեն Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի շտեմարանում և ուսուցիչների էլեկտրոնային մատյաններում՝ ասում է փոխնախարարը։

«Մենք ունենք էլեկտրոնային մատյաններ։ Տվյալ առարկայի ուսուցիչը էլեկտրոնային մատյանը բացելիս անմիջապես տեսնելու է էլեկտրոնային դասագիրքը։ Եվ այդ դասագրքերի օգնությամբ ուսուցիչները կկազմակերպեն դասապրոցեսը։ Միգուցե հնարավոր լինի որոշ էջեր տպագրել և մինչ դասագրքերի առաքումը բաժանել երեխաներին։ Այս մասին խոսել ենք նաև տնօրենների հետ։ Եթե առանձին էջերի տպագրության կարիք լինի, կկազմակերպվի դպրոցի գործունեության շրջանակում։ Այսինքն՝ սա որևէ կերպ ծնողի համար բեռ չի դառնա»։

Դասագրքերն ուշանում են, որովհետև դրանց համար հայտարարված մրցույթը երկարացվել է դասագրքեր կազմող խմբերի խնդրանքով՝ ասում է փոխնախարարը։ Սահմանված ժամկետում հնարավոր չի եղել դասագրքերը վերջնական տեսքի բերել։ Մրցույթի արդյունքներն ամփոփվել են այս տարվա գարնանը։ Փորձաքննություն անցնելուց հետո գրքերն արդեն տպարաններում են։

«Շուրջ 17 տարի մեր երկրում դասագրքերի ստեղծման գործընթաց չէր իրականացվել։ Մենք խնդիր ունեինք ինչպես դասագրքաստեղծ խմբերի ձևավորման, այնպես էլ  դասագրքերի փորձաքննության կազմակերպման առումով»։

Դասագրքերի պատրաստ չլինելու պատճառով հանրակրթության պետական չափորոշիչն այս տարի չի ներդրվի 10–րդ դասարանում։ Այս դասարանում այն կներդրվի հաջորդ տարի՝ 3–րդ, 6–րդ, 8–րդ դասարանների հետ միասին։ Ուշացումով դպրոցներ մտնող դասագրքերը, ըստ փոխնախարարի, փորձնական են։ Սպասելու են ուսուցիչների, աշակերտների ու ծնողների արձագանքին։

«Մենք շատ կարևորում ենք ուսուցիչներից, մասնագիտական հանրույթից, ծնողական համայնքից եկող արձագանքը։ Դա կարևոր նշանակություն է ունենալու այն տեսակետից, որ դա ավելի կհստակեցնի այդ դասագրքերի հետագա ճակատագիրը։ Դրանով մեզ համար ավելի հստակ կդառնա, թե որ դասագրքերն են ավելի արդյունավետ , որոնք կշարունակվեն գործածվել, որ դասագրքերն են, որ խմբագրման կարիք ունեն կամ ընդհանրապես կհանվեն դպրոցներից»։

Ավելին՝ չափորոշիչների անցած դասարաններում կան առարկաներ, որոնք ընդհանրապես չունեն դասագրքեր։ Դրանց համար կամ մրցույթին հայտ չի ներկայացվել, կամ ներկայացվածները չեն համապատասխանել պահանջներին՝ ասում է կրթության ոլորտը համակարգողը։ 

«Այդ առարկաների դասագրքերի համար մշակվել են ուսումնական նյութեր։ Այդ դասարաններում ևս ուսումնառությունը կկազմակերպվի նախկին գործող  դասագրքերի և առկա մշակված ուսումնական նյութերի համադրությամբ։  Այս մասին իրազեկված են թե՛ ուսուցիչները, թե՛ տնօրենները»։

Ինչո՞ւ է շտապում նախարարությունը՝ հարցնում  է կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը։ Նրա գնահատմամբ՝  փոփոխություններին պատրաստ չեն ո՛չ նախարարությունը, ո՛չ էլ դպրոցներն ու երեխաները։

«Պարզ է, որ թերացումներ կան։ Եթե չեն հասցրել դասագրքերը երեխաներին, ընդ որում՝ ուսումնական տարվա սկզբից, դա նշանակում է խաթարել ուսումնական ողջ գործընթացը։ Դա նշանակում է մի ամբողջ տարի ենք կորցնելու։ Արդյո՞ք խելամիտ չի լինի խոստովանել, որ լավ չենք նախապատրաստվել և մեկ տարով հետաձգել այդ որոշման իրականցումը»։

Նոր դասագրքերը, կրտսեր դպրոցում գնահատականներից  հրաժարվելը փոփոխություններ են, որոնք փուլ առ փուլ պետք է իրականացվեն՝ ասում է կրթության փորձագետը։

«Մենք չենք կարող շատ արագ այդ փոփոխություններն անել, և այն ուսուցիչը, օրինակ, որը երեկ լրիվ ուրիշ համակարգով էր գնահատում կամ լրիվ ուրիշ մտածողությամբ էր մոտենում  դասին, դժվար թե մեկ օրվա ընթացքում ամբողջությամբ վերափոխվի և կարողանա արդյունավետ աշխատել»։   

Ի պատասխան այս դիտարկումների՝ նախարարությունում  պնդում են՝ նոր համակարգի ներդրումը նախապատրաստական երկարատև փուլ է անցել։

Back to top button