ԿարևորՀասարակություն

Քվեաթերթիկ համար 1․ «Հանրային ձայն»

Երևանի ավագանու սեպտեմբերի 17-ի ընտրությունների ընդառաջ ներկայացնում ենք ընտրարշավի մասնակից քաղաքական ուժերին, նրանց նախընտրական ծրագրերն ու այն թիմերը, որոնցով մասնակցում են պայքարին։ Շարքը ներկայացնում ենք քվեաթերթիկների՝  վիճակահանությամբ պարզ դարձած համարների հերթականությամբ։ 

Ցանկում առաջինը «Հանրային ձայն» կուսակցությունն է։

Երևանի ավագանու ընտրություններում թիվ մեկ քվեաթերթիկը «Հանրային ձայն» կուսակցությանն է։ Այն քաղաքական դաշտի նորեկներից է։ Որպես կուսակցություն մեկ տարվա կենսագրություն ունի․ հիմնադիր համագումարը 2022–ի ամռանն էր։

Կուսակցության նախագահը Վարդան Ղուկասյանն է։ Քննչական կոմիտեի վարույթում քննվող գործի շրջանակում Ղուկասյանը մեղադրվում է շորթման, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի, տարբեր մարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչերի համար։ Ղուկասյանն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ցուցակի առաջին համարն ու կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտակ Գալստյանն  է։ Նա կալանավորված է։ Մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու մեջ։ Քրեական գործը հարուցվել է 46 դրվագով։ Ի դեպ՝ ավագանու թեկնածուների ցուցակն էլ կազմված է 46 անդամից։

Արտակ Գալստյանի՝ ԿԸՀ  ներկայացրած հայտարարագրից  տեղեկանում ենք, որ գույք, եկամուտ ու աշխատանք չունի։ Հայտարարագրի առաջին էջում լրացված է միայն բնակության հասցեն։

Ցուցակում երկրորդը  Տիգրան Ուրիխանյանն է։ Քաղաքական հարուստ կենսագրություն ունեցող գործիչ է։ 2012–2017թթ․ և 2018 թ․–ին եղել է ԱԺ պատգամավոր։ Դեռ 2000–ին ստեղծել է Հայաստանի  առաջադիմական կուսակցությունը, այնուհետև անդամակցել ԲՀԿ –ին, հետո՝ «Ծառուկյան» դաշինքին, ապա ձևավորել «Ալյանս» կուսակցությունը։ Մասնակցում է Երևանի ավագանու ընտրություններին «Հանրային Ձայն» կուսակցության ցուցակով՝ որպես «Այլանս» կուսակցության ղեկավար։ Այս կուսակցության ևս երեք անդամ ընդգրկված են ցուցակում։ Տիգրան Ուրիխանյանն իր մեկնաբանությունն ունի, թե ինչու է տարբեր կուսակցությունների անդամակցել ու հիմա ընտրել «Հանրային Ձայնը»։

«Էս թողենք մի կողմ, թող լինի 48-րդը։ Դրանից ոչինչ չի փոխվում։ Ինձ  «Հանրային ձայն» բերել են գաղափարական մոտեցումները։ Իշխանափոխության ու արդարացի  պատժի գաղափարն է մեզ միավորել»։ 

«Հանրային ձայն» կուսակցության նախընտրական ցուցակում նաև կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի որդին ու եղբայրն են, որոնք նույնպես գործազուրկ են։ Ընդհանրապես այս ցուցակում ընդգրկված  46 անդամներից 28-ը զբաղվածություն չունի։

Ուրիխանյանն ասում է՝ նաև այս փաստը հաշվի առնելով  է անհրաժեշտ իշխանափոխությունը, որ գործազրկության ցուցանիշը նվազի։

Կուսակցությունն ակտիվ քարոզարշավ չի իրականացում։ Ուրիխանյանը զարմանում է՝ ո՞վ  է որոշում ակտիվության ցուցանիշը։

«Ակտիվությունն ակտիվաչափո՞վ են չափել։ Բոլորին հորդորում եմ դիտել իմ բացահայտումների շարքը»։

«Հանրային ձայնն» իր ծրագրերի մասին երևանցիներին կպատմի սոցիալական էջերով ու թռուցիկներ բաժանելով։ Բակային հանդիպումներն արդյունավետ չեն համարում։  

Ցուցակում  8-րդը «Յանդեքս» ընկերության ավտոպարկի տնօրեն, անկուսակցական  Ալբերտ Մովսիսյանն է։  Ասում է՝ չեն խուսափում մարդկանց հետ հանդիպումներից։  Ժողովուրդն  իրենց ծրագրերի մասին տեղյակ է ու ամեն ինչ շատ լավ գիտի ։

«Այդ քայլերով հարց չի լուծվում, որ ընտրությունից ընտրություն՝ 4-5 տարին մեկ անգամ, շրջեն բակերով , ժողովրդին մոտենան ու ասեն՝ բարև ձեզ, ոնց ե՞ք։ Մենք ամեն օր ժողովրդին տեսնում ենք ու ասում ենք ո՞նց եք»։

Մովսիսյանին նաև զարմացնում են թեկնածուների այն խոստումները, թե մանկապարտեզ են վերանորոգելու,  ճանապարհ են սարքելու կամ տրանսպորտի հարց  են լուծելու։

«Դրանք պարտավորություններ են, որոնք քաղաքապետարանը պետք է անի։ Բայց կան խնդիրներ, որոնց մասին չենք բարձրաձայնում»։

«Հանրային ձայն»–ի ներկայացրած ծրագիրը հակիրճ է, բայց  անդրադարձ կա բոլոր ոլորտներին՝ էկոհամակարգի վերականգնումից  մինչև  ֆինանսական վերահսկողություն։ Օրինակ՝ «Թույլտվությունների տրամադրում և պետական գույքի վերահսկում» բաժնում  ի թիվս այլ դրույթների սևով սպիտակի վրա գրված է․ «Ոչ մի արտոնություն պաշտոնյաններին»։

«Մեր կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, երբ որպես քաղաքապետ  հանդես գա քաղաքապետարանում,  այդ կետերից բացի շատ-շատ այլ  կետերի մասին կխոսի։ Եթե մենք բոլորը գրեինք, բուկլետի վրա չէին տեղավորվի»։

Չնայած քարոզարշավի ընթացքում քաղաքական ուժը երևանցիների հետ քիչ է հանդիպում, բայց նախընտրական ծրագրում խոստանում է՝  ընտրվելու դեպքում պարբերական ու շարունակական հանդիպումներ է ունենալու Երևանի բնակիչների հետ։

Back to top button